Կարծիք

22.03.2010 12:09


Ո՛չ, չեք կարող. Օբամայի քննությունն ու Թուրքիայի ժամանակը

Ո՛չ, չեք կարող. Օբամայի քննությունն ու Թուրքիայի ժամանակը

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հավանության արժանացած եւ ոչինչ չպարտավորեցնող բանաձեւի մի քանի նախադասություններ, որոնք նրբորեն վերահաստատեցին հայ ժողովրդի հանդեպ իրագործված Ցեղասպանությունը եւ նրա բռնի Հայրենազրկումը, իրենց հակազդեցությունը գտան աշխարհի դեմ տեղացած' Թուրքիայի սպառնալիքներով ու ԱՄՆ վարչակազմի մեղսակից փորձերով, որպեսզի Կոնգրեսի լիագումար նիստը չքվեարկի այս բանաձեւը, ինչպեսեւ նշանավորվեցին աշխարհասփյուռ հայերի անհավասար պայքարից ծնված հազվադեպ հրճվանքով: Շվեդիայի խորհրդարանի' Ցեղասպանությունը ճանաչող մարտի 11-ի որոշումը, ապա և երկրի վարչապետի' Թուրքիային ուղղված ներողամտության արտամոլորակային հայցը պարզապես բարձրացրին «խաղադրույքները»:

Մինչդեռ հրճվանքի ոչ մի առիթ չկա:

Հայ ժողովուրդը կորցրեց մեկ միլիոնից ավելի իր զավակներին եւ նրանց հինավուրց հայրենիքը, ինչի կապակցությամբ Ռաֆայել Լեմկինի կողմից «Ցեղասպանություն» բառեզրը ստեղծվելուց մի ամբողջ սերունդ առաջ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն 1915թ. այս աղետալի իրադարձությունը բնութագրել էր իբրեւ «ցեղի բնաջնջում»: ԱՄՆ Ազգային պահոցները, նաեւ Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ նույնիսկ Թուրքիայի այն ժամանակվա մերձագույն դաշնակից Գերմանիայում գտնվող արխիվները պարունակում են բյուրավոր ականատեսների վկայություններ, դիվանագիտական, հյուպատոսական եւ ռազմական փաստաթղթեր, որոնք հաստատում են նոր ժամանակների առաջին Ցեղասպանությունը:

Հետեւաբար' հիշատակման բանաձեւերի եւ հայտարարությունների նժարի վրա է, առաջին հերթին, արեւմտյան քաղաքակրթության սեփական սկզբունքայնությունը, ոչ թե ճանաչման ու հատուցման ուղղությամբ հայոց բազմամյա որոնումները կամ էլ, նույնիսկ, ամոթալի ժխտման' Թուրքիայի տեւական ուղեգիծը:

Եթե նախագահ Օբաման եւ պետքարտուղար Քլինթոնն ուզում են դրժել նախկինում տված խոստումները եւ, այդպիսով, շարունակել նախորդների «ռեալպոլիտիկը»' ըստ էության ծաղրի առարկա դարձնելով ամերիկյան օրինակելի հետագիծը, ապա դա իրենց իրավասությունն է: Այս բանաձեւը, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահի' ամեն ապրիլի 24-ին արվող հայտարարությունը հնարավորություն են ընձեռում հատկապես ԻՐԵՆՑ' կարգի բերելու ԱՄԵՐԻԿՅԱՆ պատմությունը եւ արժանին մատուցելու ամերիկացի ու եվրոպացի այն դեսպաններին, հյուպատոսներին, մարդասիրական օգնության պաշտոնյաներին, զինծառայողներին եւ միսիոներներին, ովքեր ականատեսը դարձան, բայց, ավաղ, անպտուղ ջանքեր գործադրեցին' կանխելու համար Հայոց ցեղասպանությունը:

Բացի դրանից, այսպիսի նախաձեռնությունները եւ Թուրքիայի' արդեն չափանիշի վերածված շանտաժային եւ կրկնակի ռիսկ պարունակող արձագանքը, միմիայն նսեմացնում են մարդկության դեմ կիրառված եւ չհատուցված այս ոճրի ողջ էությունն ու տարողությունը, որով նշանավորվեց 20-րդ դարի մուտքը: Ես' որպես Մեծ եղեռնից 4 մազապուրծ փրկվածների թոռ, ոչինչ ավելին չեմ կորցնում, եթե Ցեղասպանություն բառը չարտասանելով' պարոն Օբաման եղծում է իր իսկ պատմությունը եւ իր իսկ խիղճը: Նա ինքն է, որ պետք է որոշի' □Այո, մենք կարող ենք□ նախընտրական կարգախոսը' նույն Սպիտակ տան հանգույն, արդյո՞ք իր համար ինքնանպատակ էր:

Վաշինգտոնի, Անկարայի եւ դաշնակից այլ մայրաքաղաքների համար ժամանակն է բացահայտելու մի քանի արմատական ճշմարտություններ' դրանք ինքնահայտ լինեն, կամ' ոչ:

1.Ցեղասպանության չարիքը հայերին լիովին եւ վերջնականապես արմատախիլ արեց իրենց բնօրրանից, որը մինչեւ հիմա թուրքական տիրապետության տակ է: Չնայած ճշմարտության միջոցով պատմությանն առերեսվելու եւ հաշտություն որոնելու ուղղությամբ Թուրքիայում սկսված քաղաքացիական հասարակության շարժմանը, պետության ղեկավարությունը շարունակում է քաղել Ցեղասպանության պտուղները: Եվ դա անում է «Ցեղասպանություն» բառեզրի օգտագործումը քրեական հանցագործություն որակելով, սպանդի դաշտերում ռազմավարական խողովակաշարեր անցկացնելով եւ Հայաստանի հետ ներկա դե ֆակտո սահմանը պնդելով' ի հեճուկս դե յուրե սահմանի, որը գծվել էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով եւ 1920թ. նոյեմբերին հրապարակվել նախագահական կնիքով:

2.Ուրեմն' մերօրյա Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս Թուրքիան ոչ մի իրավահիմք չունի պարտադրելու իր ընտրությամբ նախապայմաններ, որոնք են' Ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային օրակարգից հանելը, առկա սահմանի հաստատումը, որն արդյունք է հայերի թիկունքում 1921թ. բոլշեւիկների եւ քեմալականների միջեւ ապօրինի գործարքի, եւ Լեռնային Ղարաբաղի նվիրումը Ադրբեջանին: Եթե Անկարան իսկապես ցանկանում է նոր էջ բացել Երեւանի հետ, ապա դա պետք է իրականացնի' անհապաղ վերջ տալով Հայաստանի միակողմանի շրջափակմանը, դիվանագիտական նոտաներ, այդուհետ նաեւ դեսպաններ փոխանակելով եւ դրանց միջոցով վստահություն կառուցելով, որպեսզի արդարացի լուծում տրվի առկախ բազմաթիվ երկկողմ խնդիրներին: Սա չի կարող եւ չպետք է ի կատար ածվի' ստորագրելով ու հաստատելով պայմաններ թելադրող արձանագրություններ ՀՀ այնպիսի վարչակարգի հետ, որը չունի հանրային մանդատ եւ հիմնարար ժողովրդավարական լիազորություններ:

3.Կամ դրկից երկու պետություններն առաջ կգնան առանց որեւէ նախապայման առաջ քաշելու, կամ էլ հայերը' եթե թուրքերն իրոք դա պնդում են, պետք է վերականգնեն գործընթացի համաչափությունը եւ նույնպես իրենց բոլոր դիրքորոշումները դնեն սեղանի վրա: Այդ դիրքորոշումները կարող են ներառել միջազգային օրենքի ներքո հասու այնպիսի իրավադարմաններ, ինչպիսիք են. ա) Ցեղասպանության ճանաչումը, զղջումը, ոգեկոչումը եւ ուսուցումը, բ) հայոց մշակութային ժառանգության համընդգրկուն հաշվառումն ու վերականգնումը, գ) Ցեղասպանության զոհերի եւ վերապրողների ժառանգների վերադարձի երաշխավորված իրավունքը, դ) կալվածքների եւ մյուս բոլոր սեփականությունների վերադարձը իրենց բուն տերերին կամ նրանց իրավահաջորդներին, ե) տարածքային վերջնական ճշգրտումը եւ դեպի ծով ինքնիշխան ելքը: Եթե կողմերը կնախընտրեն եւ ունեն անհրաժեշտ ինքնավստահություն' կարող են ամբողջ □փաթեթը□ վստահել Արդարադատության միջազգային դատարանին:

4.Թուրքիան բարոյական որեւէ հիմք կամ խուսանավելու տեղ չունի, որպեսզի «բռնազավթման» քարոզ մղի' բացառությամբ այն համատեքստի, որ հենց ինքը հայրենազրկեց հայերին, քրդերին, ասորիներին, եզդիներին, ալեւիներին, հույներին եւ կիպրոսցիներին: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որի սահմանադրական հիմքերն ավելի ամուր են, քան' Կոսովոյինը կամ Աբխազիայինը, ապա ակնբախ է, որ ԼՂՀ-ն հետստալինյան իր ապագաղութացումը ձեռք բերեց հանրաքվեի միջոցով, որը համապատասխանում էր թե՛ միջազգային եւ թե՛ խորհրդային այն ժամանակ գործող օրենքներին: Եվ ամենակարեւորը' ստիպված եղավ այս ապագաղութացումը պաշտպանել Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի սանձազերծած նախահարձակ, սակայն ձախողված պատերազմի ընթացքում: Եթե օրենքի գերակայություն իրականում գոյություն ունի, ապա Արցախը վաստակել է այդ անկախությունը, ինչպես նաեւ ճանաչված լինելու իրավունքը' լեգիտիմ ազատագրմամբ եւ ոչ թե բռնազավթման օսմանյան ոճով: Այսօր ակներեւ է, որ ռազմական նոր կրակի ուրվականը, որն ամեն օր սպառնալիքի տեսքով նշմարվում է Բաքվի երկնակամարում ու նաեւ Անկարայից հնչող հայտարարությունների տողատակերում, կարող է հօդս ցնդեցնել 1994թ.-ից պահպանվող փխրուն զինադադարը:

5.Համենայնդեպս' Գերմանիան եւ ինքնամաքրող նրա զղջումը, փոխհատուցումը, ապաեւ վերջինիս ղեկավարման հետպատերազմյան օրինակը հարմար մեկնակետ են: Հայոց ցեղասպանությունը եւ դրա հանցագործներին պատժելու ուղղությամբ աշխարհի դրսեւորած անգործունությունը ծնեցին հրեաների Ողջակիզումը: Վերադառնալով «ի շրջանս յուր», Թուրքիան եւ այդ երկրի արդի սերունդը պետք է նույնպես գնան Գերմանիայի «ճանապարհով»' քանի դեռ ուշ չէ:

Այժմ, երբ մոտենում են Ապրիլքսանչորսը եւ նրա 95-րդ տարելիցի առթիվ ամերիկյան մեծն հայտարարության օրը, վերոնշյալ պարզ դրույթները կարող են անհրաժեշտ խորք ու պատկերացում տալ վարվող քաղաքականությանը եւ առավել իմաստալից հնչեղություն հաղորդել այն խոսքերին, որ արտասանում ենք, այն տողերին, որ մեջբերում ենք եւ այն արժեքներին, որ հավատարմորեն դավանում ենք:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը