Խմբագրական

22.02.2019 10:10


Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր հերթական «լայվի» ժամանակ հայտարարել է, որ մարտի 1-ին քաղաքացիական երթ է ուզում իրականացնել: Ըստ նրա՝ այդ քայլարշավը լինելու է ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների (արդեն իսկ տեղեկություններ կան, որ երթի մարդաշատությունն ապահովելու համար գործի է դրվել վարչական ռեսուրսը. պարտխոզակտիվը լծվել է պլանի կատարմանը):

Եթե Փաշինյանն այդ «ընդդեմների» համար է քայլերթ անում, ապա անհասկանալի է, թե ինչու է հենց մարտի 1-ն ընտրել:

Այո՛, մարտի 1-ին եղել են բռնություններ, եղել են մարդկային զոհեր: Հանրության մի մասը համոզված է, որ 2008–ին եղել են ընտրակեղծիքներ, իսկ դրանից առաջ եղել են կոռուպցիա ու ապօրինություն, բայց այդ ամենը մարտի 1-ով չի սկսվել ու չի ավարտվել նախորդ տարվա ապրիլ-մայիսի քաղաքական գործընթացներով: Բացի այդ՝ թեև հրապարակավ հայտարարվեց, որ «Մարտի 1»–ի գործն ամբողջությամբ բացահայտված է, սակայն ոչ մի տեղաշարժ չկա, քանզի դեռ բացահայտված չեն 10 զոհի և վիրավորվածների հետ կապված բոլոր հանգամանքները։

Եթե ընտրակեղծիքների ու բռնության դեմ քայլերթ է արվում, ապա այն պետք է անել հուլիսի 5-ին՝ նորանկախ Հայաստանի 1-ին սահմանադրության ընդունման և 1-ին գումարման ԱԺ ընտրությունների օրը (եթե Պարույր Հայրիկյանին մնար, ապա նա «ընդդեմի» երթը կկազմակերպեր հոկտեմբերի 16-ին, այսինքն՝ 1991-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների օրը, երբ Պառավաքարում բռնություն կիրառվեց): Իսկ եթե նախագահական ընտրություններով ենք վերցնում մեկնակետը, ապա պետք է սկսել 1996-ից և քայլերթ անել սեպտեմբերի 25–ին՝ Երևան տանկեր մտցնելու օրը։ Չէ՞ որ 1996-ով մեկնարկեց նախագահական ընտրությունները կենաց-մահու հարց դարձնելու ավանդույթը: 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:

Մարտի 1-ը չպետք է սեփականաշնորհել և ծառայեցնել հաշիվների պարզման: Այդպես լինելու դեպքում վաղն էլ լրիվ հակառակ բաները կարող են լինել. այսօրվա դատողները կարող են դատվողի վերածվել, ու այդպես վերջը չի երևա:

Ասելս այն է, որ ընտրովի արդարադատությունը և պատմության ընտրովի մեկնաբանությունը միշտ էլ կարող են օբյեկտիվ հակափաստարկ ծնել: Մարտի 1-ը չի կարող լինել կոնյունկտուրային հարց:

2018-ին հանրության մեծ մասը վստահել է Նիկոլ Փաշինյանին ու գնացել նրա հետևից, բայց նա հիմա նեղացնում է իր գործունեության դաշտը ու համակիրների շրջանակը՝ դառնալով «Մարտի 1»-ի վարչապետ:

«Մարտի 1-ի» վարչապետ լինելը Փաշինյանին դարձնում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կցորդը: Դա՞ է Փաշինյանի ուզածը:

Մարտի 1-ը պետք է հիշել, բայց պետք է նաև հստակ գնահատականներ տալ ու շատ կոնկրետ քաղաքական եզրահանգումներ անել՝ փորձելով գտնել որոշակի հարցերի պատասխաններ՝ ինչո՞ւ այդպես եղավ, ովքե՞ր են մեղավոր, որո՞նք են «մարտի 1» ծնող պատճառները, ի՞նչ անել, որ դա այլևս չկրկնվի, ինչպե՞ս դուրս գալ հատվածական ու ընտրովի մոտեցումներից, ինչպե՞ս ելք գտնել «մարտի 1»-ից ու դրան նախորդած մյուս «մարտի 1»-երից, ինչպե՞ս քաշել գիծն ու գնալ առաջ և այլն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գտնելն ու ներկայացնելը համապետական ու համազգային նշանակություն կունենան՝ բացելով իրապես նոր Հայաստանի դարպասները: Հակառակ պարագայում ՀՀ-ն կդառնա «մարտի 1»-ի գերի ու այդպես էլ դուրս չի գա գերությունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը