Լրահոս

26.03.2010 13:08


Բարեփոխումների շրջանակում ՊԵԿ մաքսային ծառայությունը կատարելագործել է մաքսային զննման գործընթացը

Բարեփոխումների շրջանակում ՊԵԿ մաքսային ծառայությունը կատարելագործել է  մաքսային զննման գործընթացը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հետևողական է' բիզնեսին ընդառաջ գնալու, գործարարների համար ավելի բարենպաստ պայմաններ  ստեղծելու գործում, սակայն միշտ չէ, որ բիզնեսն ինքն էլ պատրաստակամ է ընդառաջ գալ այդ բարեփոխումներին, ուստի կոմիտեն հարկադրված է լինում էլ ավելի կատարելագործել   հսկողության մեխանիզմները: Ինչպես հայտնի է, մաքսային ծառայությունում տարեցտարի աճում է մաքսային հսկողության «կանաչ ուղու» տեսակարար կշիռը, սակայն այդ ուղղությամբ կոմիտեի անցկացրած մոնիթորինգը փաստում է, որ «կանաչ ուղիով» անցած բեռների պատահական և օպերատիվ տվյալների հիման վրա իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվում են խոշոր խախտումներ: Այսինքն' շատ հաճախ տնտեսվարողները փորձում են օգտվել առիթից և չարաշահել մաքսային հսկողության ազատականացման արդյունքում իրենց ընձեռված հնարավորությունները: Այս գործընթացները կարգավորելու, ինչպես նաև մաքսային զննումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, համակարգում ներդրվեց նախաբացթղումային հսկողությունը, որով մաքսային զննման գործընթացը տարանջատվեց մաքսային ձևակերպումներից' ուժեղացնելով   ապրանքների ու տրանսպորտային միջոցների նկատմամբ տարվող հսկողությունը, մաքսային իրավախախտումների և կոռուպցիայի դեմ պայքարը: 2008-ին Պետական եկամուտների կոմիտեի համակարգում ձևավորվեց և ՀՀ կառավարության' 2008թ. թիվ 1005-Ն որոշմամբ սկսեց գործել նոր ստորաբաժանում' Նախաբացթողումային հսկողության վարչությունը, որը կազմավորվեց տարածքային բոլոր մաքսային մարմիններում գործող զննման բաժինների հիման վրա:

Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը լրագրողներին տեղեկացրել է, որ վարչությունն այժմ ունի 166 աշխատակից, ովքեր հսկողություն են իրականացնում ինչպես Գուգարքի, Շիրակի և Սյունիքի սահմանային մաքսային կետերում, Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մաքսատանը, այնպես էլ 11 մաքսային պահեստներում, այդ թվում □Զվարթնոց□ օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում: Նշենք, որ զննման գործընթացի արդյունավետությանը նպաստում են ոչ միայն տեխնիկական ժամանակակից սարքավորումները. վարչության աշխատակիցները շատ անգամ իրավախախտումեր են հայտնաբերում' հիմնվելով պարբերաբար ստացվող օպերատիվ տեղեկությունների վրա:

Ըստ  Վ. Գուրողլյանի' վարչության գործունեության արդյունքում խստացվել է տուրիստական բեռների նկատմամբ հսկողությունը, հետզհետե կարգավորվում է նաև փաստաթղթաշրջանառությունը, որը ՊԵԿ գերակա խնդիրներից է, քանի որ փաստաթղթավորման ոչ պատշաճ մակարդակը  խոչընդոտում է հարկային պարտավորությունների հաշվառմանը, հանգեցնում գնագոյացման շղթայի խեղաթյուրմանը, համապատասխանաբար' իրացման իրական շրջանառությունների թերհայտարարագրմանը և բյուջե վճարման ենթակա հարկերը թաքցնելուն:

Գործունեության ոչ այնքան երկարատև ժամանակահատվածում Նախաբացթողումային հսկողության վարչությունն արդեն իսկ արձանագրել է տպավորիչ արդյունքներ' կանխելով տարաբնույթ իրավախախտումներ. □Միայն այս տարվա առաջին եռամսյակում մեր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է մաքսային իրավախախտումների 40 դեպք:  Իրավախախտումների մեծ մասն արձանագրվել է մաքսային պահեստներում իրականացված մաքսային զննման ժամանակ: Դեպքեր են արձանագրվել նաև Թբիլիսի-Երևան մարդատար գնացքում, որտեղ իրավախախտները որպես թաքստոց օգտագործել էին ռեստորան վագոնի սառնարանային մասը: Ի դեպ,   2010 թվականի եռամսյակային վիճակագրությունը փաստում է, որ մաքսային վճարումներից խուսափելու նպատակով' իրավախախտները հիմնականում ապրանքը  թերի են հայտարարագրել կամ սխալ նշել ապրանքի կոդը: Օրինակ, «Կարգո» բեռնային համալիրում □Բյուրակն□ ՍՊԸ-ի անունով ներմուծված բեռի զննման ժամանակ պարզվել է, որ հայտարարագրված 20 տեսաքարտի մոդելները չեն համապատասխանում ապրանքի վրա առկա մոդելներին□,- հայտնել է Վ. Գուրողլյանը:  Բացի այդ, արձանագրվել են ապրանքների քանակի և ծագման երկրի, նաև' կապարակնքման, նշագրումների հետ  կապված խախտումներ և փաստաթղթային անճշտություններ: Օրինակ, «Կոկա Կոլա ՀԲՔԱ» ՓԲԸ-ի բեռի քաշը Բագրատեշենի մաքսակետում կազմել է 37 760 կգ, մինչդեռ «Ապավեն» մաքսային պահեստ այն մուտք է գործել 1,5 տոննա պակաս քաշով: Խախտման մեկ այլ դեպքով' նույն ընկերության անունով ներմուծված բեռի մի մասը /խնձորի հյութ/ հայերեն նշագրում չի ունեցել:

Զննման արդյունքում հայտնաբերված ապրանքները տարաբնույթ են եղել' կենցաղային տեխնիկա /օդակարգավորիչներ, հեռակառավարման վահանակներ, փոշեկուլներ/, հագուստ և սննդամթերք, ինչպես նաև ոսկյա զարդեր և արտարժույթ. «Այս ամենը հաշվի առնելով' կցանկանայի հորդորել գործարարներին չդիմել իրավախախտումների, քանի որ Պետեկամուտների կոմիտեն, ազատականացնելով հանդերձ մաքսային ընթացակարգերը, խստացրել է մաքսային հսկողության մեխանիզմները: Այնպես որ, ցանկալի է, որպեսզի գործարարներն էլ գիտակցեն  դա և փորձեն իրենք էլ ընդառաջ գալ  մեր կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասել է ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության պետը:

Այս խորագրի վերջին նյութերը