Լրահոս

18.03.2010 09:21


Ռուսաստանում Հայաստանի դեսպանը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Մարտի 15-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը ընդունեց քաղաքավարության այցով ՀՀ դեսպանություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։

Հանդիպման սկզբում Նիկոլայ Բորդյուժան, շնորհավորելով Օլեգ Եսայանին Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ քաղաքական գործչի եւ դիվանագետի անցած երկարամյա ուղին եւ ձեռք բերած փորձը կօգնեն իր պատասխանատու աշխատանքում եւ կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը։

Դեսպան Եսայանը, ողջունելով հյուրին  շնորհակալություն հայտնեց Հայաստանին  հասցեագրված ջերմ խոսքերի համար եւ հայտնեց, որ մեծ ուշադրությամբ հետեւում  է  ՀԱՊ կազմակերպության գործունեությանը եւ գոհունակությամբ նշեց, որ  վերջին ժամանակահատվածում ՀԱՊԿ շրջանակներում արվել է լուրջ աշխատանք, մասնավորապես, կարեւորելով ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման համաձայնագրի ստորագրումը։

Նիկոլայ Բորդյուժան դեսպանին ներկայացրեց ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղությունները, տեղեկացրեց կազմակերպության  առաջնային խնդիրների եւ իրականացվելիք ծրագրերի  մասին։

   Իր խոսքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց  կազմակերպությունում Հայաստանի դերն ու նշանակությունը եւ արդյունավետ աշխատանքը' ընդգծելով Հայաստանի նախագահության ընթացքում արձանագրված արդյունքները։

Դեսպան Եսայանը բարձր գնահատեց Նիկոլայ Բորդյուժայի  ակտիվ  եւ օպերատիվ աշխատանքը ու անձնական ներդրումը ՀԱՊԿ-ում եւ շնորհավորեց  գլխավոր քարտուղարին վերջերս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի պետական բարձր պարգեւով' Պատվո շքանշանով պարգեւատրվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Այս խորագրի վերջին նյութերը