Լրահոս

15.09.2019 11:44


Արջը դեռ ոռնում է․ Արագածի այն հատվածը, որտեղ ողբերգական դեպքն է եղել, դեռ վտանգավոր է

Արջը դեռ ոռնում է․ Արագածի այն հատվածը, որտեղ ողբերգական դեպքն է եղել, դեռ վտանգավոր է

Արագած լեռան այն հատվածը, որտեղ ողբերգական դեպք է գրանցվել, վտանգավոր է ալպինիստների համար։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։

«Մենք տեղեկություն ստացանք, որ այդ տարածքից լսվում է գազանի մռնչյունը։ Ամենայն հավանականությամբ, նա դեռ վտանգ է ներկայացնում մարդկանց համար։ Ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել, որպեսզի ալպինիստները, որոնք պատրաստվում են բարձրանալ Արագած, փոխեն ուղիները, մինչև հասկանանք՝ ինչ է կատարվում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում գտնվող ազգությամբ լեհ տղան իր նշանածի հետ Արագած լեռ էր բարձրացել։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել է նրանց վրա։ Երիտասարդը սկսել է կռիվ տալ կենդանու հետ՝ փրկելով ընկերուհու կյանքը։ Արջը, որն ամուր բռնել է տղային, սկսել է գլորվել ու տղայի հետ ժայռից գահավիժել է ցած։ Աղջիկն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր մեկնած իրավապահներն ու փրկարարները հայտնաբերել են տղայի դին։

Դանիելյանի խոսքով՝ կենդանու վարքը նորմալ չէ։ Նա չի հիշում, որ վերջին տարիներին արջերը հարձակված լինեն ալպինիստների վրա։

«Ինձ թվում է, որ 20 տարի նման բան չի եղել։ Այնտեղ արջերը, իհարկե, շատ են, բայց, հեռվից տեսնելով մարդկանց, իսկույն փախել են, խուսափել են մեզ հետ հանդիպումից։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք արջի աննորմալ վարքի հետ։ Կարող է կատաղություն լինել կամ ինչ-որ հիվանդություն, միգուցե նա վիրավոր է եղել, բայց ակնհայտ է, որ մի բան այն չի եղել»,-նշեց նա։

Ալպինիզմի ֆեդերացիայի անդամ Լևոն Մովսիսյանն էլ չի բացառում, որ զբոսաշրջիկներն անցել են գիշատչի որջի մոտով։

«Հազիվ թե արջը հարձակվեր որսի նպատակով։ Ամենայն հավանականությամբ, զբոսաշրջիկներն անցել են որջի մոտով։ Միգուցե մայր արջ է եղել, որը փորձել է պաշտպանել քոթոթին։ Գուցե զբոսաշրջիկները, տեսնելով կենդանուն, մոտեցել են, որ լուսանկարեն նրան։ Բայց այս ամենն ընդամենը վարկածներ են»,-ասաց նա։

Մովսիսյանի խոսքով՝ արջերն ու գայլերը հայաստանյան լեռներում շատ են։ Որպես կանոն՝ ալպինիստների խմբերն իրենց հետ ունենում են պաշտպանության միջոցներ։

«Իհարկե, գազանից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը զենքն է։ Բայց դրա կիրառումը հակասում է մարդասիրության սկզբունքներին, և մենք մեզ հետ լուսային և ձայնային տեխնիկա ենք վերցնում, որը վախեցնում է կենդանիներին։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք արագ կրակ վառել։ Համարվում է, որ արջերը վախենում են բարձր ձայնից, ուստի հաճախ խորհուրդ ենք տալիս գոռալ գիշատչին հանդիպելիս, սակայն 100-տոկոսանոց երաշխիք, իհարկե, չկա։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր դեպքն անհատական է»,-ասաց ալպինիստը։

Նա նաև նշեց, որ Արագածն այդքան բարդ լեռ չէ բարձրանալու համար, ուստի գագաթներ (դրանք չորսն են) հասնելու ուղիները բազմաթիվ են։

Մովսիսյանը հավելեց, որ կենդանիներն ագրեսիվության տեսանկյունից առավել վտանգավոր են գարնանը, քանի որ երկար ժամանակ ստիպված են եղել քիչ սնվել։

Պետք է նշել, որ քոթոթները ծնվում են որջում հունվար-փետրվարին, ավելի հաճախ՝ հունվարի առաջին կեսին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը