Կարծիք

30.07.2019 14:46


Բաց նամակ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին

Բաց նամակ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին

Հարգելի՛ պարոն Սինանյան,

«Խորին հիացմունքով» տեսա Ձեր և ռուսաստանաբնակ մի խումբ անհաջողակ գործարարների հանդիպման տեսագրությունը, և այդպիսի «սրտաճմլիկ» տեսարանից հետո ինձ մի կերպ պահեցի, որպեսզի չընկնեմ գետնին: Ձեր սրտառուչ և հուզախառն ելույթը՝ ուղղված Ռուսաստանի հայերին և առհասարակ սփյուռքահայությանը, ինձ պարզապես ցնցեց և եկավ ինձ համոզելու, որ անցած 25 տարում չի եղել ո՛չ Հայաստան պետություն, ո՛չ հայոց նորագույն պատմություն, ո՛չ ձեռքբերումներ, ոչ էլ Սփյուռքի հետ աշխատանք: Եղել են (ըստ Ձեզ) միայն թալանով զբաղված, ինչ-որ անհասկանալի գործունեություն ծավալած անձինք, որոնք ոչ մի լավ բան չեն արել Հայաստանի համար, և հիմա արդեն՝ թավշյա հեղափոխությունից հետո, «ժամանակն է, որպեսզի հայերը սկսեն օգնել Հայրենիքին»:

Պարո՛ն Սինանյան, մենք այդ 25 տարին ընկալել ենք որպես պատերազմ հաղթելու և տնտեսություն զարգացնելու ժամանակաշրջան, իսկ Դուք, ապրելով հազարավոր կիլոմետրեր հեռու, ԱՄՆ-ում, խաղաղ երկնքի տակ, ինչպիսի պատկերացում եք ձեռք բերել հայաստանյան իրականության մասին՝ պարզ չէ:
Անկեղծորեն ուզում եմ հասկանալ՝ Դուք ինչո՞վ էիք զբաղված, երբ Հայաստանում պատերազմ էր, և բոլորս բազմաթիվ զրկանքների գնով հաթեցինք այդ պատերազմն ու ազատագրեցինք Արցախը: Որտե՞ղ էիք Դուք, երբ ժողովուրդն այդ պատերազմի ավարտից հետո աստիճանաբար, բուժելով իր վերքերը, սկսեց պետություն կառուցել, սկսեց երկիր զարգացնել: Ուզում եմ իմանալ՝ արդյոք Դուք այսքան ժամանակ մեկ դրամ, մեկ լումա փոխանցե՞լ եք Հայաստանին կամ ինչ-որ բանով օգտակա՞ր եք եղել (ուրախ կլինեմ սխալվել իմ տպավորություններում):

Եթե Դուք անշահախնդիր ու ազնիվ եք Ձեր աշխատելաոճում, ուրեմն ինչո՞ւ եք ասում, թե՝ ով ինչքան կարող է, թող գումար հատկացնի Սփյուռքի գործերի հանձնաժողովին: Այստեղ, կամա թե ակամա, նմանվում եք «12 աթոռ» հայտնի ֆիլմի հերոս Օստապ Բենդերին, ով ասում էր. «Не учите меня жить, лучше помогите материально»:

Դուք հիմա գնացել եք Ռուսաստան, հավաքել այնտեղի որոշ ձախողակների ու հայտարարում եք. «Հայաստանը փոխում է իր մոտեցումը Սփյուռքի նկատմամբ»՝ առանց մասնավորեցնելու, թե ի՞նչ առումով, ի՞նչ հիմքերով և ի՞նչ նպատակներով է այդ մոտեցումը փոխվում: Ձեր այդ չհիմնավորված խոսքերից ես եզրակացնում եմ, որ Դուք էլ, Ձեր հեղափոխական առաջնորդի նման, զբաղված եք խոր պոպուլիզմով և դեմագոգիայով՝ առանց հստակ պատկերացում ունենալու, թե ինչ ուղղությամբ կամ ինչպիսի ծրագրով պետք է զարգանան Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:

Դիմելով այդ հավաքի մասնակիցներին՝ Դուք ասում եք. «Դե, ինքներդ գիտեք, թե ինչ էր կատարվում վերջին տարիներին, այդ մասին Ռուբեն Ցոլակովիչն էլ ասաց»: Հարկ եմ համարում նշել, որ Ռուբեն Ցոլակովիչը՝ նույն ինքը՝ Ռուբեն Գրիգորյանը, գործարար է, որը Մոսկվայում հայտնի է մի շարք աղմկոտ պատմություններով՝ սկսած թենիսիստ Կաֆելնիկովի հետ բնակարանային թեմայով դատական պրոցեսից, վերջացրած Մոսկվայի քաղաքապետարանից շինարարության թույլտվություն ստանալուց հետո տարածքի աղավաղմամբ (ըստ ռուսական մամուլի): Դուք ինքներդ էլ, ըստ օդում կախված լուրերի, տարիներ առաջ ԱՄՆ-ում գումար եք դիզել ինչ-որ սև գործերի արդյունքում:

Նման սկանդալային, կասկածելի, անհաջողակ մարդկանցով Դուք այսօր ուզում եք նոր ճանապա՞րհ հարթել, նոր սկզբունքնե՞ր որդեգրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:

Չի՛ ստացվելու, ես դա համոզված ասում եմ Ձեզ և Ձեր շրջապատին, քանի որ դեռ ոչ մեկին չի հաջողվել պատմությունը խեղաթյուրելով, անցյալը սևացնելով գնալ առաջ և լավ գործեր անել, առավել ևս, որ ներկան լի է դասալիքներով, իսկ հերոսները բանտարկված են:
Zareh Sinanyan

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը