Խմբագրական

01.03.2019 16:50


Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

ՀՀ 1-ին նախագահ (որոշ շրջանակների համար՝ հիմնադիր նախագահ), ՀԱԿ առաջնորդ և «Ilur.am» կայքի փաստացի գլխավոր խմբագիր Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել խմբագրականով, որում անդրադարձել է Անդրանիկ Թևանյանի՝ «Ազատվել «Մարտի 1»-երի գերությունից» հոդվածին: Նա փորձել է «կեղտ բռնել» այդ հոդվածի կապակցությամբ, բայց լրիվ հակառակ բանն է ստացվել: Ստացվել է ըստ Ֆրեյդի, իսկ ավելի ճիշտ՝ ըստ ՌԴ նախկին վարչապետ Չերնոմիրդինի, այն է՝ ուզում էր լավ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ:

Տեր-Պետրոսյանն իր խմբագրականում գյուտ է արել՝ փորձելով ցույց տալ, թե, իբր, Թևանյանը փոխել է իր տեսակետը 2016-ի համեմատ: Իրականությունը, սակայն, այն է, որ ոչ թե տեսակետ է փոխվել, այլ հարցադրում է հնչեցվել, ըստ որի՝ եթե որոշ շրջանակներ (մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանը), փորձեն շահարկման առարկա դարձնել 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերի արդյունքում 10 զոհի հարցը, ապա դա կարող է բումերանգի էֆեկտով հարվածել շահարկողներին, քանզի շահարկումների ֆոնին կյանքի իրավունք է ստանում նաև «Եթե ընտրությունները կեղծվել են 1995-ից սկսած, ապա ինչո՞ւ միայն 2008-ին զոհեր եղան» հարցադրումը: Որից էլ կարող են բխել այլ հարցադրումներ ու եզրահանգումներ:

Տեր-Պետրոսյանն այդ հարցադրումներից նյարդայնացել է (ինչը սպասելի էր) և փաստացի իր վրա վերցրել զոհերի հարցը շահարկողի դերն ու պաշտպանվելու համար հիշել Թևանյանի այն հոդվածը, որտեղ վերլուծված էր, որ Տեր-Պետրոսյանին պետք է որ ձեռնտու չլիներ «Մարտի 1»-ը, քանզի նա այլ մարտավարություն էր ընտրել: Մարտավարություն ընտրելը մի բան է, իսկ բախումների մթնոլորտ ստեղծելն՝ այլ բան: Բանասիրական կրթությամբ 1-ին նախագահը պետք է որ այս տարբերությունը լավ հասկանար:

Զարմանալի է, որ ՀԱԿ առաջնորդն ակամայից որպես պնդում է ընկալել հարցադրումն ու իր կարծիքով ուժեղ տեխնոլոգիա ընտրել՝ հղում անելով Թևանյանի մեկ այլ հոդվածին և իր կածիքով լավագույն պաշտպանության ձև ընտրել:

Մինչդեռ իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում: Մթնոլորտ, որի ստեղծման հեղինակը հենց 1-ին նախագահն էր: Տեր-Պետրոսյանն, ամենայն հավանականությամբ, զոհեր չէր ուզում, բայց այդպես ստացվեց իր իսկ կիրառած տեխնոլոգիաների արդյունքում: Սա՛ էր Թևանյանի հոդվածի գլխավոր իմաստը:

Ինչ վերաբերում է Թևանյանի, իբր, տեսակետներ փոխելուն, ապա դա հատուկ է հենց Տեր-Պետրոսյանին: 2008-ի դեպքերից հետո ՀԱԿ առաջնորդը, կախված այն հանգամանքից, թե ում կողմից է տվյալ պահին «երկխոսացվում» (չենք ուզում օգտագործել «հաճախորդացվում» բառը), ամեն տարվա մարտի 1-ի իր ելույթներում փոխել է թիրախները, դիրքորոշումները, շեշտադրումները և գնահատականները «Մարտի 1»-ի ու դրա մեղավորների հետ կապված: Փոխել է, քանզի իր համար «ծանրակշիռ» փաստարկներ են հրամցվել, և նա չի դիմացել «առերեսմանը»: Մենք գիտենք, որ ինքը գիտի, որ մենք գիտենք: Այնպես որ, դասականի բառապաշարն օգտագործելով՝ մի խորհուրդ կտայինք՝ հանգի՛ստ նստեք տեղներդ:

7or.am

Հ.Գ.: «Մարտի 1»-ից կառչելն ու թեման քաղաքական շահարկման առարկա դարձնելը Լևոն Տեր-Պետրոսյանի միակ փոքրիկ հնարավորությունն է քաղաքական դաշտում մոռացության չմատնվելու համար: Նիկոլ Փաշինյանն իր սխալ քայլերով տվել է նրան այդ հնարավորությունը, և 1-ին նախագահը մինչև վերջ կպած է այդ հնարավորությունից: «Մարտի 1»-ի «աստվածացումը» ճանապարհ է բացում Տեր-Պետրոսյանի համար արդիական դառնալու, բայց փակում է Փաշինյանի ճանապարհը Տեր-Պետրոսյանի կցորդ չդառնալու համար:

Դատելով ամենից՝ Փաշինյանը սկսել է այս ամենը հասկանալ: Նա սկսել է հասկանալ, որ Տեր-Պետորսյանի հետ իր ասոցացումը ձեռնտու չէ որևէ պարագայում: Հիմա նա փորձ է անում տարանջատվել Տեր-Պետրոսյանից: Պատահական չէ, որ «Մարտի 1»-ի հետ կապված իր ուղերձում Փաշինյանը, ձգտելով սխալների ուղղման, դատապարտում էր հետանկախական Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքները, իսկ դա նշանակում է դատապարտել նաև 1995-ի խորհրդարանական և հատկապես 1996-ի նախագահական ընտրությունները: Դա նշանակում էր նաև 2008-ը դնել 1996-ի հետ նույն շարքում:

Այս խորագրի վերջին նյութերը