Կարծիք

06.08.2019 15:07


Փաշինյանի ապոկալիպտիկ բացահայտումների իրական պատճառները

Փաշինյանի ապոկալիպտիկ բացահայտումների իրական պատճառները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդային վերջին օրվա facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հերթական ուշագրավ հայտարարությունն արեց, որի հիմնական նպատակները ավելի խորն են...

Պարոն Փաշինյանն իր էջի հետևողներին և հանրությանը տեղյակ պահեց, որ արձակուրդի ժամանակ ընթերցել է մի գաղտնի զեկույց, որը կազմվել է դեռ 2014 թ-ին, որից նա հետևություն է արել, որ Հայաստանում պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է...

Պարոն Փաշինյանը, հանրությանը մատուցելով այս հույժ գաղտնի զեկույցի բովանդակության մանրամասները, որի հեղինակ/ներին նա գաղտնի պահեց և ասաց մի բան, որի համար էլ հիմնականում այս ուղիղ եթերը կազմակերպել էր՝ «որ հեղափոխության ժամանակաշրջանում և ինչ-որ առումով նաև դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»...

Նախ, շատ անլուրջ է, երբ երկրի ղեկավարը բացահայտում է հույժ գաղտի տեղեկություն և չի նշում նրա հեղինակ/ներին... Պարոն վարչապետը վերջապես պետք է հասկանա, որ նա Հայաստանի թիվ 1 պաշտոնյան է, և դեղին մամուլին բնորոշ ոճով հասարակությանը մատուցված տեղեկությունն ավելի շատ նման է բամբասանքի և բանսարկության, քան իրական և փաստագրված տեղեկատվության... Գործընթացները, ինչպես և սպասվում էր, չուշացան. պարոն Փաշինյանին նախկին իշխանության ներկայացուցիչները մեղադրեցին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ և պահանջեցին ապացույցներ... Ես ու շատ շատերը ևս կցանկանայինք իմանալ, թե ո՞վ է այդ գաղտի զեկույցի հեղինակը կամ հեղինակները...

Ինձ համար շատ զարմանալի էր նաև այն, որ պարոն Փաշինյանը գրեթե մոռացել է իր ընդդիմադիր ժամանակաշրջանի ելույթները և հիմա միամիտ կեցվածք ընդունելով` փորձում է հասարակությանը համոզել, որ նա չի պատկերացրել, թե ինչ վիճակում է գտնվում երկիրը... Ժամանակին Հայաստանի հասարակությունը երկրում տեղի ունեցող ապոկալիպտիկ երևույթների, կոռուպցիայի և ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին հիմնականում տեղեկանում էր պարոն Փաշինյանից, նրան պատկանող թերթից ու կայքից... Շատ զարմանալի է, որ վարչապետ դառնալուց հետո պարոն Փաշինյանն այդ մասին իմանում է ինչ-որ գաղտնի զեկույցներից...

Իսկ հիմա ամենակարևորը՝ ինչի համար պարոն վարչապետը բացահայտեց այդ գաղտնի զեկույցի մանրամասները... Պարոն Փաշինյանը, այն գաղտնազերծելով, հասարակությանը հասկացրեց, որ մոտակա ժամանակներում իր ղեկավարած կառավարությունից որևէ ոլորտում չսպասեն ինչ-որ դրական արդյունքներ... Այո՛, մեկ տարուց ավելի ղեկավարելով Հայաստանը և ունենալով սուպեր լիազորություններ` պարոն Փաշինյանն իր կառավարության տարբեր ոլորտներում արձանագրված ձախողումների և հետընթացների համար կրկին մեղադրեց նախկիններին՝ հղում անելով 2014 թ-ի ինչ-որ զեկույցի վրա... Ինչպես ժամանակին ՀՀ առաջին նախագահն էր հորդորում հասարակությանը ըմբռնումով մոտենալ հասարակության առաջ ծառացած խնդիրներին, այդպես էլ Փաշինյանն է այս ելույթով հանրությանը հասկացնում, որ մոտակա ժամանակներում ինչ-որ դրական արդյունքներ որևէ ոլորտում չսպասեն, քանի որ նա ժառանգել է ձախողված երկիր... Սակայն Փաշինյանը մի բան հաշվի չի առել, որ հասարակությունը շատ լավ տեսնում և տեղյակ է, թե ինչ "ապոկալիպտիկ" ազդեցություն ունեցավ Թավշյա հեղափոխությունը իր չտես, գյորմամիշ և դիլետանտ թիմի շատ անդամների համար, որոնք, ինչպես ռուսներն են ասում՝"из грязи в князи" դարձան և նրանց վրա բացարձակ չազդեց պարոն Փաշինյանի մատնանշած գաղտնի զեկույցը...

Ի գիտություն պարոն վարչապետի` նաև ասեմ, որ հասարակությունը շատ լավ տեսնում և տեղյակ է, թե ինչպես են ինքն ու իր թիմը "սիրախաղի" մեջ գտնվում նախկին իշխանությունների կողմից ժամանակին հովանավորվող օդիոզ օլիգարխների, հայտնի կաշառակերների, մարդատյաց իրավապահների հետ, որոնք,օրինակ, գործ էին կարում դատախազ-դատավոր տանդեմներով ու փորձում էին անմեղ զինվորներին ցմահ նստեցնել բանտերում...

Պարոն Փաշինյանն ինստիտուցիոնալ կրախի վերաբերյալ օրինակ բերեց և մատնանշեց ճանապարհաշինությունը, որտեղ անորակությունը բավական բարձր է... Հետաքրքիր է, մեկ տարուց ավելի է կառավարության ղեկավար լինելով` ՀՀ վարչապետը չի հասկացել, որ կարելի է փոխել մրցույթների կարգը, որ չհաղթի ամենաէժան գին առաջարկող մասնակիցը և հետագայում ավելի ուժեղացնի վերահսկողությունը շինաշխատանքների նկատմամբ... Այդպիսով կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը և կբարձրանա աշխատանքի որակը, որի մասին խոսում է Փաշինյանը...

Իր վերջին ապոկալիպտիկ ելույթով Հայաստանի վարչապետը արձանագրեց, որ իր կառավարությունը շատ բնագավառներում ձախողվել է, բայց դրա մեղավոր նա տեսնում է ոչ թե իր դիլետանտներով հարուստ թիմին, այլ նախորդ իշխանություններին, որը չի մեղմում նրա պատասխանատվությունը...
Պարոն Փաշինյանը մի բան պետք է լավ գիտակցի. եթե Հայաստանում գոհ լինեին, ապա հեղափոխություն տեղի չէր ունենա և նա էլ իշխանության չէր գա... Մեկ տարուց ավելի է ժողովուրդը սպասում է, բայց որքան նկատում եմ, իշխանություններին անժամկետ ժամանակ է պետք...

Ի դեպ, վերջին շրջանում վարչապետն արձանագրել է լոկալ հաջողություններ՝ ճանապարհաշինությունը Տավուշի մարզում և 8 զորամասերում փոխվել է զինվորի սննդի կարգը, որը շատ գովելի է... Լավ կլինի, որ այսպիսի լոկալ հաջողությունները վերածվեն մեծ մասշտաբի և հասարակությունն այն զգա իր կյանքի որակի վրա...
Հ.Գ. Ի դեպ, պարոն Փաշինյանի ապոկալիպտիկ բացահայտումից ամենաշատն ուրախացել են Ադրբեջանում... Պարոն վարչապետի օգնականները կամ խորհրդականները կարդո՞ւմ են ազերիական ԶԼՄ-ները կամ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ընթացող քննարկումները...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը