Հարցազրույց

27.10.2019 11:48


«Եթե մի լրագրողի հետ զրույցում է դա այդքան դժվար անել, բա ի՞նչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ»․ Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)

«Եթե մի լրագրողի հետ զրույցում է դա այդքան դժվար անել, բա ի՞նչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ»․ Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)

«168 TV»«Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ

–Տիկին Էլիբեգովա, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի «Hard talk»-ին տված հարցազրույցում Արցախի վերաբերյալ դիտարկումներն ինչպե՞ս եք գնահատում: Այդ հարցազրույցի ընթացքում ստացա՞ք Արցախի հետ կապված ձեր մշտապես բարձրացրած հարցերի պատասխանները, թե՞ ոչ, պարզ դարձա՞վ՝ որն է Հայաստանի դիրքորոշումը:

–Հարցերիս պատասխանները չստացա, հարցերս ավելացան, ճիշտն ասած: Բայց նախ խոսենք հարցազրույցի ձևից, այնուհետև անցնենք բովանդակությանը: Հաղորդման ֆորմատն էր այդպիսին, և դա չի նշանակում, որ լրագրողը ծախված է Ադրբեջանին, դա չի նշանակում, որ, եթե այդտեղ նստեր Ադրբեջանի արտգործնախարարը, ոչ պակաս սուր հարցեր կստանար: Այո, կարող է այդ պրեսինգի արդյունքում մարդը շփոթվել, փորձել ավելի դիվանագիտորեն պատասխանել. հարցերը հնչեցին շատերի համար անընդունելի ձևակերպումներով, ինչի հետ համաձայն եմ, բայց դա է ֆորմատը:

Ինչ վերաբերում է բովանդակությանը. Իմ հիմնական հարցադրումն է՝ ո՞րն է մեր պաշտոնական դիրքորոշումը: Այդ հարցի պատասխանն ինձ որևէ լուրջ, հավասարակշիռ ու փաստարկված ձևով դեռ ոչ ոք չի փորձել տալ: Այսինքն՝ ես կամ ստանում եմ դիվանագիտական պատասխան, որ Զոհրաբ Մնացականյանի դեպքում իմ հարցերը միայն շատացնում է, կամ՝ ստանում եմ՝ բա նախկին իշխանություններինը ո՞րն էր: Մի կողմ թողնենք՝ նախկին իշխանությունների ժամանակ որն էր, որովհետև ասվել է, որ սկսում են զրոյական կետից: Այսինքն՝ էական չէ՝ նախկինում որն էր, էական է, թե ինչպես է հիմա:

Այդ հարցն ինձ մոտ ամիսներ շարունակ առաջանում է, որովհետև ես լսել եմ երեք թեզ. առաջին՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, որը շատ տրամաբանական է: Բայց երբ դա հնչեցվեց, միանգամից տրամաբանական հարց առաջացավ՝ ինչպե՞ս ենք դա անելու: Վերադառնալու համար պետք է համաձայն լինեն բանակցող կողմերը: Ադրբեջանը միանգամից ասաց՝ ոչ, ես այլ ֆորմատ եմ պատկերացնում՝ 2+2: Ի՞նչ է դա նշանակում՝ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցում են մի մակարդակում, պաշտոնական Ստեփանակերտը բանակցում է, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ: Դա մեզ համար անընդունելի է:

Երկրորդ թեզը, որ ես լսեցի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»… Այն քննադատվեց, իսկ Ադրբեջանն իր քարոզչական նպատակով դա օգտագործեց և սկսեց լայնամասշտաբ քարոզչական արշավ: Մեզ մոտ այդ թեզը մնաց ամորֆ թեզի մակարդակով, որովհետև մենք այդպես էլ չհասկացանք՝ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ապա ո՞ւր ենք գնում: Ադրբեջանն ասում է՝ եթե Արցախը Հայաստան է, ուրեմն՝ ինչո՞ւ ենք մենք առհասարակ գնում բանակցությունների, որովհետև բանակցային սեղանի շուրջ խոսում ենք կարգավիճակի մասին, եթե դուք արդեն միակողմանի որոշել եք կարգավիճակը, ապա մեզ ոչինչ չի մնում, քան պատերազմ սկսել: Դա իրենց տեսանկյունն է հարցի շուրջ:

Պարոն Մնացականյանն ասում է, որ մեզ համար առաջնահերթություն է՝ «կարգավիճակ» և «անվտանգություն»: Անվտանգության առումով ամեն ինչ քիչ թե շատ պարզ է մեզ համար, իսկ կարգավիճակի մասով՝ ոչ, որովհետև կարգավիճակ ասելով՝ ի՞նչ ենք հասկանում՝ կարգավիճակ՝ անկախ Արցախ, կարգավիճակ՝ որպես Հայաստանի մա՞րզ, թե ի՞նչ կարգավիճակ:

Այստեղ եթե առաջնորդվում ենք «Արցախը Հայաստան է, և վերջ» թեզով, և համարում ենք, որ Արցախը Հայաստանի մի մաս է, իրավական պրոցես ենք սկսում այդտեղ, դա բոլորովին այլ խոսակցություն է: Եթե մենք դա ընդունում ենք՝ որպես ընդհանուր քարոզչական կոնցեպտ, ապա այդ կոնցեպտը պետք է զարգացնել, պետք է և՛ մեր ներսի հանրությանը, և՛ միջազգային հանրությանը բացատրել՝ ինչ ենք մենք հասկանում՝ դա ասելով: Օրինակ՝ որ դա համայն հայության համար ընդհանուր ընկալման պատմական և ինքնագիտակցության համար կարևորագույն կոնցեպտ է, որ դա համայն Հայաստանի պատմական և իրական Հայաստանի տարածք է. դա կարող է լինել երկու անկախ հայկական պետություն, կամ մի պետություն, դա կարող է լինել տարբեր ֆորմատներով, բայց ընկալումը մեզ մոտ միասնական է: «Hard talk»-ն այդ առումով շատ լավ հարթակ էր՝ դա բացատրելու, բայց կարծես թե նույնիսկ այստեղ չհասկացան՝ ինչ էր ուզում ասել Զոհրաբ Մնացականյանը:

Երրորդ թեզը, երբ ասում են, որ լուծումը պետք է լինի երեք կողմի համար ընդունելի, ապա ո՞րն է այդ լուծումը մեր պատկերացմամբ: Ադրբեջանը, ի դեպ, լուծման իր տարբերակները հանրայնացնում է, ասում է՝ Հայաստանի բնակչությանն ինչ է առաջարկում, Արցախի բնակչությանն ինչ է առաջարկում, իշխանություններին ինչ է առաջարկում:

–Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցից հետո կարծիքներ եղան, որ դրան պետք է հետևի արտգործնախարարի հրաժարականը: Օրինակ՝ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ՝ մեջբերում եմ՝ «սա ամենախայտառակ հարցազրույցն է, որ Հայաստանի որևէ պաշտոնյա երբևէ տվել է որևէ միջազգային կարևոր լրատվամիջոցի»: Իսկ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն էլ կարծում է, որ քննադատողները բաց են թողնում մի հույժ կարևոր հանգամանք. Մեջբերում եմ՝ «Մնացականյանն այդ հարցազրույցին ներկայացնում էր ոչ թե իր անձնական, այլ Հայաստանի այսօրվա իշխանության պաշտոնական դիրքորոշումը Արցախի հակամարտության վերաբերյալ… Արցախի հարցում Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդունել՝ որպես Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դիրքորոշում»։ Ո՞ր տեսակետն է ավելի համոզիչ:

–Ես չեմ համարում, որ պետք է արտգործնախարարը հրաժարական տա: Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ, երկար տարիների ինստիտուցիոնալ փորձ ունեցող անձնավորություն է, և մի հարցազրույցով չէ, որ պետք է դատենք իր ունակությունների մասին: Չի կարելի նման ծայրահեղական մոտեցում ունենալ: Պետք է հասկանալ, շտկել, փորձել իրավիճակը լավացնել, փորձել այլ հարթակներ օգտագործելով՝ մեր ասելիքը տեղ հասցնել, եթե այդ ասելիքն ունենք:

Ես վստահ եմ, որ Զոհրաբ Մնացականյանի համար ծայրահեղ դժվար է իրարամերժ թեզեր մեկնաբանելը, որովհետև միգուցե կան ինչ-որ քաղաքական հայտարարություններ, կան դիվանագիտական հայտարարություններ, բայց այստեղ պետք է մի կարևոր բան հասկանալ՝ եթե այդ մի լրագրողի հետ զրույցում է դա այդքան դժվար անել, մենք ականատես եղանք, բա ի՞նչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ՝ փակ դռների հետևում, որովհետև այն մյուս կողմից արդեն լրագրող չի նստած: Այն կողմից էլի տարիների փորձ ունեցող շատ բարձր մակարդակի ադրբեջանական դիվանագետ է նստած: Չթերագնահատենք Մամեդյարովին, որը բանակցել է և՛ նախկին, և՛ ներկա մեր իշխանությունների օրոք, այսինքն՝ նա նոր մարդ չէ այդ պրոցեսում, բավականին հմուտ է, և իրենք նույնպես հետևում են այստեղի յուրաքանչյուր հայտարարությանը: Ինչպես այդ լրագրողն էր լավ պատրաստված, նույն ձևով և շատ ավելի խորը իրավիճակին ծանոթ է ադրբեջանական կողմը: Նրանք ամեն ինչ նկատում են, տեսնում ու վերլուծում են, և այդ ամենը բանակցային սեղանի շուրջ հայկական կողմի հետ քննարկում են:

–Ըստ Ձեզ՝ այս իրարամերժ թեզերը, որոնք մեզ մոտ հնչում են, և որոնց մասին խոսեց նաև Զոհրաբ Մնացականյանը, որքանո՞վ են վտանգավոր բանակցային գործընթացի համար:

–Ես հարց ունեմ՝ բանակցային գործընթաց կա՞, թե՞ ոչ: Այսինքն՝ այստեղ հստակեցման կարիք ևս ունենք: Երբ հանդիպում են արտգործնախարարները, կամ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, դա բանակցային գործընթա՞ց է, թե՞ ոչ:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը