Լրահոս

17.02.2011 17:58


Թունիսի պաշտոնանկ նախագահը կոմայի մեջ է ընկել

Թունիսի նախկին նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալին, որը հեղափոխության հետևանքով պաշտոնազրկվել էր, ուղեղի կաթված է ստացել և հիմա կոմայի մեջ է։ Հղում անելով «վստահելի» աղբյուրներին՝ իր բլոգում այս մասին հայտնում է Փարիզի համալսարանին կից Մահրեբի համալսարանի պրոֆեսոր Նիկոլյա Բոն։

Գիտնականի տվյալներով՝ նախկին նախագահը տեղափոխվել է Սաուդիայի Ջիդա քաղաքի թագավորական հիվանդանոց։ Նա հայտնել է, թե Թունիսի նախկին նախագահի վիճակը ծանր է։

Բեն Ալիի հոսպիտալացման մասին լուրերը հաստատել է Իսրայելի «JSSNews» կայքի դիվանագիտական աղբյուրը, որը ղեկավարում է նախկին լրագրող Ջոնաթան Սիմոն Սելեմը։ Ըստ նրա տեղեկությունների՝ նախկին նախագահը կոմայի մեջ է ընկել դեռ փետրվարի 15-ին։ Միևնույն ժամանակ պարբերականի աղբյուրը հայտնում է, թե Բեն Ալին սրտի կատված է ստացել։ Հայտնվում է, որ նրա մոտ են ուղարկվել բժիշկներ Մեծ Բրիտանիայից և արևմտաեվրոպական այլ երկրներից։

Նշենք, որ փետրվարի 14-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, թե կոմայի մեջ է ընկել Հոսնի Մուբարաքը, որը փետրվարի 11-ին ստիպված է եղել լքել Եգիպտոսի նախագահի պաշտոնը։ Հայտնում էին, թե նա մահամերձ է, սակայն այդ տեղեկությունները նույնպես ոչ պաշտոնական բնույթ էին կրում։

Հիշեցնենք, էր Զին էլ Աբիդին Բեն Ալին և Հոսնի Մուբարաքը իրենց պաշտոնները լքել են Թունիսում և Եգիպտոսում երկարատև բողոքի ցույցերից հետո։ Հիմա բողոքի ցույցեր են տեղի ունենում  Մերձավոր Արևելքի մի շարք այլ երկրներում։

Այս խորագրի վերջին նյութերը