Լրահոս

08.10.2019 17:47


Մանվել Գրիգորյանին փորձում են ներքաշել քաղաքականության մեջ, ուզում են այն, ինչ 2008 թվականին. փաստաբան (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանին փորձում են ներքաշել քաղաքականության մեջ, ուզում են այն, ինչ 2008 թվականին. փաստաբան (տեսանյութ)

Երբ համապատասխան թաշկինակի շարժումը կամ հրահանգը կլինի այս դատարանի ուղղությամբ, գործը տեղից կշարժվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ միայն դրանից հետո իրենց կողմից ներկայացված փաստարկները կսկսեն աշխատել։

Պաշտպանի խոսքով՝ ամեն ինչ շատ է քաղաքականացված։ «Ամեն ինչ արեցինք, որպեսզի ապաքաղաքական դիրքավորենք, դա մեզ մոտ չստացվեց։ Այս կամ այն կերպ հայտնվել ենք երկու քարի արանքում, երբ որ երկու իրար հետ մրցակցող կողմերը պարտադիր ուզում են ներքաշել Մանվել Գրիգորյանին, և ցավն այն է՝ ընտանիքի հետ միասին»,-ասաց Փաստաբանը։

Ըստ նրա՝ ներկայում էլ Մանվել Գրիգորյանը չի պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել, այս կամ այն կողմն անցնել, ու դա է պատճառը, որ նա այսօր կալանքի տակ է։ Փաստաբանի խոսքերով՝ Մանվել Գրիգորյանից ուզում են այն, ինչը 2008 թվականին, տեղի է ունենում նույն գործընթացը։

«Հասկանալով՝ նախագահող դատավորի այսօրվա կարգավիճակը, որը նախկինում ունի հայտնի կայացված դատավճիռներ, հասկանալի է, որ կա որոշակի կաշկանդվածություն։ Ակնհայտ է, որ տվյալ պարագայում պատշաճ անկախ դատարան մենք չունենք։ Հասկանալով, որ ինքնաբացարկի միջնորդությունները պետք է նույն բախտին արժանանան, զուտ որպես մարդկային պարտականություն, մենք բարձրաձայնում ենք և շարունակելու ենք բարձրաձայնել, որ մեր պաշտպանյալի առողջական վիճակը ծանր է և գնալով ավելի է ծանրանում»- նշեց պաշտպանը։

Անդրադառնալով՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, Արսեն Մկրտչյանն ասաց, որ, եթե նախկինում ոտքերի անշարժությունը 70-80 % էր, ապա այսօր 90 %-ից ավել է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը