Մեկնաբանություն

06.05.2019 13:55


«Սուտ Նիկոլ» ու «արևմտամետ Նիկոլ» ակցիաները

«Սուտ Նիկոլ» ու «արևմտամետ Նիկոլ» ակցիաները

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը վարում է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը մեզ հավասարապես գժտեցնում է միջազգային ուժային կենտրոնների հետ։ Դա փաստացի «ո՛չ, ո՛չ»–ային արտաքին քաղաքականություն է։

«Ո՛չ, ո՛չ»–ային քաղաքականության էությունը հետևյալն է՝ սխալ թույլ տալ, օրինակ, Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Հետո փորձել ուղղել սխալը՝ Արևմուտքի հանդեպ սխալ քայլ անելով։ Եվ հակառակը։ Հենց այդ քաղաքականության շրջանակներում է Փաշինյանը Բոլթոնի պլանով բանակցում, իսկ հետո զորախումբ ուղարկում Սիրիա՝ փորձելով կոմպենսացնել սեփական սխալները։ Խնդիրներ է առաջացնում հայ–ռուսական հարաբերություններում անկյունաքարային հանդիսացող ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցում, իսկ հետո քծնում է Պուտինին ու հարցազրույց տալիս ռուսական մամուլին՝ հայտարարելով, որ ինքն ամենաշատն է քննադատում ամերիկացիներին, այսինքն՝ ուզում է ապացուցել, որ արևմտամետ չէ, և այսպես շարունակ։

Ահա այսպես մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնելով՝ Փաշինյանը, կամա թե ակամա, թավշյա հեղափոխությանը տալիս է արտաքին քաղաքական վեկտոր։

Հիմա փորձ է արվում Նիկոլ Փաշինյանին դարձնել Ռուսաստանի զոհ։ Փորձ անողներն իր իսկ շրջապատի ներկայացուցիչներն են, որոնք ուզում են «գործ կպցնել» Արևմուտքից։ Արևմուտքն էլ դեմ չէ այդ «գործ կպցնողների» հովանավորը դառնալ՝ փորձելով լուծել սեփական խնդիրները Փաշինյանի ձեռքերով։

Տեսնելով, որ «ժողովրդի վարչապետի» մոտ գաղափարական առումով կատարյալ դատարկություն է, բոլորը ներսից ու դրսից ուզում են լցնել այդ դատարկությունը։

Այդ դատարկությունն է պատճառը, որ տրանսգենդերների թեման, մաքսավորին աշխատանքից հեռացնելն ու փողոցում կերած խորովածն են մղվում առաջին պլան և լցնում կառավարության քաղաքական օրակարգը։

Ինչ մնում է արտաքին ոլորտին, ապա Արևմուտքը շանս է տեսել Հայաստանում տեղի ունեցածին աշխարհաքաղաքական տեսք տալու հարցում։ Դրսի ու ներսի համապատասխան շրջանակները հաշվել են, որ Նիկոլ Փաշինյանին նյարդայնացրել են «սուտ Նիկոլ» ակցիան ու դրա կազմակերպիչները, ուստի որոշել են նրա սիրտը շահել՝ դավադրություն մատուցելով։

Ըստ այդմ՝ «Atlantic Council» պարբերականը «սուտ Նիկոլ» ակցիայի բուն կազմակերպիչ է ներկայացնում Ռուսաստանին։ Փաշինյանի համար սովետական «Պրավդայի» ֆունկցիա կատարող «Ազատություն» ռադիոկայանը, մամուլի մյուս իշխանամետ միջոցները և Փաշինյանի սոցցանցային թիմակիցները տարածում են ամերիկյան այդ պարբերականի գրածները։ Արդյունքում ստացվում է, որ Փաշինյանը համարում է, որ իր դեմ աշխատում են ռուսները։

Նշյալ ամերիկյան պարբերականն «աչքով և ունքով» հասկացնում է, որ այս ամենը նման է վրացական և ուկրաինական «գունավոր» հեղափոխություններին, որոնց ժամանակ ՌԴ–ն դեմ էր հեղափոխությանը և աշխատում էր հեղափոխականների դեմ։ Նիկոլ Փաշինյանն այդպիսով ներկայացվում է որպես Սահակաշվիլի կամ Պորոշենկո՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Թե ում է ձեռնտու Հայաստանն աշխարհաքաղաքական հորձանուտի մեջ ներքաշելն ու մեր երկիրը հզորների բախման թատերաբեմ սարքելը, դժվար չէ կռահելը։ Միակ հարցականն այս պատմության մեջ այն է, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը գիտակցաբա՞ր է մեր երկիրը մտցնում այսպիսի վտանգավոր խաղի մեջ, թե՞ նրան օգտագործում են որպես մանիպուլյացիայի գործիք։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը