Լրահոս

15.02.2011 15:47


Քրիստ Մանարյան. «Էլբակյանը երբևէ չի եղել «եվրոպաներում նստած մարդ»»

Երևանում գործող հեռուստաալիքների մեջ երևի թե չկա մեկը, որում այսօր ներգրավված չլինեն մեկ-երկու հոգի այն մարդկանցից, որոնց ստեղծագործական ու աշխատանքային ուղին սկսվել է «ԱՐ» հեռուստաընկերությունից` այն նույն «ԱՐ»-ից, որի եթերով ժամանակին հեռարձակվում էին ըստ իս ամենահետաքրքիր, ամենահամրձակ, ամենաինքնատիպ հաղորդումներն ու հաղորդաշարերը` բացահայտ աշխուժություն մտցնելով խորհրդային միապաղաղությունից հոգնած ու բեզարած մարդկանց անուրախ հոգիներում: Դրանք կատարման ու մատուցման Որակով գուցեև երբեմն վիճահարույց էին, անսպասելի էին և նույնիսկ անկանխատեսելի, սակայն միշտ ունեին ասելիք ու բովանդակություն, ինչի պակասը այսօր գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում մեր եթերներում: Մենք` «երկաթե վարագույրը թափ տվողներս» ու «ԱՐ»-ին անմնացորդ նվիրվածներս մեր մշակութային օջախը կոչում էինք ոչ այլ կերպ, քան «Հեռուստաընտանիք»: Արթուր(Արսեն) Էլբակյանը հետուստաընկերության շարժիչ ուժն էր` միշտ լի նոր մտահաղացումներով, համարձակ ծրագրերով ու ամենակարևորը` դրանց իրականացման հստակ ու գրագետ պատկերացմամբ և վճռականությամբ: Արթուրը բացի ռեժիսոր ու օժտված դերասան լինելուց՝ ունի նաև նախանձելի կազմակերպչական ջիղ ու հավատ` բռնած ուզածդ գործի հանդեպ: Ասելիք ունեցողների պակաս ամբողջ աշխարհում երբեք չի եղել ու չկա: Բայց այն եզակի անհատները, որոնք գիտեն ստեղծագործողին ոգեշնչել, ոգևորել ու տեղ հասցնել նրա ասածը` նույնիսկ Հոլիվուդում ամեն քայլափոխի չեն հանդիպում: Դժվարանում եմ ընկերոջս մասին մանրամասն ու սպառիչ խոսել հենց միայն այն պարզ պատճառով, որ ինձ թվում է` Արթուրին գիտեն ու գնահատում են բոլորը…Իմ անունից ավելացնեմ սակայն, որ ուրիշների պես չեմ կիսում այն կարծիքը, թե նրա անելիքը Հայաստանի մշակութային ներկապնակում սահմանափակվեց «ԱՐ»-ի ու առաջին անկախ թատերական օջախներից մեկի` «Թատրոն-ստուդիա 13»-ի ստեղծման շրջանակներով: Արդեն քանի տարի արտասահմանում ապրելով` նա առաջվա նման ուշի ուշով հետևում է հայրենիքի մշակութային անցուդարձին, միշտ տեղյակ է մեր ձեռքբերումներին ու նաև անհաջողություններին ու գոնե մեզ` իր մտերիմների ու համախոհների համար երբևէ չի եղել «եվրոպաներում նստած մարդ»: Արթուր ջան, ի սրտե շնորհավորում եմ քեզ արագ, բայց բեղմնավոր անցած հիսուն տարիների հանրագումարի կապակցությամբ և մաղթում եմ ևս մի այդքան ժամանակ, որ այն ինչ մտածել ու ծրագրել ես` կարողանաս կյանքի կոչել ի ուրախություն հայ հանդիսատեսի, հեռուստադիտողի ու հատկապես` Երևանցիների: Ի վերջո, գոնե մեր սերնդի մարդիկ ի դեմս քեզ պես նվիրյալների` հաստատ իրավունք ունեն ասելու, որ իզուր չստացան բարձրագույն կրթություն ու գիտելիքներ մի ասպարեզում, որում գործող անուղղելի ռոմանտիկների ամենամեծ շահն ու բավարարությունն այս կյանքում ծափերն են, անկեղծ ծիծաղն ու հիացմունքի արցունքները:

Քրիստ Մանարյան Երևան

Այս խորագրի վերջին նյութերը