Կարծիք

15.08.2019 15:15


Հաջորդ անգամ թեմային անդրադառնալուց առաջ ձևակերպումների վերաբերյալ անպայման կխորհրդակցեմ պարոն Քոչարյանի հետ

Հաջորդ անգամ թեմային անդրադառնալուց առաջ ձևակերպումների վերաբերյալ անպայման կխորհրդակցեմ պարոն Քոչարյանի հետ

Հարգելի՛ ընկերներ և ոչ այնքան,
Ցավում եմ, որ նախօրեին տրված հարցազրույցում չեմ կարողացել ճշգրիտ ձևակերպել միտքս, ինչը անտեղի շահարկումների առարկա է դարձել: Փաստ է, որ քաղաքական փորձառություն ես չունեմ, հույս ունեմ՝ չեմ ունենա, քանի որ դա դուրս է իմ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակից։ Հաշվի առնելով, որ առանձին հարցադրումների կապակցությամբ կարևորվում է անձամբ պարոն Քոչարյանի, ոչ թե իմ մասնագիտական կարծիքը՝ հաջորդ անգամ թեմային անդրադառնալուց առաջ ձևակերպումների վերաբերյալ անպայման կխորհրդակցեմ պարոն Քոչարյանի հետ և կկիսվեմ արդեն իր կարծիքով։
Հարցի շուրջ պատասխանս փոքր-ինչ ուշացավ, քանի որ մինչ այս փորձում էի լրատվամիջոցի հետ կոնստրուկտիվ քննարկման արդյունքում շտկել այն ապատեղեկատվությունը, որից էլ ծավալվել էր քննարկումը։ Նշեմ, որ իմ կողմից չի արտահայտվել նյութում աննուղակի հնչեցված այնպիսի ամփոփ միտք, իբրև թե Երևան են տեղափոխվել կոնկրետ ազատագրված տարածքների զինծառայողներ։ Դա սխալ պնդում է, մնացյալը՝ լրագրողական տեխնիկայի հարց։
Ինչ վերաբերում է հայրենասիրական բացականչություններով հանդես եկող առանձին անձանց, լավ կլինի, որ հայրենասիրությունն էլ ընտրողաբար չդրսևորեն և նույն եռանդով ձեռնամուխ լինեն իրավական պետության գաղափարի ամրապնդմանը։
Անվերապահորեն ընդունում եմ նաև այն սխալս, որ բազմաբովանդակ զրույցի ընթացքում հնչեցված, քաղաքական երանգ ունեցող նուրբ իրավական հարց պարունակող կոնտենտի մշակումը վստահել եմ Հանրայինին։

Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, ում հետ մասնագիտական աշխատանքը կառուցում ենք փոխադարձ վստահության ու հարգանքի վրա։

Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը