Լրահոս

23.03.2010 16:46


ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Եթե Ադրբեջանն սկսում է համաձայնվել մի բանի, ուրեմն այդ նորացումն ի վնաս մեզ է»

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Եթե Ադրբեջանն սկսում է համաձայնվել մի բանի, ուրեմն այդ նորացումն ի վնաս մեզ է»

Վերջերս Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հաճախակի կարծիքներ էին հնչեցնում, որ այսօր պետք է սրբագրեն ղարաբաղյան հարցում նախկին իշխանությունների սխալները։ Մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունները՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ասել է, թե ինքը չի հասկանում՝ որ սխալների սրբագրման մասին է խոսքը, քանի որ շատ երկար ժամանակ խոսվում էր այն մասին, որ այսօրվա իշխանությունների արտաքին քաղաքականությունը նախկին իշխանությունների արտաքին քաղաքականության շարունակությունն է։

-Վստահ եմ, որ այս քաղաքականությունը նախորդի շարունակությունը չէ, ինչի մասին ասաց հենց նախորդ իշխանության արտաքին քաղաքականության գլխավոր վարող Վարդան Օսկանյանը, ով բազմիցս անդրադարձել է դրան և նշել, որ դա մեր ուղեգծի շարունակությունը չէ ո՛չ հայ-թուրքականով, ո՛չ էլ Ղարաբաղի հարցով։ Եթե այդպես էր, մադրիդյան սկզբունքները, որոնք այն ժամանակվանից կային, ինչո՞ւ նորացվեցին։ Նորացվեցին ի օգո՞ւտ, թե՞ ի վնաս մեզ։ Պարզ չէ՞, որ ի վնաս։ Եթե Ադրբեջանն սկսում է համաձայնել մի բանի, ուրեմն այդ նորացումն ի վնաս մեզ է։ Չի կարող նորացվել  հօգուտ հայերի, և ադրբեջանցիներն սկսեն համաձայնել։ Այդ գիծը չի կարող նույնը լինել,- նշել է Արմեն Ռուստամյանը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին, ապա այդ կապակցությամբ հստակ փաստ կա, քանի որ Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանը նամակ գրեց Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով պատմաբանների հանձնաժողով ստեղծել, ինչից Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց՝ պատասխանելով, թե երկու երկրները դեռևս միջպետական խնդիրներ ունեն լուծելու. «Դա, բնականաբար, դուր չեկավ թուրքերին, և իրենք թաքցնում էին այդ նամակի՝ պատասխան նամակի գոյությունը»։ 

Նրա կարծիքով արտաքին քաղաքականության նույն գծի շարունակություն այսօր չկա, ինչի մասին պետք է շատ բաց խոսվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը