Լրահոս

03.05.2010 18:18


Վարչապետը կարեւորում է Սիլիկոնային հովտում Հայաստանի ներկայացուցչության հիմնումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ամերիկյան «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատորի գործառնական տնօրեն Քեյվան Բարումանդիին։ Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը 2009 թվականի նոյեմբերին «Արմթեք-2009» համաժողովի շրջանակներում այցելել էր «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատոր եւ ծանոթացել նրա ծրագրերին ու հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, ՏՏ եւ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Որպես համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղություններ' զրուցակիցները կարեւորել են Հայաստանում «Plug and Play» ընկերության մասնաճյուղի բացումը եւ գործունեության կազմակերպումը։ Առանձնակի կարեւորություն է տրվել Սիլիկոնային հովտում հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցչության հիմնադրման ծրագրին։ Ծրագրի նպատակն է' խթանել հայ-ամերիկյան համագործակցությունը ՏՏ ոլորտում եւ լայն հնարավորություններ ստեղծել ներդրումների, պատվերների ներգրավման, ինչպես նաեւ արտադրանքի իրացման համար։
Փոխադարձաբար ընդգծվել է, որ ՏՏ ոլորտի մասնագետների եւ ընկերությունների երկկողմ հանդիպումների կազմակերպումը կարող է նպաստել կապերի սերտացմանը։

Այս խորագրի վերջին նյութերը