Լրահոս

11.01.2011 16:36


Ոստիկանության ավագը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Հովհաննիսյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. դեկտեմբերի 22-ի' լույս 23-ի գիշերը' ժամը 24:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 30 շենքի դիմաց ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Հովհաննիսյանն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կարինե և Անահիտ Գասպարյաններին: Այնուհետև Ա. Հովհաննիսյանը  թողել է դեպքի վայրը և բախվել Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում կանգնած մեկ այլ ավտոմեքենայի: Կ. Գասպարյանը տեղում մահացել է, իսկ Ա. Գասպարյանը մահացել է հիվանդանոցում: Բժշկական ստուգմամբ պարզվել է, որ Ա. Հովհաննիսյանը   դեպքի պահին եղել է ալկոհոլային երկրորդ աստիճանի հարբածության վիճակում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրասպորտային պատահարի վայրը թողնելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։ Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը