Քաղաքական

07.11.2019 11:16


Ռուսական ռազմաբազան դուրս բերելուց հետո ՀՀ-ն 100 տոկոսով կմնա առանց Արցախի. Հայաստանն 1-ինը չի լինի, որը պատմության ընթացքում սեփական որոշմամբ դիմել է «ինքնասպանության». Խրամչիխին․ «168 ժամ»

Ռուսական ռազմաբազան դուրս բերելուց հետո ՀՀ-ն 100 տոկոսով կմնա առանց Արցախի. Հայաստանն 1-ինը չի լինի, որը պատմության ընթացքում սեփական որոշմամբ դիմել է «ինքնասպանության». Խրամչիխին․ «168 ժամ»

«ՀԱՊԿ-ի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կիրականացնի Ռուսաստանը՝ անհրաժեշտության դեպքում»,-168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի դերին, արդյունավետությանը Հայաստանի համար և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկմանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ-ում տեղի ունեցավ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի՝ Հայաստանի խաղաղ բնակչության ուղղությամբ արված կրակոցների և ՀԱՊԿ-ի պարտավորությունների մասին հարցին, ասել է. «Մենք այսօր էլ նշել ենք, որ Արցախի գոտում որոշակի լարվածություն կա, կրակոցներ, որքանով գիտեմ, երկու կողմից էլ լինում են։ Եթե Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, գտնում է, որ այդ հարցը պետք է դրվի քննարկման, ապա ունի դրա իրավունքը։ Բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը դնի քննարկման»:

Հայ-ադրբեջանական սահմանի հարևանությամբ տեղակայված հայկական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերը սովորաբար ակտիվացնում են ՀԱՊԿ-ի անհրաժեշտ արձագանքի թեման: Ինչպես հայտնի է՝ ՀԱՊԿ-ը սովորաբար խուսափում է անդրադառնալ իրավիճակին նույնիսկ վտանգավոր փուլերում՝ հաշվի առնելով Ադրբեջանի սերտ հարաբերությունները՝ հատկապես ՀԱՊԿ անդամներ Ղազախստանի և Բելառուսի հետ, որոնք, որոշ փորձագետների գնահատմամբ, պահպանում են Ադրբեջանի շահերը ՀԱՊԿ-ում, որի անդամ չէ Ադրբեջանը: Ավելին, հայկական դիվանագիտությանն ու հասարակությանը վերջին տարիներին ավելի ու ավելի են անհանգստացնում ՀԱՊԿ անդամ երկրներ Ռուսաստանի և Բելառուսի սպառազինության գործարքներն Ադրբեջանի հետ, որոնց հետևանքով այդ սպառազինությունը ԼՂ հակամարտության թեժ փուլի բռնկման դեպքում կարող է ուղղվել հայկական երկու պետությունների դեմ: ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը բազմիցս ներկայացրել են հայկական կողմի մտահոգությունները նման գործարքների առնչությամբ: Ներկայումս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի դերին անդրադառնալիս՝ սովորաբար շեշտում է, որ Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել կառույցի արդյունավետության բարձրացման գործում:

Նշենք նաև, որ նախորդ տարի կառույցի բնականոն գործունեությունն արգելակվել էր Հայաստանի կողմից ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի հետկանչից հետո, երբ ՀԱՊԿ անդամ երկրները չէին կարողանում կոնսենսուս ձևավորել այդ պաշտոնում այլ թեկնածուի առաջադրման ժամկետների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների բռնկման դեպքում ՀԱՊԿ-ը՝ իր Կանոնադրության համաձայն, չի կարող միջամտել և որևէ դերակատարություն չունի այդ հարցում: Իսկ եթե հարվածի տակ հայտնվի Հայաստանը, ապա ՀԱՊԿ-ը պետք է միջամտի Հայաստանի դիմումի հիման վրա:

«Նման անհրաժեշտության պարագայում Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ բոլոր անդամների կողմից դժվարանում եմ ասել՝ կլինի՞ նման աջակցություն, թե՞ ոչ, բայց Ռուսաստանը միանշանակ կիրականացնի ՀԱՊԿ-ի այդ պարտավորությունը: Հավանական եմ համարում, որպեսզի ՀԱՊԿ-ը հավանություն տա այնպիսի որոշման, համաձայն որի՝ միջամտություն իրականացնի միմիայն Ռուսաստանը: Ամենայն հավանականությամբ, անհրաժեշտության դեպքում նման ձևաչափ կգործի»,-ասաց Խրամչիխինը:

Նրա խոսքով՝ նման միջադեպերին ՀԱՊԿ-ի արձագանքը պետք է լինի միջամտության տեսքով, սակայն դա հնարավոր է միայն հայկական կողմի դիմումի դեպքում: «Այլ դեպքերում ՀԱՊԿ-ը կարող է հայտարարություն տարածել կամ չտարածել տեղի ունեցողի վերաբերյալ, և, եթե չեմ սխալվում, եղել են դեպքեր, երբ հայտարարություն տարածվել է: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում նման անդրադարձ ևս կարող է լինել, սակայն գլխավոր հարցը վերաբերում է կոնկրետ միջամտությանը, որը, ինչպես նշեցի՝ հնարավոր է Ռուսաստանի կողմից՝ Հայաստանի դիմումի հիման վրա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ է կրկնապատկվում ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներուժը՝ նա պատասխանեց, որ գործընթացը կարող է գնահատել միայն դրա ավարտից հետո: «Այս պահին կարող եմ միայն ասել, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում շատ են հնացած զինատեսակները: Ամենայն հավանականությամբ, հենց այս պատճառով է տեղի ունենում վերազինում, քանի որ հայկական բազայում կան զինատեսակետներ, որոնք անգամ Ռուսաստանի որևէ զորամասում չկան: Այսինքն՝ Ռուսաստանում արդեն իսկ այդ վերազինումը վաղուց տեղի է ունեցել, ուստի անհրաժեշտ է հների փոփոխությունը: Սա անհրաժեշտ փոփոխություն է, քանի որ կան զինատեսակներ, որոնք ՌԴ ԶՈՒ-ում արդեն չկան պարզապես, չեն արտադրվում: Ռազմաբազան նորացվում է, վերազինվում, որի շնորհիվ ռազմական ներուժն աճելու է»,-ասաց Խրամչիխինը:

Անդրադառնալով ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու մասին խոսակցություններին, ռուս ռազմական փորձագետն ասաց, որ դա ՀՀ ներքին գործն է: «Դա լիովին հնարավոր է, բայց դրանից հետո, ըստ իս, Դուք 100 տոկոս կմնաք առանց Ղարաբաղի, բայց դա Ձեր գործն է, Դուք առաջինը չեք լինի, որը պատմության ընթացքում սեփական որոշման համաձայն՝ դիմել է «ինքնասպանության»»,-ասաց Խրամչիխինը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը