Լրահոս

22.04.2010 13:56


ՄԻՊ. «Մարդիկ ոստիկանություն են գնում և այնտեղից մահացած են դուրս գալիս»

ՄԻՊ. «Մարդիկ ոստիկանություն են գնում և այնտեղից մահացած են դուրս գալիս»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կրկին քննադատել է ոստիկանության աշխատանքը։ Այս անգամ ՄԻՊ-ը անդրադարձել է  ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան դեպքին։

«Արդեն մենք տեղյակ ենք, որ ձերբակալված անձ կա։ Բայց մենք երեկ արդեն նշել էինք, որ մեզ համար բոլոր վարկածներով էլ, որոնք հետագայում ապացուցվեն, միևնույնն է, պատասխանատվության խնդիր կա, որովհետև սա արդեն առաջին դեպքը չէ, երբ մարդիկ ոստիկանություն են գնում և այնտեղից մահացած են դուրս գալիս։ Կամ պետք է ցուցանակ խփենք ոստիկանության համապատասխան բաժինների կողքին, որ ոստիկանությունը առողջության համար վնասակար է, և մոտ չգան, կամ պետք է մարդիկ վերջապես ինչ-որ միջոցներ ձեռնարկեն, որովհետև սա առաջին դեպքը չէ... Ղուլյանի գործն եք հիշում, այս դեպքում՝ այս գործը»,- հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանի մահը ոստիկանության Չարենցավանի բաժինը ներկայացրել էր որպես ինքնասպանություն։ Դրան հաջորդել էր Խալաֆյանի հարազատների նամակը, որում նշված էր, որ Վահան Խալաֆյանը սպանվել է։ Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն ասել է. «Պետք չէ մեզ համոզել, որ դա իրոք ինքնասպանություն է եղել, որովհետև եթե անգամ դա ինքնասպանություն է եղել, միևնույնն է, ոստիկանություն բերված մարդուն... իրենք պետք է միջոցներ ձեռնարկեն, որ դա էլ չլինի։ Դա միանշանակ մեր կողմից դատապարտվում է»։

Այս խորագրի վերջին նյութերը