Կարծիք

09.08.2019 11:50


«Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»

«Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»

Պետությունը որպես օջախ դիտարկելն ու ժողովրդին ընտանիքի անդամ համարելը հատուկ է տոտալիտար մտածողությանը և կոմպլեքսավորված էությանը։

Քադաֆին, Սադամ Հուսեյնը, Չաուշեսկուն, Թուրքմենբաշին, Էլչիբեյը, Մուգաբեն, Բեն Ալին, Մուբարաքը և նմանատիպ մյուս առաջնորդներն ամեն մեկը յուրովի համոզված էր, որ իր գլխավորած պետությունն իր օջախն է, իսկ ժողովուրդն՝ իր ընտանիքը։

Համոզված էր, քանզի իրեն համարում էր ժողովրդի հայրը։ Դե իսկ հորը չի կարելի փոխել կամ հակաճառել։ Նա պետք է ցմահ լինի։

Ստալինին, օրինակ, կոչում էին «ժողովուրդների հայր»։

Սափարմուրադ Նիյազովը ինքն իրեն հռչակել էր Թուրքմենբաշի, որը նշանակում է՝ թուրքմենների ղեկավար (գլուխ)՝ հայր։ Թուրքմենբաշին, բնականաբար, համոզված էր, որ Թուրքմենիան իր օջախն է, իսկ թուրքմեններն՝ իր ընտանիքը, ավելի ճիշտ՝ ընտանիքի երեխաները։

Մեր պաշտպանյալը ևս իրեն պատկերացնում է թուրքմենբաշու՝ ժողովրդի հոր կարգավիճակում, բայց դեռ ուղղակիորեն չի արտահայտվում այդ մասին։ Թերևս համեստությունը թույլ չի տալիս։ Բայց դե մի օր, ընդառաջ գնալով հեղկոմի կամ հպարտ քաղաքացիների բազմաթիվ խնդրանքներին, ստիպված կլինի ինքնահռչակվել հայ ժողովրդի հայր՝ մրցակցելով նախահայր Հայկ Նահապետի հետ։

Ի դեպ, բոլոր տիպի «բաշիները» շատ վատ են ավարտում իրենց քաղաքական կարիերան ու կյանքը։ Ասելս այն է, որ մարդու վերջը բարի լինի։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը