Լրահոս

15.02.2011 14:18


Ոստիկանությունը խախտում է ազատ տեղաշարժի իրավունքը

Այսօր առավոտյան ժամը 10:00-ին Գյումրի քաղաքում վրացական պետհամարանիշներով շահագործվող ավտոմեքենաների վարորդները պետք է մեկնեին Վանաձոր` մասնակցելու ժամը 12:00-ին կազմակերպված բողոքի ակցիային՝ ուղղված ՀՀ մաքսային օրենսդրության վերջին փոփոխությունների դեմ: Այն նախաձեռնել են Վանաձորի այն վարորդները, որոնց ավտոմեքենաները եւս վրացական պետհամարանիշներով են:
Սակայն ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են մեքենաների շարժը դեպի Վանաձոր:
Վարորդները, այնուամենայնիվ, ուշացումով` ժամը 11:20-ին, ուղեւորվել են Վանաձոր:
Արդեն Ջաջուռ գյուղի մոտ պարզվել է, որ ճանապարհը փակ է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ինչպես տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, շուրջ հիսուն մեքենաների շարժը միակողմանիորեն Գյումրիից Վանաձոր դադարեցվել է:
Ախուրյանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Գալստյանը հայտնել է հավաքվածներին, որ իրենք ունեն համապատասխան հրաման փակել ճանապարհը եւ թույլ չտալ վրացական պետհամարանիշներ ունեցող մեքենաներին ուղեւորվել Գյումրիից Վանաձոր ակցիային մասնակցելու նպատակով:
Սաքունցի այն հայտարարությանը, որ վերջինի գործողությունները հակաօրինական են, Գալստյանը պատասխանել է, որ դրանք օրինաչափ են եւ ինքը պատրաստ է պատասխանատվություն կրել իր գործողությունների համար:
Ժամը 1:30-ի դրությամբ բողոքի ակցիան դեռեւս շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը