Հարցազրույց

07.09.2019 09:02


Հակասող հայտարարություններ է անում, չենք կարողանում հասկանալ՝ կոնկրետ ինչ է ուզում. Տարասովը՝ Փաշինյանի՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպման և մյուս հայտարարությունների մասին

Հակասող հայտարարություններ է անում, չենք կարողանում հասկանալ՝ կոնկրետ ինչ է ուզում. Տարասովը՝ Փաշինյանի՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպման և մյուս հայտարարությունների մասին

Նիկոլ Փաշինյանը հակասող հայտարարություններ է անում, ու մենք չենք կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ է ուզում Փաշինյանը, ինչ նկատի ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Նա նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, թե Մոսկվան որոշել է ձերբազատվել Փաշինյանից, ապատեղեկատվություն է, բայց միևնույն ժամանակ ասաց, որ ՌԴ իշխանությունները չեն հասկանում, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ ներկայիս իշխանությունը կարևոր հարցերի շուրջ:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել էր «Սասնա ծռեր»-ի հետ, ինչից հետո վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը հարցազրույցում ասել էր. «Կրեմլը որոշում ունի օր առաջ ձերբազատվել Փաշինյանից»: Արդյոք դա այդպե՞ս է:

-Ինչ-որ խմբավորում, ինչ-որ կուսակցություն խոսում է նրա մասին, թե Կրեմլն ուզում է, չի ուզում… Որտեղի՞ց գիտեն: Մենք նման ինֆորմացիա չունենք: Նման որոշում չկա, սա բացահայտ դեզինֆորմացիա է:

-Իսկ կա՞ն արդյոք նախադրյալներ նման ենթադրություններ անելու համար:

-Մոսկվան օբյեկտիվ է, ծանոթ է Փաշինյանի բոլոր հայտարարություններին, ու վերլուծելով դրանք՝ կարող եմ ասել, որ հակասությունները շատ են: Նիկոլ Փաշինյանը հակասող հայտարարություններ է անում, ու մենք չենք կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ է ուզում Փաշինյանը, ինչ նկատի ունի:

Օրինակ՝ Ղարաբաղի մասով արված հայտարարություններն ինձ համար այդպես էլ հասկանալի չեն: Մեկ նա հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, մեկ ասում է, որ Ղարաբաղն ու Հայաստանը մեկ են, որ Արցախը Հայաստան է: Եթե ուզում ես մի բան անել, ապա արա, եթե ուզում ես փոխել բանակցությունների ֆորմատը, ապա փորձիր փոխել, հրաժարվիր ներկայիս ֆորմատից, եթե չես ուզում փոխել, ապա ինչո՞ւ ես հայտարարում, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցություններ: Բայց կոնկրետ ոչ մի քայլ չի արվում: Հակառակը՝ բանակցություններն ընթանում են այնպես, ինչպես ընթանում էին նախորդ իշխանության դեպքում, ոչինչ չի փոխվել:

-Ձեր կարծիքով՝ ո՞րն է հակասական հայտարարությունների պատճառը:

-Եկեք անկեղծ խոսենք: Հայաստանի արտաքին քաղաքականությունը դառնում է ավելի պրովինցիալ: Հայաստանը չի կարողանում հաշվարկել տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քրդական հարց կա, բազում այլ հարցեր կան, ու արդյոք դրանք ներկայիս իշխանության օրակարգո՞ւմ են: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը ուզում է լինել ամբողջ հայության լիդերը, բայց արդյոք դա ուզո՞ւմ է հայությունը: Երբ Փաշինյանը կասի, թե կոնկրետ ինչն է ուզում, անկախ նրանից մենք կհավանենք դա, թե ոչ, մենք կգնահատենք: Բայց քանի դեռ Փաշինյանը ոչ մի կոնկրետ բան չի ասում…

-Իսկ ինչո՞ւ կառավարությունը չի կարողանում հաշվարկել մարտահրավերները:

-Կարծում եմ, որ Փաշինյանի խորհրդակցական ապարատը շատ թույլ է, նրա խորհրդականներն են խնդիրը, վերլուծական ծառայություն չկա: Այնպիսի տպավորություն է, որ կարդացել են ինչ-որ բաներ ու դրանք հրապարակում են, փորձում են իրականություն դարձնել: Երիտասարդներ են, ժամանակակից մոտեցմամբ, բայց Սերժ Սարգսյանի թիմից ավելի հետ են մտածողության, նորարարության տեսանկյունից: Գիտելիքներ են պետք, պետք է սովորել, նստել գրադարաններում, գրքեր կարդալ, ոչ թե հանրահավաքներում ելույթներ ունենան:

-Օրերս Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում ասել էր. «Ռուսաստանը միշտ իրավունք ուներ կասկածելու, և մենք միշտ կասկածվողի դիրքում էինք։ Եվ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ իմանալու՝ արդյոք կա՞ն փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»: Կա՞ն արդյոք նման կասկածներ:

-Ռուսաստանը սովետական միություն չէ, իմպերիա է և ունի իր առաջնահերթությունները, շահերը: ՌԴ-ն մեծ պետություն է, ու եթե կան կասկածներ կամ առարկություններ ՌԴ նկատմամբ, ուրեմն թող գտնի իր համար նոր դաշնակից: Ո՞վ է նրան խանգարում գտնել ուրիշ դաշնակից: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ Փաշինյանը կոնկրետ չի հայտարարում, թե ինչ է ուզում, ուր է գնում: Թող ասի՝ այո՛, ես ուզում եմ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, ԱՄՆ հետ, թող ասի, որ աշխատում եմ Եվրոպայի հետ, փաթաթվում եմ Ալիևի հետ, ու ամեն ինչ հասկանալի կդառնա: Բայց ինչպես տեսնում եք, ոչ մի կոնկրետ բան չի ասվում: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կար հստակ դիրքորոշում, որի հետ ՌԴ-ն հաշվի էր նստում` անկախ նրանից հավանում է, թե ոչ:

Այս խորագրի վերջին նյութերը