Լրահոս

01.04.2010 15:02


«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

ՀՀ Կառավարության փետրվարի 25-ի նիստին հաջորդող օրերին  ստեղծվեց ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնությունը, որը, սկզբնավորվելով համացանցում, կազմակերպեց մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ' սեւեռելով հասարակության, իշխանությունների եւ զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պաշտպանության խնդրին։ Այն մի քանի օրվա ընթացքում ձեռք բերեց 3.000 անդամ, այսօր արդեն հատել է 5.500-ը։ Նախաձեռնությունը միտված է միմիայն նշված շինության պահպանությանը'արժեւորելով նրա ճարտարապետական արժեքն ու մշակութային նշանակությունը։ Այս ամենի շրջանակում մեկնարկվեց նաեւ զանգվածային մեկ շաբաթյա ստորագրահավաք Երեւան քաղաքի կենտրոնում, որի ընթացքում նախատեսվում էր 10.000 ստորագրության հավաքագրում։ Արդյունքները գերազանցեցին սպասելիքները կրկնակի անգամ' հասնելով 23.400-ի։ Դրանք մի քանի օր առաջ ներկայացվել են պատկան մարմիններին (նամակի բովանդակությունը կցվում է)։

Այժմ նախաձեռնությունը սպասում է ՀՀ իշխանությունների, քայլերին, որոնցից  նախ եւ առաջ ակնկալում ենք ՚Մոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնել Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, որին կարող են հաջորդել տարրատեսակ քննարկումներ այդ կառույցի հետագա վերականգնման, պահպանման եւ շահագործման խնդիրների վերաբերյալ' անկախ սեփականատիրոջից ու կարգավիճակից։

Այս առիթը օգտագործելով' մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ պատրաստ ենք քննարկել այս  նշված խնդիրը ցանկացած ձեւաչափով ու ցանկացած հաստատությունում' ի շահ այս կառույցի պահպանման եւ թնջուկի լուծման։

Նախաձեռնությունը գրեթե բոլոր առիթները օգտագործել է ընդգծելու, որ այն ստեղծված է ՀԱՆՈՒՆ այդ մեծարժեք շինության պաշտպանության ու քաղաքային մշակույթի  շարունակակա-նությանն ու պահպանությանը եւ միտված չէ ընդդեմ որեւէ անձի ու խմբի, հատկապես Հայ Առեքալական եկեղեցու կառուցողական սուրբ գործի։ Նախաձեռնության յուրաքանչյուր անդամ հավատացած է, որ մշակույթը ժառանգում են ժառանգելու պայմանով։

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնություն

Անի Վերանյան, Արսեն Կարապետյան, Գոհար Ջալալյան, Մանե Թամանյան, Մելիք Կարապետյան, Նվարդ Երկանյան, Սարհատ Պետրոսյան, Սեւադա Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը