Կարծիք

01.05.2019 14:51


Ե՞րբ կգա լիարժեք մայիսի 1–ը Հայաստան

Ե՞րբ կգա լիարժեք մայիսի 1–ը Հայաստան

Մայիսի 1–ն Աշխատավորների համերաշխության միջազգային օրն է կամ ավելի կարճ՝ աշխատանքի տոնը։

Տոնակա՞ն է արդյոք այս օրը ՀՀ վարձու աշխատողների համար։ Մեծ մասամբ, ոչ։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը պետք է փնտրել ոչ միայն մեր երկրի ներսում, այլ նաև համաշխարհային փորձի ու մասնագիտական գրականության մեջ։

Մարդկության շատ փոքր մասն է գործատու։ Մեծ մասը վարձու աշխատող է։ Այդտեղից էլ սկսվում է եկամուտների բաշխման անհամաչափությունը (ռիսկի գնացողներն ու գործարար կարողություն ունեցողները, բնականաբար, հավակնում են ավելի մեծ մրցանակի)։

Մարդկանց փոքր մասը տնօրինում է ավելի շատ կապիտալ, քան մեծամասնությունը։ Գրեթե բոլոր հեղափոխությունների, ներքին ընդվզումների ու բախումների հիմքում այս անհամաչափությունն է։ Բայց դա մեծ մասամբ բնական անհամաչափություն է, որը ժամանակակից պետությունները հաղթահարել են որոշակի համակեցության կանոններ հաստատելով և «բարեկեցիկ պետության» կառուցմամբ։

«Բարեկեցիկ պետության» հայեցակարգի շրջանակներում գործատուն ստանձնել է սոցիալական պատասխանատվություն՝ արժանապատիվ վարձատրություն տալով, հարկեր վճարելով ու սպառողի շահերը հաշվի առնելով, իսկ աշխատուժն ընդունել է մասնավոր սեփականության անձեռնմխելիության սուրբ կանոնն ու մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմը։ Պետությունը տվյալ դեպքում դառնում է գործատու–վարձու աշխատող մեծ պայմանագրի գործիքն ու միաժամանակ դրա երաշխավորը՝ զուգահեռաբար իրականացնելով իր սոցիալական պարտավորությունները։

Որքան ամուր են պաշտպանված մասնավոր սեփականության իրավունքները քաղաքական կոնյունկտուրայից, օրենսդրորեն ու անկախ դատական համակարգի միջոցով, այնքան պաշտպանված են վարձու աշխատողի շահերը։

Լեյբորիզմը կապիտալիզմի պայմաններում է զարգանում։ Իրական գործող ու ազդեցիկ արհմիությունները շուկայական ազատ մրցակցության ծնունդ են։

Չկայացած պետություններում, մարքսիստական լեզվով ասած, դասակարգային հակասությունները սուր դրսևորումներ ունեն։ Հակասությունը հաճախ բերում է պոպուլիզմի ու նեոտրոցկիզմի։ Մարդիկ սկսում են գայթակղվել բարդ խնդիրներին պարզ լուծումներ առաջարկող դեմագոգների ասածներով։ Էքսպրոպրիատորների էքսպրոպրիացիան դառնում է ամենանորաձև գաղափարը, որն իրականում էլիտար կոռուպցիան պլեբեյական կոռուպցիայով փոխարինելու գործընթաց է (մեր «թավշյա հեղափոխականների» վարքագիծն ասվածի ապացույցն է)։

«Խլենք ու բաժանենք»–ով ճանապարհ է հարթվում դեպի դժոխք, այլ ոչ թե դրախտ։ «Խլենք ու բաժանենք»–ի միջոցով երջանկության հասնելը դեմագոգիա է ու պարզ մոլորություն։

Աշխատողի իրավունքները մեզանում ներկայումս վարվող քաղաքականությամբ չեն կարող պաշտպանվել։

Քանի դեռ բուրժուազիան վտանգ է զգում, քանի դեռ Հայաստանում շրջում է սեփականության վերաբաշխման ուրվականը, քանի դեռ կառավարությունը հետ չի կանգնել «մեղավորության կանխավարկածով» առաջնորդվելու ցնդաբանությունից, ներքին կյանքը թունավորող քաղաքական հետապնդումներից, հանրությունը պառակտող «անցումային արդարադատություն» իրականացնելու մտքից, պրոլետարիատը վատ է ապրելու։ Շատ ավելի վատ, քան մինչև նախորդ տարվա ապրիլ ամիսը։

Իսկական մայիսի 1–ը կգա Հայաստան, երբ թշնամանքը կփոխարինվի հանդուրժողականությամբ, երբ կապիտալը ոչ թե կփախչի Հայաստանից, այլ կվերածվի ներդրման, երբ կներդրվի բաժնետիրական կառավարման մշակույթ, երբ քաղաքական դեմոկրատիայի հիմքում կլինի տնտեսական դեմոկրատիան, և երբ պոպուլիզմն ու դեմագոգիան իրենց տեղը կզիջեն ռացիոնալիզմին ու արդյունավետ կառավարմանը։

Իսկ առայժմ մայիսի 1–ն ընդամենը օրացույցի վրա մի կարմիր կետ է, և այդ օրն ընդամենը աշխատանքի չգնալու օր է այն դեպքում, երբ աշխատանք շատերի համար չկա էլ։

Ի դեպ, պաշտոնապես Հայաստանում գործազրկությունը 20 տոկոսի միջակայքում է։ Դասական մակրոտնտեսագիտությունը հուշում է, որ պետք է լրջորեն անհանգստանալ, երբ գործազրկության մակարդակը հատում է աշխատունակ բնակչության 6 տոկոսի շեմը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը