Քաղաքական

27.02.2019 12:57


Սիլվա Համբարձումյանին կհրավիրեն դատարան

Սիլվա Համբարձումյանին կհրավիրեն դատարան

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը քննությանը մասնակցելու համար դատարան կհրավիրվի գործարար Սիլվա Համբարձումյանը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 27–ին, որոշում կայացրեց դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ Համբարձումյանին կրկին ծանուցելու մասին։

Նշենք, որ Հարությունյանի փաստաբանները համարում են, որ Հարությունյանի եւ գործով մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ։ Պաշտպանները դատարանից խնդրում են պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել քրեական գործը վերաբացելու մասին որոշումը։

Հիշեցնենք, որ հունվարի 18–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարել էր ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Նախկին նախարարն իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը