Լրահոս

17.03.2010 19:16


Արծվիկ Մինասյանը քննադատել է կառավարության գործունեությունը

Արծվիկ Մինասյանը քննադատել է կառավարության գործունեությունը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը դիտարկում է արել, որ միջազգային որևէ փորձ չկա, որը կարող է վկայակոչել, որ միայն 10 տոկոս և ավելի գնաճի դեպքում է գործում ինդեքսավորման մեխանիզմը, ավելին՝ կա փորձ, որը վկայում է, որ բնական գնաճի դեպքում յուրաքանչյուր տարի ավտոմատ ինդեքսավորման հնարավորություն է նախատեսվում։ Բացի դրանից, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է օրենք նաև աշխատավարձերի ինդեքսավորման մասին, որը պետք է ներկայացնի կառավարությունը։

Ինչ վերաբերում է գնաճի քաղաքականությանը, Ա. Մինասյանը նշել է, որ, ցավոք, Հայաստանում այդպես էլ չի հաջողվել արդյունավետ կառավարում կամ միջամտություն իրականացնել գնաճի այն ռազմավարության ներքո, որը ներդրվում է։

Վերոնշյալ դիտարկումներին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ համամիտ չէ, քանի որ միջազգային փորձը բազմազան է, և աշխատավարձի ինդեքսավորումն իր մեջ ինֆլյացիոն ռիսկեր է պարունակում, ինչը շատ ավելի վտանգավոր է և հղի է մակրոտնտեսական կայունության խարխլմամբ։ Երկրում, որտեղ բավական կայուն ինֆլյացիոն ֆոն է եղել, ինդեքսավորման քաղաքականության իրականացումն արդարացված չէ։

Նախարարի պատասխանին Արծվիկ Մինասյանը հակադարձել է, որ ՀՀ այս կառավարությունն իր քաղաքականությամբ երբևէ չէր կարող ապահովել եկամուտների իրական բարձրացում. ստվերը, կոռուպցիան և մնացած բացասական երևույթներն են, որ, Ա.Մինասյանի խոսքերով, բերում են գնաճի իրական բարձրացման հնարավորության ուժգնացմանը։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը