Քաղաքական

30.07.2019 20:34


ՀՔԾ–ն Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրեց. նա իրեն մեղավոր չի ճանաչում

ՀՔԾ–ն Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրեց. նա իրեն մեղավոր չի ճանաչում

Հուլիսի 30–ի երեկոյան ՀՀ ՀՔԾ–ում մեղադրանք է առաջադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Դավիթ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ Դավիթ Գրիգորյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարել է, որ սա ուղիղ կապ ունի իր` որպես դատավորի մասնագիտական գործունեության ընթացքում մեկ այլ գործով կայացված երկու որոշումների հետ։

Երվանդ Վարոսյանը հավելեց, որ ծանոթանալով առաջադրված մեղադրանքի բովանդակությանը՝ կարող է պնդել, որ թեև մեղադրանքի բովանդակությունը շատ առումներով իրականությանը չի համապատասխանում, սակայն անգամ առկա տեքստը չի պարունակում հանցագործության մասին վկայող որևէ փաստական հանգամանք։

«Սա հերթական առիթն էր համոզվելու, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ ուղղակի հետապնդում է դատավորի նկատմամբ, որով փորձ է արվում սաստել նաև մյուս դատավորներին։ Միաժամանակ, այսպես լուծվեց նաև Ռոբերտ Քոչարյանի գործն այլ դատավորի փոխանցելու հարցը»,–ասաց փաստաբանը։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Այս խորագրի վերջին նյութերը