Կարծիք

15.07.2019 20:00


Պետք է իշխանափոխությունը իրական, արժեքների հեղափոխության վերածել

Պետք է իշխանափոխությունը իրական, արժեքների հեղափոխության վերածել

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ընդամենը Վենետիկի հանձնաժողովի կարծիքն է, իսկ մենք, մեր երկիրը կառուցելու գործում, պետք է սեփական տեսակետներն ունենանք։

Առանց այդ կարծիքի էլ պարզ էր, որ անցումային արդարադատությունը, դատարանների բլոկադան, վեթինգը մտածված գաղափարներ չէին, դա ընդամենը PR արշավ էր։

Նման ցուցակը կարելի է շարունակել․ ուղիղ ժողովրդավարություն, 2,5 միլիարդ բանակին հատկացնելու խոստում, Սահմանադրության փոփոխություն, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, Կուսակցությունների մասին նոր օրենք, կոռուպցիայի չլինելը, կառավարության դուռը ժողովրդի դուռը լինելը ընդամենը անպատասխանատու հայտարարություններ էին ու ունեին ու ունեն մեկ նպատակ, ինչ-որ կերպ մարդկանց համոզել, որ եղել է հեղափոխություն, այլ ոչ թե իշխանափոխություն, որը կարող էր լինել նաև ընտրությունների միջոցով, եթե ընտրական համակարգը աշխատեր։

Հեղափոխության մասին ստեղծված միֆը գործող իշխանությանը պարտադրում է ոչ թե էֆեկտիվ կառավարմամբ զբաղվել, այլ ամեն ինչ անել համոզելու համար, որ եղել է հեղափոխություն, արդյունքում առաջին պլան են գալիս մարդիկ, որոնք ծառայում են այդ միֆին՝ ավանտյուրիստ իրավաբաններ, ինքնահռչակ ՍԴ նախագահ, պատգամավորներ, որոնց խնդրում են լռել, որ վերջնականապես չհեղինակազրկվի այս խորհրդարանը, այնինչ պատգամավորի գործը հենց խոսելն է, ու նրանք լռում են մեր հարկերի հաշվին։

Դա չի նշանակում, որ իշխանափոխությունը պետք չէր, որ նախկինում լավ իշխանություն ենք ունեցել, որ կոռուպցիա չկար, որ քաղաքականությունը ճահճի չէր վերածվել և այլն։ Դա նշանակում էր, որ մի չարիքից ընկել ենք մյուս չարիքի գիրկը, իսկ պետություն կառուցում են սթափ մտքով՝ առանց մարդկանց մոտ բացասական զգացմունքներ հրահրելու և դրանք օգտագործելու սեփական նեղ անձնական նպատակների համար։

Վաղ, թե ուշ այդ բլեֆը շատերի համար պարզ է դառնալու։

Ակնհայտ է արդեն, որ նման խորհրդարանը երկար չի գործելու։ Խորհրդարանական կառավարման մոդելը ենթադրում է պարբերական խորհրդարանական ճգնաժամեր ու արտահերթ ընտրություններ։

Հ․Գ․ Անկախ ամեն ինչից՝ հեղափոխություն-իշխանափոխությունը բարիք էր, պետությունը նման ռիսթարթի կարիքն ուներ, ուղղակի պետք չի կես ճամփին կանգնել, պետք է իշխանափոխությունը իրական, արժեքների հեղափոխության վերածել։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը