Լրահոս

11.01.2011 16:36


Երևանի քաղաքապետը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին

Հունվարի 11-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրեց վարչական շրջանի նորանշանակ ղեկավար  Էդուարդ Մուշեղյանին։  Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Համլետ Մարգարյանի աշխատանքի համար, միաժամանակ նշելով, որ վարչական շրջանի նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է  համակարգված, արդյունավետ, կարգապահ և սրտացավ աշխատանք։ Կարեն Կարապետյանը վարչական շրջանի համար որպես   կարևոր  անելիք մատնանշեց գույքագրումը. որը ներառում է բնակչության սոցիալական խնդիրների, բազմաբնակարան շենքերի, համատիրությունների, կրթամշակութային կենտրոնների, այգիների, պուրակաների, փողոցների, բակային տարածքների առկա վիճակի գնահատում։

«Եթե մենք կարողանանք վարչական շրջանի անձնագիրն ու ախտորոշումը ճշգրիտ կազմել, կկարողանանք նաև արդյունավետ կառավարել։ Վարչական շրջանի գործառույթը  բնակչության և այդ տարածքում գտնվող իրավաբանական անձանց համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումն է» ,- նշեց Կարեն Կարապետյանը , հավելելով «վարչական շրջանը պետք է բաց լինի և հստակ իմանա, թե բնակիչն ինչի կարիք ունի։ Վարչական շրջանը պետք է կարողանա նաև կանխատեսել, թե մոտ ապագայում  ինչպիսի խնդիրներ կարող են ծագել»։

Քաղաքապետը նշեց, որ , վարչական շրջանների ղեկավարներից  ամենամսյա հաշվետվություններ է պահանջելու, ընդգծելով, որ քաղաքային կառավարման համակարգի բարելավումը  քաղաքապետարան, վարչական շրջան և համատիրություն մակարդակներում անհրաժեշտություն է ։  

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

   և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը