Հարցազրույց

19.09.2019 16:43


Եթե Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու հաշմանդամներին պետությունն աջակցում է, ուրեմն պատերազմում զոհվածների մայրերի ու այրիների պահանջը ևս արդարացի է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Եթե Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու հաշմանդամներին պետությունն աջակցում է, ուրեմն պատերազմում զոհվածների մայրերի ու այրիների պահանջը ևս արդարացի է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Կառավարության՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին ու տուժածներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը չի քննարկվում, որոշել են, լավ են արել, բայց աջակցության կարիք ունեն նաև Արցախյան պատերազմի ընթացքում ու հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների մայրերն ու այրիները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով անդրադարձավ զոհված զինծառայողների ծնողների կողմից Կառավարության շենքի առջև անցկացվող բողոքի ակցիային։

«Քանի որ կառավարության կողմից նոր քաղաքականություն է որդեգրվել և նոր չափորոշիչներ են սահմանվել զոհվածների ընտանիքների ու հաշմանդամների համար, և Կառավարությունն ի վիճակի է համապատասխանաբար 30 մլն դրամ և 15 մլն դրամով աջակցելու, զոհված զինծառայողների մայրերն ու այրիներն էլ պահանջում են, որպեսզի իրենք ևս չանտեսվեն պետության կողմից: Բայց կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը, նրանց կյանքի գինն անգին է, և աջակցության պահանջը բարձրացնող մայրերն ու այրիներն ասում են, որ իրենց որդիներն ու ամուսինները զոհվել են սահմանին և նույն աջակցությունը իրենց ընտանիքները պետք է ստանան»,-ասաց Մանուկյանը:

Հարցին, թե քանի՞ զոհված զինծառայողի ընտանիքի պետք է աջակցություն տրվի և ի՞նչ միջոցներով, Մեսրոպ Մանուկյանն ասաց. «Զոհվածների ու առաջին կարգի հաշմանդամ դարձածների մոտավոր քանակը կազմում է 6640 ընտանիք, այսինքն, ըստ տրամաբանության, այսքան ընտանիքի պետք է աջակցություն տրվի և չափն էլ պետք է նույնը լինի: Մենք մատնացույց ենք անում, թե կառավարությունն այդ գումարը որտեղից հատկացնի»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով պահանջներն ու աղբյուրները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը