Լրահոս

01.04.2010 14:11


Ալվարդ Պետրոսյանին ՀՅԴ–ն նկատողություն է տվել

Ալվարդ Պետրոսյանին ՀՅԴ–ն նկատողություն է տվել

ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանն այսօր հաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ իր անձնական կարծիքն արտահայտելու համար կուսակցությունն իրեն նկատողություն է տվել։

-Հրապարակում նստած՝ իմ կուսակցությունը ստորագրահավաք էր անում, որ ո՛չ ենք ասում հայ-թուրքական արձանագրություններին, իսկ ես ասացի՝ ճշմարտությունը մեջտեղում է,- այսօր ասել է Ա. Պետրոսյանը՝ նշելով, որ նկատողություն ստանալուց հետո իր առաջին զգացողությունը նեղանալն է եղել, սակայն հետո հասկացել է, որ Հայաստանում վերջապես մի կազմակերպություն կա, որ 120 տարի առաջվա իր կազմակերպական խստաշունչ դիմագիծը պահպանել է՝ անկախ նրանից՝ նկատողություն ստացողը շարքային կուսակցակա՞ն է, թե՞ հիմնադիր ընկերներից մեկը։

-Ես կարգապահական խախտում եմ արել, որովհետև որոշում էր կայացվել՝ կատեգորիկ ո՛չ։ Ես պե՛տք է հետևեի դրան։ Ես այդ ժամանակ մոռացա, որ Դաշնակցության անդամ եմ։ Ավելի շատ առաջին պլան մղվեց գրողական իմ մտքի հավակնությունը, և իմ սեփական կարծիքն ունեցա,- ասել է ՀՅԴ պատգամավորը,- ես էլի այն կարծիքին չեմ, որ շատ կոպիտ բան եմ ասել։

Միաժամանակ նա ավելացրել է, որ ոչ ոք իրեն ստիպողաբար չի դարձրել կուսակցական, իսկ կուսակցական լինելը որոշակի սահմաններ է նշանակում.

-Ճիշտ եմ ես ինձ համարում, թե սխալ՝ ես կուսակցության մեջ եմ և կարգապահական այդ պահանջները պետք է կարողանամ կատարել։ Չէ՞, լիքը ազատ գրող և մտավորական կա, որ որևէ կուսակցության մեջ չի և կարող է ազատ, անկախ իր կարծիքը հայտնել։ Ես մտել եմ, ուրեմն պարտավո՛ր եմ ենթարկվել։

Ա. Պետրոսյանին ՀՅԴ-ի նկատողության ժամկետը լրանալու է մայիսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը