Լրահոս

12.04.2010 17:35


ՍԴ-ը կքննի «Ժառանգության» Ստեփանավանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի դիմումը

Սույն թվականի ապրիլի 13-ին' ժ. 11.00-ին, ՀՀ սահմանադրական դատարանը կքննի «Ժառանգություն» կուսակցության Ստեփանավանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Անուշավան Նիկողոսյանի դիմումը' ՀՀ «Վարչական դատավարության օրենսգրքի» 118-րդ և 118.6 հոդվածները ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան լինելու վերաբերյալ:

Գործի նախապատմությունը վերաբերում է 2008թ. կայացած «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կայացած մրցույթում Լոռու մարզպետի հրահանգով Անուշավան Նիկողոսյանին կամայականորեն մրցույթի հաղթող չճանաչելուն, ինչը բացառապես պայմանավորված էր Անուշավան Նիկողոսյանի' Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի քաղաքական հայացքներին չհամնկնող, ընդդիմադիր հայացքներ ունենալու հանգամանքով: Մրցույթին որպես դիտորդ ներկա է գտնվել ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Դրան հաջորդել են բազմաթիվ դատական հայցեր, որոնք առանց բացառության ՀՀ վարչական դատարանի միևնույն  դատավոր Արծրուն Միրզոյանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի բոլոր հնարավոր կոպիտ խախտումներով մերժվել են: ՀՀ վճռաբեկ դատարանը, իր հերթին բազմիցս կիրառելով վարչական արդարադատության համակարգում դրանց կիրառումը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված ՀՀ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 233 և 234 հոդվածները, 2009-2010թ. ընթացքում սույն խնդրին առնչվող բոլոր 6 վարչական գործերով կայացված վճիռների դեմ բերված վճռաբեկ բողոքները վերադարձրել է' չընդունելով վարույթ:

Հարկ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանը իր 25.11.2008թ. ՍԴՈ-780 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին և 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող է ճանաչել վարչական արդարադատության համակարգում ՀՀ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 233 և 234 հոդվածների իրավանորմերի կիրառումը, սակայն ՀՀ Ազգային ժողովը 2009թ.-ին ՀՀ «Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելիս, շեղվելով ՀՀ սահմանադրական դատարանի  25.11.2008թ. ՍԴՈ-780 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումից, ՀՀ «Վարչական դատավարության օրենսգրքում» աննշան և ոչ բովանդակային խմբագրական փոփոխություններով վերարտադրել է ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերը:  

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը