Հարցազրույց

10.05.2019 09:57


«Փաշինյանը դա արել է Մոսկվային սփոփելու համար, բայց այն լսվել է նաև ԱՄՆ-ում»․ Սթրոնսկի

«Փաշինյանը դա արել է Մոսկվային սփոփելու համար, բայց այն լսվել է նաև ԱՄՆ-ում»․ Սթրոնսկի

«168 Ժամը» մի քանի հարց էր ուղղել Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկիին, ում թվիթերյան գրառումն օրերս լայն քննարկման առարկա էր դարձել հայաստանյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Նա մասնավորապես գրել էր. «Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ը չի աջակցել Հայաստանին թավշյա հեղափոխությունից հետո, պարզապես ճիշտ չէ՝ հատկապես այն պարագայում, երբ իշխանափոխությունից հետո Հայաստանին տրամադրվել է հավելյալ 14 միլիոն դոլար միայն 6 ամսվա ընթացքում։ Բողոքելու, մեղադրելու փոխարեն՝ Փաշինյանը վերջապես պետք է սկսի աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»։

Ի դեպ, վերջերս ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցներից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն դիրքավորել էր՝ որպես ԱՄՆ իշխանությունների ամենաակտիվ քննադատ։ Ավելի վաղ, ինչպես նաև իր ասուլիսի ընթացքում Փաշինյանը մանրամասնել էր ԱՄՆ ղեկավարությունից իր դժգոհության պատճառները։ «ԱՄՆ-ը շատ վաղուց հանդես է գալիս՝ որպես ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ Ձեզ հարց տալ և բոլորիս, իսկ ԱՄՆ-ը ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով, էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական են, որևէ մեկը չի կարող կասկածել: Իսկ ինչպե՞ս արձագանքեցին, ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին եմ ասել, որ համարում եմ, որ իրենք զրո արձագանք են տվել»,-ասել էր Փաշինյանն ավելի քան մեկ ամիս առաջ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ։

-Պարոն Սթրոնսկի, օրեր առաջ Դուք Ձեր թվիթերյան միկրոբլոգի էջումանդրադարձել էիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան քաղաքականությանը՝ պնդելով, որ ՀՀ վարչապետը ոչ թե պետք է մեղադրի Միացյալ Նահանգներին, այլ աշխատի երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում հայամերիկյան հարաբերությունների ընթացքը ՀՀում տեղի ունեցած, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո։ Տեսնո՞ւմ եք արդյոք նոր ջանքեր այս ուղղությամբ։

–Ես կարծում եմ՝ ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները շարունակում են լինել լավ։ Եվ իմ թվիթերյան գրառումն անձնապես Փաշինյանին ուղղված քննադատություն չէր։ Ըստ իս՝ նա Հայաստանի զարգացման հիանալի տեսլական ունի, և ես լիահույս եմ, որ նա կհաջողի՝ վերափոխելով ՀՀ Կառավարությունը մի կառավարության, որը հաշվետու է իր քաղաքացիների առջև և որը օգնում է բարելավել բիզնես միջավայրը, օրենքի գերակայությունը և կառավարումը։ Սա է նրա նպատակը։ Կարծում եմ՝ դա կբարելավի բիզնես միջավայրը, և հույս ունենանք, որ կստեղծի աշխատատեղեր, ինչը կնվազեցնի աղքատության մակարդակը Հայաստանում։ Սա արժանի նպատակ է, որը ես ողջունում եմ։

Իմ գրառումը պատասխան էր այն առանձնահատուկ հայտարարությանը, որը նա արել էր լրատվամիջոցներից մեկին՝ պնդելով, որ նա եղել է ՀՀ այն ղեկավարը, որն ԱՄՆ-ին ամենաատն է քննադատել։ Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է նա անհրաժեշտ համարում քննադատել ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ը, ընդհանուր առմամբ, եղել է դրական և առատաձեռն գործընկեր Հայաստանի համար։ ԱՄՆ-ը պարտավորություններ չունի Հայաստանի առջև։ Մենք պայմանագրային դաշնակիցներ չենք, ոչ էլ ընդհանուր տնտեսական գոտում ենք գտնվում։ Բայց ԱՄՆ-ը 1991 թվականից Հայաստանին որպես աջակցություն՝ տրամադրել է 1 միլիարդ դոլար։ Հայաստանը մեկ շնչի հաշվով ԱՄՆ-ից ամենամեծ աջակցություն ստացող երկրներից մեկն է։

Ավելին, ի տարբերություն այլ գործընկերների, ԱՄՆ-ը այդ աջակցությունը չի պայմանավորում ոչնչով, բացի լավ կառավարում քաջալերելուց։ Օրինակ, ԱՄՆ-ը աջակցություն է տրամադրում՝ առանց պարտադրելու ինչ-ինչ քաղաքական, տնտեսական կամ անվտանգության բլոկների անդամակցություն, այնինչ մի շարք այլ երկրներից աջակցությունը գալիս է այլ «թելերի» հետ կցված։ Ավելին, այդ 1 միլիարդ դոլարը միայն այն է, ինչը գալիս է ամերիացի հարկատուի հաշվին պաշտոնական պետական աջակցության խողովակներով և չի ներառում աջակցությունը, որը տրամադրվում է մասնավոր հիմնադրամների, բարեգործությունների և հայ-ամերիկյան համայնքի կողմից։

Ուստի, ամերիկացի ժողովուրդը միանշանակ առատաձեռն և օգտակար է եղել տարիների ընթացքում։ Ենթադրում եմ, որ վարչապետ Փաշինյանն արել է այդ առանձնահատուկ հայտարարությունը ռուսական թերթին՝ փորձելով մեղմել Հայաստանի ռուս գործընկերների տրամադրությունները, որոնք կարծես թե անհանգստանում են բարեփոխումների օրակարգից և Փաշինյանի ժողովրդավարական հանձնառություններից։ Բայց մենք այստեղ՝ Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում, իր քննադատությունը լսում ենք, և դա բարդացնում է Հայաստանի օգտին հանդես գալն այնպիսի մարդկանց համար, ինչպիսին, օրինակ, ես եմ։

-Ձեր կարծիքով՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար ի՞նչ ջանքեր պետք է ներդրվեն նոր Կառավարության կողմից, և ինչո՞ւ դրանք չենարվում, եթե Դուք պնդում եք, որ պետք է աշխատել, ոչ թե մեղադրել։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում մեր հարաբերություններում։

–ՀՀ նոր կառավորությունը երկրի վերափոխման հիանալի տեսլական ունի։ Ներկայումս հարկավոր է այդ տեսլականը գործողության վերածել։ Փաշինյանը վարչապետ է դարձել մեկ տարի առաջ, և նրա կուսակցությունն ունի ամբողջական վերահսկողություն խորհրդարանում արդեն 4 ամիս։ Ժամանակն է, որպեսզի նա ներկայացնի հստակ ծրագիր, թե ինչպես է «Իմ քայլը» իրականացնելու այդ հավակնոտ տեսլականը։ Կարծում եմ՝ ԱՄՆ-ը պատրաստ կլինի աջակցել այդ անցումային փուլում, այնուամենայնիվ, միայն հայերը կարող են որոշել, թե ինչպես են ցանկանում փոխել իրենց երկիրը։ ՀՀ կառավարությունը պետք է նշի, թե որոնք են առաջնահերթությունները և ծրագրերը, որից հետո ԱՄՆ-ը կարող է «կարել» իր աջակցությունը՝ նպաստելով այդ ծրագրերի իրագործմանը։

Բնականաբար, կան տարաձայնություններ ԱՄՆ-ՀՀ հարաբերություններում։ Բայց դա բնական է։ Բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը ու Կանադան, ունեն տարաձայնություններ, չնայած մտերիմ դաշնակիցներ են։ Հայկական տեսանկյունից, կարծում եմ, որ Թրամփի աշխատակազմի կոշտ մոտեցումն Իրանի ուղղությամբ անհանգստության առարկա է։ Դա դժվարություն է Հայաստանի համար, որին հարկավոր է լավ հարաբերություններ Իրանի հետ։ Ամերիկյան տեսանկյունից Սիրիայում հայկական խաղաղապահ, ականազերծող ուժերի տեղակայումն է անհանգստության պատճառ։

ԱՄՆ-ը ու Ռուսաստանը Սիրիայում մոտեցել են առճակատման։ Ուստի ԱՄՆ-ում պատրաստված ականազերծողների տեղակայումն այնտեղ ի աջակցություն Ռուսաստանի՝ այստեղ՝ Վաշինգտոնում, անհանգստությունների պատճառ է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ամերիկահայկական հարաբերությունները միանշանակ ավելի լավ են, քան մեկ տասնամյակ առաջ՝ 2008-2009 ժամանակաշրջանում։

Ձեր նախորդ պատասխանում անդրադարձել էիք մասամբ այս թեմային։ Թեման լրացնող հարց ունեմ՝ ԱՄՆին ուղղված Փաշինյանի քննադատությունն ինչպե՞ս կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա, կամ ինչպե՞ս կընկալվի Նահանգներում։

–Հայ-ամերիկյան հարաբերությունների համար դա օգտակար չէ։ Ինչպես նշել էի, նա, ամենայն հավանականությամբ, այդ հայտարարությունն արել է Մոսկվային սփոփելու համար, բայց իր մեկնաբանությունները նաև լսվել են ԱՄՆ-ում։ Գիտեմ, որ ՀՀ կառավարությունը հիասթափված է Իրանի ուղղությամբ Թրամփի աշխատակազմի արտակարգ կենտրոնացումից և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածության բացակայությունից։

Ես ևս հիասթափված եմ Թրամփի աշխատակազմից, մասնավորապես՝ իրանական քաղաքականությունից, որը մոլորություն է։ Բայց քննադատությունը միանշանակ Վաշինգտոնի ուշադրությունը դրականորեն չի գրավելու՝ հաշվի առնելով այն փաստը, որ քննադատությունը հիմնավորված չէ փաստերով։ Այդ քննադատությունը չի գրավի բարձր մակարդակի ներգրավվածություն Թրամփի աշխատակազմի կողմից, ինչպես Հայաստանն է ցանկանում, ոչ էլ կօգնի Իրանի ուղղությամբ Թրամփի քաղաքականության հարցում ճշգրտումներ ստանալ, որոնք ավելի հարմար կլինեն Հայաստանին։ Ուստի դա անհաջող փորձ է։

Կարծում եմ՝ ամենալավ բանը, ինչ Հայաստանը կարող է անել, կենտրոնանալն է սեփական բարեփոխումների օրակարգի վրա՝ ցույց տալով, որ նոր կառավարությունն ունակ է իրականացնել այն փոփոխությոնները, որոնք խոստացել է իրագործել մեկ տարի առաջ թավշյա հեղափոխության ընթացքում։ Կարծում եմ՝ այս նոր կառավարությունը դա կարող է անել։

Հետևելով ՀՀ նոր կառավարության արտաքին քաղաքականությանն այս մեկտարվա ընթացքում՝ ինչպե՞ս կգնահատեք այն։

Ես, հեգնանքով նշեմ, տեսնում եմ, որ այն մի փոքր ավելի է թեքված դեպի Ռուսաստան։ Բայց ես չեմ ընդունում Հայաստանում ոմանց քննադատությունը, թե նա ամենառուսամետ ՀՀ ղեկավարն է երբևէ։ Նախորդ կառավարությունը, անշուշտ, ուներ հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Բայց նաև ճանաչում էր իր աշխարհագրությունը և Ռուսաստանի դերը՝ որպես Հայաստանի հիմնական անվտանգության գործընկեր։ Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանի նպատակը ևս դա է։

Այնուամենայնիվ, Փաշինյանի բարեփոխումների օրակարգը Ռուսաստանի երկարաժամկետ շահերին դեմ է։ Ռուսաստանը նախընտրում է ոչ թափանցիկ քաղաքական և տնտեսական համակարգեր իր հարևանությունում՝ հույս ունենալով, որ կարող է օգտագործել թափանցիկության բացակայությունն իր ազդեցության տարածման համար։ Հենց դա է պատճառը, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ մեծացրել ու պահպանել է իր ազդեցությունը տարածաշրջանում վերջին 15 տարիների ընթացքում։ Անշուշտ, նախորդ կառավարության դեպքում ևս այդպես էր։

Ուստի, ՀՀ բարեփոխումների օրակարգը, ամենայն հավանականությամբ, նյարդայնացնում է Կրեմլին։ Ես չեմ դժգոհում Փաշինյանից։ Նրա առջև բարդ խնդիրներ են դրված։ Նա պետք է մեղմի Ռուսաստանին՝ միևնույն ժամանակ՝ առաջ մղելով բարեփոխումները, որոնք Ռուսաստանի շահերից չեն բխում։ Կարծում եմ, որ նրա այդ քննադատությունը՝ ուղղված ԱՄՆ-ին, և խաղաղապահ ուժերի տեղակայումը Սիրիայում գուցե Ռուսաստանին հանգստացնելու ուղիներն էին, որը նրան հնարավորություն կտար առաջ մղել այն բարեփոխումները, որոնք այդքան հարկավոր են Հայաստանին։

Այս խորագրի վերջին նյութերը