Հարցազրույց

05.08.2019 10:25


«Թեժ աշունը կախված է նրանից, թե ինչ գրագիտություն կդրսևորի երկրորդ նախագահն իր քաղաքական գործունեության ընթացքում». քաղտեխնոլոգ

«Թեժ աշունը կախված է նրանից, թե ինչ գրագիտություն կդրսևորի երկրորդ նախագահն իր քաղաքական գործունեության ընթացքում». քաղտեխնոլոգ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական զարգացումներին։

Հարցազրույցում բարձրացված հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

–Պարոն Բադալյան, Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցն ի՞նչ մեսիջներ էր պարունակում։

–Երկրորդ նախագահի հարցազրույցը ոչ միայն մեսիջներ, այլև հստակ ծրագրային դիրքորոշումներ էր պարունակում տարբեր բնագավառների վերաբերյալ՝ տնտեսության, Հայաստան-սփյուռք կապերի, դատական համակարգի, երկրի արտաքին ու ներքին քաղաքականության, վարչապետի գործունեության, ապագայում սպասվելիք գործողություների վերաբերյալ։ Այդ հարցազրույցում թաքնված իմաստ չկար, ամեն ինչ հստակ ներկայացված էր, Քոչարյանը տարբեր կետերով հստակ նշել է իր ապագա անելիքները։

–Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ։ Քաղաքական դաշտում թեժ աշուն կլինի՞։

–Վերջին 30 տարվա ընթացքում բազմիցս լսել եմ թեժ աշնան և թեժ գարնան մասին, բայց որևէ մեկը չեմ տեսել։ Այդ պատճառով «թեժ» տերմինին մի քիչ զգուշավոր եմ վերաբերվում։ Թեժ աշունը կախված է նրանից, թե ինչ գրագիտություն կդրսևորի երկրորդ նախագահն իր քաղաքական գործունեության ընթացքում, ամեն ինչ կախված է շատ ու շատ հանգամանքներից , այդ թվում՝ վարչապետի գործունեությունից ու աշխարհաքաղաքական իրադարձություններից։ Եթե այս բոլորը կարողանան հանրագումարի բերել, ապա ակտիվ քաղաքական աշուն է սպասվելու, եթե ոչ՝ ապա կլինի այնպիսին, ինչպես եղել է վերջին 30 տարիների ընթացքում։

Եթե Ռոբերտ Քոչարյանն աշնանը դարձյալ կալանքի տակ լինի, կարո՞ղ է քաղաքական գործընթացներն այնտեղից ղեկավարել, և ընդհանրապես, քաղաքական դաշտն ակտիվ կլինի՞։

–Երկրորդ նախագահն առաջին մարդը չէ, որ համաշխարհային պատմության ընթացքում պետք է փորձի ամեն ինչ կալանավայրից ղեկավարել, եթե, իհարկե, մինչև աշուն նա այնտեղ մնա։ Մենք դեռ չգիտենք՝ նա մինչև աշուն կմնա կալանավորվա՞ծ, թե՞ ոչ։ Իհարկե, կալանավայրից ամեն ինչ ղեկավարելը տեխնիկապես մի քիչ դժվար է, բայց անհնարին չէ։ Համաշխարհային պատմությունից կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, երբ քաղաքական այս կամ այն գործիչը, լինելով անգամ բանտում, կարողացել է համաժողովրդական շարժումներ ստեղծել ու կառավարել։

–Հարցազրույցում Քոչարյանը նշել էր, որ, եթե խորհրդարանական ընդդիմությունը չակտիվանա, ապա կհայտնվի լուսանցքում, Դուք ի՞նչ կարծիքի եք։

–Կարող եմ ասել, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկն աստիճանաբար հայտնվում է լուսանցքում, խոսքը «Լուսավոր Հայաստանի» մասին է, քանի որ մայիս-հունիս ամիսներին անցկացրած հարցումների համաձայն՝ ոչ միայն վարչապետի վարկանիշն է անկում ունեցել, այլև՝ «Լուսավոր Հայաստանի»։ Այդ քաղաքական ուժը, որից ակնկալիք ուներ Հայաստանի ոչ այնքան մեծ ընտրազանգվածը, տեսնում է, որ չի արդարացնում իրենց սպասելիքները, և սա է պատճառը, որ սոցիոլոգիական հարցումը ցույց տվեց, որ այդ ուժն իր դիրքերը զիջել է։

Նույն հարցումների համաձայն՝ ԲՀԿ-ն իր դիրքերը բարելավել է, այսինքն՝ հասկանալի է, որ ավելացել է այդ ուժի ընտրազանգվածը։ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ այն թեկնածուն, որն աջակցություն ուներ ԲՀԿ-ի կողմից, հաղթանակ գրանցեց։

Այսինքն՝ Երկրորդ նախագահի բնորոշումը, որ ընդդիմությունը կհայտնվի լուսանցքում, մասամբ է համապատասխանում իրականությանը։ Այստեղ պետք է մի բան էլ նկատեք, որ ամեն ինչ կախված է նրանից, թե երկրորդ նախագահի աջակից ուժերն ինչպիսի ակտիվություն կդրսևորեն։

–Թեև նշվում է, որ Քոչարյանն արդեն վերադարձել է քաղաքականություն, բայց Ձեր կարծիքով՝ առաջիկայում նա քաղաքականություն կարո՞ղ է վերադառնալ կոնկրետ պաշտոնով։

–Խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքականությունից դուրս չի եկել, նա երրորդ նախագահի օրոք այս կամ այն հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը պասիվ հայտնել է։ Սա նշանակում է, որ նա քաղաքականության մեջ էր և երբեք չի հեռացել։ Ինչ վերաբերում է՝ պաշտոնով կվերադառնա՞, թե՞ ոչ, այս պահին որևէ մեկը ոչինչ չի կարող ասել։

Այդ հանգամանքը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով նա կկարողանա քաղաքական գործընթացները կառավարել։ Որևէ մեկը չի խոստացել, որ այս աշնանը կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց մեկ բան հստակ է, որ գլխավոր իշխանավորի վարկանիշն անկում է ապրում, չկան ներդրումներ, քաղաքի վիճակը բավականին վատ է, այսինքն՝ չկա որևէ բարեփոխում։ Մեկ կետում Քոչարյանը կարող է հստակ հաջողություն գրանցել, որ իր հարցազրույցը բավականին մեծ արձագանքների տեղիք տվեց՝ ընդդիմության և իշխանական հատվածներում։

–Ըստ Ձեզ՝ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ Երկրորդ նախագահն ի՞նչ տեսլական ունի՝ հարցազրույցը դիտարկելով։

–Տեսլականի մասին դեռևս հստակ որևէ բան չկար, սակայն նա հստակ ներկայացրել էր առկա խնդիրները՝ Հայաստան-սփյուռք բնագավառում, որը շատ ճիշտ էր ներկայացրել։ Առկա իրավիճակի հետ կապված նրա պատկերացումները բավականին ճիշտ էին։

Այս խորագրի վերջին նյութերը