Քաղաքական

31.07.2019 20:51


Այդ ինչ-որ պատմում եք կարո՞ղ ենք ուտել. վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի հարցը Կալավանի բնակչին (տեսանյութ)

Այդ ինչ-որ պատմում եք կարո՞ղ ենք ուտել. վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի հարցը Կալավանի բնակչին (տեսանյութ)

Կալավանը գաղափարի հաղթանակ է: Այս կարծիքին է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այցելել է Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ ու ֆեյսբուքյան լայվում պատմում էր գյուղի զարգացման պատմությունը: «Անհատական ջանքի մասին» վերնագրով ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանը զրուցում էր Ռոբերտ Ղուկասյանի հետ, ով կազմել է գյուղի զարգացման 10-ամյա ծրագիր և արդեն 5 տարի է այն իրագործում է:

«Հայաստանում չկա այնպիսի գյուղ, որը չունենա սեփական ռեսուրսներ զարգանալու համար: Նույնիսկ անապատը կարող է դառնալ գրավիչ: Մենք գովում ենք մեր անցյալը, մեր պապերին ու մոռանում ենք, որ մենք իրենց սերունդ ենք և հետաքրքիր ենք նույնքան: Ամենակարևորը մեր մեջ եղած բնությունն է: Կալավանը մնացած գյուղերից ոչնչով չի տարբերվում, այստեղ մտքի հաղթանակ է տեղի ունեցել»:

Կալավանի բնակիչները արդեն 5 տարի իրենց տները հյուրատների են վերածում ու զբոսաշրջիկներ ընդունում: Ասում են՝ այդ նպատակով վերցված վարկերը մի քանի ամսում մարում են: Ռոբերտ Ղուկասյանը ծրագիրը սկսել է սեփական օրինակով:

«Հյուրատնային բիզնես ու օրգանական գյուղատնտեսություն: Մեր գյուղն այս ճանապարհով է զարգանում: Առաջին հյուրատունը եղել է իմ տան երկրորդ հարկը: 1.200.000 դրամ գումար եմ ծախսել: Բարեկարգել ենք տունը, սանհանգույցը ու արևային էներգիա ենք տեղադրել: Գյուղի 70 տոկոսը արևային էներգիայով է ջեռուցվում: Մի քանի ամսում վարկս փակել եմ»:

Վարչապետի այն հարցին, թե ինչո՞վ են սնվում եկող զբոսաշրջիկները, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց, որ հյուրասիրում են այն, ինչ տվյալ պահին ունեն իրենց անտառները:

«Այս պահին, օրինակ` ունենք լոլիկ, վարունգ, լոբի, սոխ, կարտոֆիլ, կանաչիներ և այլ բաներ: Գյուղը մի օրգանիզմի նման է աշխատում. օրինակ՝ այն ընտանիքը, որը լավ պանիր է արտադրում մատակարարում է բոլոր հյուրատներին»:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պարզվեց սոված էր, հարցրեց՝ ինչ-որ հիմա պատմում եք, կարո՞ղ ենք ուտել:

Կալավանում հիմա չափից դուրս շատ տուրիստների խնդիր ունեն: Ասում են՝ իրենց գյուղը այդքան մարդ ընդունելու համար չէ:

«Մեր առաջին ռեսուրսը մարդիկ են: Կալավանում 35 ընտանիք է ապրում, նրանցից ոչ մեկը գյուղից գնալու ցանկություն չունի: Անտառային սնունդն է, և մեր ինքնությունը: Անգամ ծառ կտրող գյուղացին հիմա հյուրատնային բիզնես է անում: Սպասում ենք բնության մեծ սիրահարների, գիտնականների ու ուսանողների»:

Time Land Fund-ի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ դպրոցական երեխաները ֆեյսբուքում Կալավան արշավներ են կազմակերպում:

Մանրամասները՝ pastinfo.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը