Լրահոս

21.11.2019 12:50


Սեմյոնովկայի անասնագոմում առաջացած կրակը իր սև գործն է արել. սատկել են մեծ թվով հորթեր, կովեր, խոզեր, ոչխարներ, ուլեր, հավեր

Սեմյոնովկայի անասնագոմում առաջացած կրակը իր սև գործն է արել. սատկել են մեծ թվով հորթեր, կովեր, խոզեր, ոչխարներ, ուլեր, հավեր

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում և ներսում կան անասուններ և կուտակված անասնակեր:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին, որ առաջացած կրակի պատճառով անասնագոմում սատկել են 40 խոշոր եղջերավոր անասուն, մինչև 1 տարեկան 17 հատ հորթ, 13 ոչխար, 5 խոզ, 5 ուլ, 1 ձի, 20-ից ավելի հավ: Ամբողջովին ոչ պիտանի է դարձել անասնագոմում կուտակված մոտ 3500 հակ անասնակերը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Չգիտենք, ինչից է առաջացել կրակը, բայց րոպեների ընթացքում այն տարածվեց: Զանգահարել ենք 9-11, Սևանի հրշեջները եկել են: Լրացուցիչ ժամանել են Դիլիջանից, Ճամբարակից, Հրազդանից, սակայն կրակն այնքան արագ է տարածվում, որ թե՛ գյուղացիներով, թե՛ հրշեջներով չկարողացանք դրա դեմն առնել: Ողջ խոտը կենդանիներով այրվել է:

Միակ թերությունը նա է, որ հրշեջները եկած մեքենաների ջրով աշխատելուց հետո, այն լիցքավորելու համար մի քանի կիլոմետր գնում էին լիցքավորման»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամիսներ առաջ, երբ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը բարձրաձայնում էր, որ կա ջրատար ավտոմեքենաների և ջրի կայանների խնդիր, հենց նման դեպքերի դեմն առնելու համար էր նախարարը բարձրաձայնում: Եթե լինեն ջրի կայաններ, ապա հրշեջներն ավելի օպերատիվ կգործեն: Թե չէ մարդիկ գալիս, ավտոմեքենայի միջի ջրով աշխատում են, իսկ հետո մի քանի կիլոմետր գնում լիցքավորում, նորից հետ են գալիս: Այս խնդիրը պետք է պատկան մարմինները օդում կախված չթողնեն: Օր առաջ պետք է խնդիրը լուծվի:

Նշված անասնագոմում առաջացած հրդեհի պատճառով գյուղի որոշ հատված ժամանակավորապես հոսանքազրկվել է:

Մի քանի գյուղացիներ էլ ասում էին, որ մինչև հոսանքազրկումը, էլեկտրաէներգիայի տատանման պատճառով որոշ գյուղացիների տան էլեկտրատեխնիկան վնասվել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված անասնագոմը ԽՍՀՄ տարիներին կառուցված շենք է և սատկած կենդանիներն ու խոտը պատկանում են Սեմյոնովկա գյուղի բնակիչ Հայրապետ Քոչարյանին և Ծովագյուղ գյուղի բնակիչ Ռազմիկ Նիկողոսյանին, ովքեր վարկով վերցրած գումարները ներդրել էին անասնապահության մեջ ու հիմա եթե կառավարությունը բարի կամք չդրսևորի և օգնության ձեռք չմեկնի այս մարդկանց, ապա կարելի է ասել՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու հրդեհի պատճառներն ու գյուղացիների կրած վնասի չափը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը