Լրահոս

23.03.2010 13:45


Հարուցվել են քրեական գործեր' որպես ծննդաբերության նպաստ, խարդախությամբ միլիոնավոր դրամներ հափշտակելու դեպքերի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է  քրեական գործ' ապօրինի ձեռնարկատիրության, խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի  առթիվ:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների  կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության  սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի տեսուչ Հ. Արիստակեսյանը, նրա ընկերը' նույն  հարկային տեսչությունում հաշվառված □Համլետ Նարինե□ ՍՊ ընկերության տնօրեն Մ. Բադալյանը, եւ Հ. Արիստակեսյանի ծանոթ՝ հղի Ս. Մկրտչյանը  նախնական համաձայնությամբ, խաբեությամբ  պետական բյուջեից  խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս 2008թ. մայիսի  1-ին  վերոնշյալ ՍՊԸ-ում ձեւականորեն  ձեւակերպել են որպես փոխտնօրեն:

2008թ.  հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին  Նաիրիի տարածքային հարկային տեսչություն են ներկայացրել հաշվետվություններ, որտեղ  փաստացի նրան չվճարված միջին ամսական  աշխատավարձի' 297.122 դրամի վերաբերյալ ներառել են կեղծ տվյալներ եւ այդկերպ հափշտակել  խոշոր չափերի հասնող 1 368 300 դրամ հղիության եւ ծննդաբերության նպաստ: Բացի այդ'  Հ. Արիստակեսյանը    թաքցրել է □Համլետ Նարինե□ ՍՊ ընկերության կողմից տարածքային հարկային  տեսչություն ներկայացված կեղծ տվյալները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ' ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ, հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 188-րդ հոդվածի 1-ին մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով:  Քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն՝  նախաքննություն կատարելու:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ պետական բյուջեից այսօրինակ մեխանիզմով գումարներ հափշտակելու առաջին դեպքը բացահայտվել է 2009 թվականին, Կոտայքի մարզում: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել են  ուսումնասիրություններ, հարցում  ուղարկվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ պահանջելով տեղեկություններ նախարարության  սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների կողմից 2008-2009թթ.  անհատ ձեռնարկատերերին տրված 1 մլն դրամից ավել՝ հղիության ու ծննդաբերության նպաստների վերաբերյալ' նշելով սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը եւ ապահովագրական նպասի  գումարը: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում նշված մեխանիզմով՝ գումարներ հափշտակելու դեպքեր են բացահայտվել ոչ միայն մարզերում այլ նաեւ Երեւան քաղաքում: Հափշտակված գումարների չափերը տարբեր են՝ 1 368 300 դրամից սկսած, ինչպես վերը հիշատակված օրինակում մինչեւ 23 մլն դրամ: 2010 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից արդեն իսկ հարուցվել է երեք քրեական գործ՝ նշված մեխանիզմով պետությունից առանձնապես  խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու դեպքերի առթիվ, որոնք ուղարկվել են  համապատասխան քննչական մարմիններ՝ նախաքննություն կատարելու:

ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը