Քաղաքական

08.08.2019 16:13


BBC-ի հրապարակման վերաբերյալ դատախազությունն ու ՀՔԾ-ն դեռևս որևէ մեկնաբանություն չունեն

BBC-ի հրապարակման վերաբերյալ դատախազությունն ու ՀՔԾ-ն դեռևս որևէ մեկնաբանություն չունեն

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն անդրադառնալով BBC-ի հրապարակմանը՝ կապված մարտի 1-ի դեպքերի հետ, ֆեյսբուքյան իր էջում տարակուսանք էր հայտնել, թե ինչպես է ստացվել, որ օտարերկրյա լրատվամիջոցն «էքսկլյուզիվ» մուտք է ունեցել նախաքննության նյութերին:

«ՀՔԾ-ն պետք է անհապաղ հայտարարություն տարածի և, կա՛մ հերքի այս պնդումը և մեղադրի BBC ռուսական ծառայությանը ստի մեջ, կա՛մ էլ հաստատի, որ ինքն է տրամադրել նախաքննության նյութերը: Եթե ՀՔԾ-ն հայտարարի, որ BBC-ն ստում է և նրանց «էքսկլյուզիվ» հասանելիություն չի տրամադրվել քրեական գործի նյութերին, ապա ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի՝ նախաքննական գաղտնիքը հրապարակելու փաստով և գտնի արտահոսք իրացրած անձին: Մեղադրանքը կարող է առաջադրվել ՀՀ Քր. օր-ի 342 հոդվածով, ինչպես նաև նույն օրենսգրքի 299 հոդվածով՝ պետական դավաճանություն»,-գրել էր նա։

168.am-ը ՀՀ դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե դատախազությունը տեղյա՞կ է՝ նյութերը ՀՔԾ-ն է տրամադրե՞լ, թե՞ ոչ։

«Մինչև այս պահը որևէ մեկնաբանություն չեմ տվել և այս պահին էլ չեմ տա, հետո որևէ մեկնաբանություն լինի՝ կասեմ, այժմ չեմ մեկնաբանի»,-ասաց նա։

Զանգահարեցինք նաև ՀՔԾ խոսնակին, սակայն անհասանելի էր, քաղաքային հեռախոսահամարից էլ պատասխանեցին, որ խոսնակը գտնվում է արձակուրդում, ուստի որևէ մեկն իրավասու չէ որևէ բան պատասխանել։

Այս խորագրի վերջին նյութերը