Լրահոս

24.03.2010 12:55


Դ. Շահնազարյան. «Արտահերթ ընտրություններից սկսել են խոսել հենց իշխանության ներսում»

Դ. Շահնազարյան. «Արտահերթ ընտրություններից սկսել են խոսել հենց իշխանության ներսում»

ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Մամուլի ազգային ակումբում խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին՝ ասել է, թե քաղաքական ճգնաժամը, որը ստեղծվել էր 2008թ. նախագահական ընտրություններից և մարտի 1-ից հետո, մեղմվելու որևէ միտում չունի։

-Իշխանությունների բոլոր ջանքերը՝ կոծկել մարտի 1-ի սպանդը, որևէ արդյունք չտվեցին, և հիմա արդեն իրենք են խոստովանում (նրանցից մեկն էր կարծեմ ասել), որ պիտի մարսեն։ Չէ՛, չեք մարսելու։ Նկատվում են ոչ բնական գործընթացներ նաև իշխանության ներսում։ Երևի չմանրացնեմ՝ պարզ է։ Արտահերթ ընտրություններից սկսել են խոսել և իրենց գործողություններով դա ընդգծել հենց իշխանության ներսում գտնվող կամ կցորդ միավորները,-նշել  է նա։

Դավիթ Շահնազարյանի խոսքերով՝ քաղաքական ճգնաժամը խորանալու է, և այն հնարավորությունները, որոնք դեռևս թույլ են տալիս դիմագրավելու ներքին ու արտաքին քաղաքական վտանգներին, մոտ ապագայում կսպառվեն։ Այն հարցին, թե ինչի՞ կհանգեցնի այդ քաղաքական ճգնաժամը, նա պատասխանել է՝ իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների։

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, թե միայնակ հնարավոր չէ հասնել իշխանափոխության, և հաշվի առնելով այն, որ մինչև աշուն ժամանակ է նշանակվել արտահերթ ընտրությունների համար, ո՞ր ուժին է ՀԱԿ-ը իրեն գործընկեր տեսնում։

-Նախ ճշտում եմ ուզում անել արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված։ ԵԽԽՎ-ին ներկայացված առաջարկների ցանկում, այդ ժամանակացույցում նշված  է արտահերթ ընտրությունների ժամկետը, և ոչ  թե՝ Կոնգրեսն իր առաջ խնդիր է դրել այսինչ օրը հասնել ընտրությունների։ Կարող է և ավելի շուտ լինել։ Ինչ վերաբերում  է համագործակցությանը, ապա Կոնգրեսը պատրաստ  է համագործակցել, բայց պարզ  է, չէ՞, որ ո՛չ այն ուժերի հետ, որոնք գնացել են, ԵԽ-ից մի կերպ տեղեկանք են բերել, որ իրենք ընդդիմություն են,-ասել է Դավիթ Շահնազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը