Հարցազրույց

17.10.2019 16:55


Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ՝ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը

Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ՝ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում սահմանադրագետ Գոհար Մելոյանը

-Տիկին Մելոյան, այսօր հայտնին դարձավ, որ Արման Բաբաջանյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: Խոսքը գնում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավոր, հետագայում նախագահ ընտրվելու գործընթացի մասին։ Որպես իրավաբան ինչ հիմքեր եք տեսնում քրեական գործ հարուցելու համար։

-Պատգամավորն իր դիմումը ներկայացրել էր Ազգային ժողովում դեռևս Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ դատավոր լիազորությունների դադարեցման վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման շրջանակներում: Խոսքը գնում էր նախորդ տարվա մարտ ամսին Հրայր Թովմասյանի կողմից մինչև Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելը /հիշեցնեմ, որ այդ ժամանակահատվածում դեռևս ՍԴ դատավորներին առնչվող սահմանադրական կարգավորումներն ուժի մեջ չէին մտել և սկսեցին գործել 2018 թվականի ապրիլի 9-ից/ Ազգային ժողովի պատգամավորական մանդատից հրաժարական ներկայացնելու բացակայության մասին:

Սա, ըստ իս, Սահմանադրական դատարանի դատավոր-անդամ խեղաթյուրած դիսկուրսի երկրորդ փուլն է:

Վերլուծենք իրավիճակը. պատգամավորը փորձում է հիմնավորել, որ Հրայր Թովմասյանը չէր կարող դառնալ ՍԴ անդամ, այնուհետև՝ ՍԴ նախագահ, քանի որ հրաժարականի դիմում չէր ներկայացրել և դեռևս պատգամավոր էր: Իսկ ինչ է սահմանում Սահմանադրությունը:

Նախ՝ 2018 թվականին արդեն գործում էին պատգամավորի լիազորությունների դադարման և դադարեցման 2015 թվականի Սահմանադրության դրույթները: Սահմանադրության 209-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 90-102-րդ հոդվածներն ուժի մեջ էին մտել Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:

Մասնավորապես, Սահմանադրության 98-րդ հոդվածը, որպես պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք նախատեսում է պատգամավորի մանդատի համատեղելիությունը, համաձայն որի՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Հետևաբար՝ ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները, որպես պատգամավոր դադարեցվել են օրենքի ուժով, ինչի հիմք է հանդիսացել նրա որպես Սահմանադրական դատարանի անդամ ընտրությունը:

-Տիկին Մելոյան, եթե չեմ սխալվում Արարատ Միրզոյանը կամ Նիկոլ Փաշինյանը նույնպես իրենց պաշտոնները զբաղեցրել են՝ հանդիսանալով Ազգային ժողովի պատգամավոր: Արդյո՞ք նրանց նկատմամբ ևս քրեական գործ հարուցելու հիմքեր են առկա:

-Շատ տեղին և նշանակետային խնդիր բարձրացրեցիք: Ըստ Արման Բաբաջանյանի մեկնաբանության, այո՛, եթե այս հիմքը ՀՔԾ-ն իշխանության յուրացում է որակել, ապա նույն իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը և/կամ Արարատ Միրզոյանը, քանի որ վերջիններիս լիազորությունները դադարեցվել են նույն ընթացակարգով, ինչը, բնականաբար, կրկին եմ ընդգծում՝ աբսուրդային է:

Ամփոփելով, վերահաստատեմ մոտեցումս, որ Սահմանադրության դրույթների մանիպուլյատիվ մեկնաբանությունը և խեղաթյուրումը հարված է իրավական պետության հիմքերին, և նմանաբնույթ քայլերն արժանի են քննադատության, և առնվազն գոնե իրավապահ մարմինները պետք է տեղիք չտան նմանաբնույթ երևույթներին:

Այս խորագրի վերջին նյութերը