Կարծիք

13.07.2019 15:30


Շուլերների ու սառանչայի մշակույթը

Շուլերների ու սառանչայի մշակույթը

Բանաստեղծ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը «Հրապարակին» ասում է. «Արցախյան կառավարող վերնախավը հիսուն տարի շարունակ ինքնապահպանության նպատակներով ստիպված էր եղել վարժվել թուրքական-ադրբեջանական սուլթանատի և սովետական ԿԳԲ-ի ներկայությամբ ապրելուն, կառավարման ու պետականության ուրիշ տրադիցիայի և հոգեբանության, ինչը բնական է․ դժբախտությունն սկսում է այն ժամանակ, երբ նա դա քարշ է տալիս մի ուրիշ միջավայր, որը նա դեռ պետք է յուրացնի։ Եվ ահա արցախցի երկու իշխանավորները եկան և մեր ողջ մտածողությունը լցրին հին՝ կոմունիզմի հայտնի մի ուրվականի և թուրանական պետության կառավարման ձևերի մեջ»։

Հարց, այն իշխանությունները, որտեղ Հակոբ Մովսեսը 1991-1996 թվերին մշակույթի նախարար էր, մորեխների միջավայրո՞ւմ էին հասակ առել, որ սառանչայի պես մաքրեցին Խորհդային Հայաստանի հարստությունը՝ գործարան ու գրադարան, կինոթատրոն ու ֆաբրիկա, թե՞ շուլերների մոտ աշկերտություն էին արել, որ կեղծեցին 1995, 1996 թվերի ընտրությունները ու թաղեցին երկրի ժողովրդավարական հեռանկարը, թե՞ ստիպված են եղել կոլումբական մաֆիայի ներկայությամբ ապրելուն, որ ոստիկանությունում հատուկ քիլլերների բրիգադ էին պահում, որ սպանություններ պատվիրեր։ Համաժողովրդական ունեցվածքը կողոպտելու ու ընտրություններ կեղծելու միջավայրը յուրացնելու անհրաժեշտության մասի՞ն է խոսում Մովսեսը։

Մինչև էս հարցերի պարզաբանումը, մի ավելի կարևոր հարց՝ լրագրողները էթիկական հայտարարի կգա՞ն մի օր, որ չտարածեն լոկալ ֆաշիստական հակաղարաբաղցիական խոսքը։

Ցանցային խուժան չի, որ իրար թուրք են ասում կամ փողոցի քաղքենի, որ համաքաղաքացու ծագմանն է կպնում, մամուլ է, որ պիտի առքելություն ունենա նաև հասարակական համերաշխությանը նպաստել ու ռեգիոնալ պառակտումների կրակին յուղ չլցնել։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը