Կարծիք

18.07.2019 13:45


Մեծ է ցանկությունը, մեղադրելով Քոչարյանին, փորձել ինքնամաքրվել, ինքնաարդարացվել

Մեծ է ցանկությունը, մեղադրելով Քոչարյանին, փորձել ինքնամաքրվել, ինքնաարդարացվել

Վենետիկի հանձնաժողովն իր վերջին զեկույցում Հայաստանին վերաբերող կետում վեթթինգի անթույլատրելիության գաղափարն անմիջականորեն կապեց Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հաջորդիվ Փաշինյանը հայտնում է, որ եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ինքը կարող է տանկերը մտցնել Երևան ու ճզմել ընդդիմադիր դրսևորումները։

Փաշինյանն էլի փորձում է ներքին լսարանին ուղղված հայտարարություններով ինչ֊ինչ մեսիջներ հղել արտաքին աշխարհին. զգում է՝ եթե ոչ այսօր, վաղն անպայման լինելու են թե՛ ՄԻԵԴ որոշումներ, թե՛ աշխարհն է փաստելու՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ավելին՝ չեմ կարծում, որ ռացիոնալ միտք ունեցող որևէ մեկը կասկածում է այդ ձևակերպման ճշմարտացիության վրա. միայն ժամանակի խնդիր է ու հույսի, թե գուցե քայլիշխանությունը խելքը կհավաքի գլուխը, իսկ ժամանակը գնալով սպառվում է... Միաժամանակ, Փաշինյանը փորձում է սեփական խոսքի տողատակով հրամցնել երկու միտք՝ նախ որ ինքը չափազանց դեմոկրատ է, ու թեև շատերն են Քոչարյանին համարում քաղբանտարկյալ, ինքը որևէ ռեպրեսիվ միջոց չի ձեռնարկում, բացի այդ, վերստին բայց էլի ապարդյուն ցույց է տալիս, թե տեսեք՝ Քոչարյանը տանկեր է մտցրել, ինքը՝ ոչ, այլ խոսքով՝ ինքը «լավն» է, Քոչարյանը՝ «վատը», վերջապես Փաշինյանը չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ 2008 թվականին իր պետականաքանդ թիմի՝ իշխանության գալու ուղին փակեց հենց Քոչարյանը, ուստի մեծ է ցանկությունը, մեղադրելով Քոչարյանին, փորձել ինքնամաքրվել, ինքնաարդարացվել, սակայն մոռանում է, որ Քոչարյանը 2008 թվականին գործել է բացառապես օրենքի շրջանակներում ու լինելով Սահմանդրության երաշխավորը՝ իրոք պահպանել է սահմանադրական կարգը։

Հավանաբար, Փաշինյանը մոռացել է, որ Քոչարյանի դատավարությունն ընթանում է խայտառակ ու ակնբախ խախտումներով, իսկ իշխանության ազդեցությունն այդ խախտումներին ապացուցված է գաղտնալսման ձայնագրություններով ու ոչ միայն, ուստի զուր է ջանում պատրանք ստեղծել, թե Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, ինքն էլ բացառիկ ժողովրդավար առաջնորդ է։

Հ.Գ. Վենետիկյան ջրերի՞ վրա էլ ես տանկեր հանելու, եթե, իհարկե, ունակ ես առհասարակ տանկեր հանելու հրաման տալու. հանգիստ նստի՛ր տեղդ ու էդ զեկույցը վերստի՛ն կարդա, պարո՛ն վարչապետ. դու գուցե կարող ես ձևացնել, որ ո՛չ լսում ես, ո՛չ տեսնում, մինչդեռ Վենետիկում կամ առհասարակ աշխարհում բոլորը չեն համր կամ կույր...

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը