Կարծիք

30.11.2019 10:00


Նախկին համակարգի քաղաքական գնահատականը

Նախկին համակարգի քաղաքական գնահատականը

Հիմա շատ է խոսվում նախկին իշխանություններին «քաղաքական գնահատական» տալու անհրաժեշտության մասին։ Ի՞նչ է իրենից ներկայացնում «քաղաքական գնահատական» ասվածը, ո՞րն է դրա անհրաժեշտությունը և ի՞նչն է փոխում մեր կյանքում նման գնահատականը։

Հեղափոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն

Ինչ է կատարվել 2018-ին Հայաստանում՝ հեղափոխությո՞ւն, թե՞ ժողովրդի ճնշմամբ՝ իշխանափոխություն։ Քանի որ ընտրական համակարգի հանդեպ չկար վստահություն, իշխանության փոփոխությունը կատարվել է ժողովրդի ճնշմամբ, բայց արդյոք դա բավակա՞ն է, որ կատարվածը համարվի հեղափոխություն։ Հարցը կարող է հռետորական թվալ, եթե չլիներ դրա գործառնական նշանակությունը։ Այն, որ «հեղափոխություն» եզրույթը գործող իշխանության համար ունի քարոզչական նշանակություն, հասկանալի է, սակայն մեզ պետք է հետաքրքրի դրա բովանդակային իմաստը։ Բոլոր հեղափոխությունների ժամանակ տրվում է նախորդ իշխանությունների քաղաքական գնահատականը, որից բխում են, թե ինչն է փոխելու հեղափոխական իշխանությունը (հեղափոխության դեկլարացիա)։ Բացի «նախկինների» շարունակական «մերժումներից», մենք նախկին համակարգի որևէ նկարագրություն, դրանից բխող քաղաքական գնահատական, հետևապես նաև հստակ կարգախոսներ և գործողությունների ճանապարհային քարտեզ չենք տեսել։ Եթե պարզ չէ, թե որոնք են եղել նախկին համակարգի համակարգային թերությունները, չի կարող պարզ լինել, թե ինչպիսի ռեֆորմներ են կատարվելու երկրում։ Իսկ եթե դրանք պարզ չեն, ապա հեղափոխություն չի էլ եղել։ Փորձենք մենք՝ «հեղափոխականների» փոխարեն, տալ նախկին համակարգի քաղաքական գնահատականը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել։

Ինչ կառավարման համակարգ էր ձևավորվել Հայաստանում

Թե ինչպիսի կառավարման համակարգ էր ձևավորվել Հայաստանում, ամենալավը կարող են ձևակերպել հենց այդ ժամանակների գործող անձինք, որոնք ամենալավն են տիրապետել իրավիճակին։

Սերժ Սարգսյանի կողմից կիսանախագահական մոդելից խորհրդարանական կառավարման մոդելի փոփոխությունների «գաղտնիքը» բացահայտող առանցքային միտքը 2018-ի փետրվարի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած «Մարտի 1»-ի դեպքերին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ արտաբերեց Սամվել Նիկոյանը, որն այդ դեպքերի փաստահավաք խմբի ղեկավարն էր: Ըստ նրա՝ «Մարտի 1»-ի դեպքերի «ամենակարևոր» պատճառը հետևյալն էր. «…և ամենակարևորը, ընտրությունների միջոցով սեփականությունը պահելու կամ սեփականություն ձեռք բերելու, վերաբաշխելու այդ մոլուցքը, որը, ըստ էության, բոլորի ելույթներում, հրապարակային, կար»:

Կարծում ենք, որ պարոն Նիկոյանը անկեղծ էր իր գնահատականում, այդ մտքին մենք դեռ ավելի մանրամասն կանդրադառնանք։ Իսկ ի՞նչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի մարտի 1-ի դեպքերից առաջ։ 2007-ի հոկտեմբերի 26-ին Տեր-Պետրոսյանը նկարագրեց այդ ժամանակ գործող համակարգի կոռուպցիոն բնույթը՝ տալով հիմնական դեմքերի անունները, և նկարագրեց Հայաստանում գործող, ըստ նրա՝ «անօրինական» սեփականության կուտակման մեխանիզմները` փաստորեն, կոչ անելով բռնազավթել այդ անօրինական սեփականությունը: Այդ շարժման ամենաառանցքային և ծրագրային ելույթը կոնսոլիդացրեց իշխող խավին, նրանց, նրանց ունեցվածքին ու ազատության մեջ մնալուն մարտահրավեր էր նետվել: Այդ ելույթը կարևոր է դրան հաջորդած դեպքերի տրամաբանությունը հասկանալու համար: Հատված Տեր-Պետրոսյանի ելույթից. «... Դասական պետականագիտության տերմինոլոգիայում այդպիսի իշխանությունը կոչվում է «կլեպտոկրատիա», բառացի՝ «գողապետություն»: Սակայն ես կնախընտրեի «ավազակապետություն» բառը, որն ավելի ճշգրիտ է արտահայտում հասկացության բովանդակությունը, քանի որ գողությունն անհատական հանցագործություն է, իսկ ավազակությունը՝ խմբային: ... Հայաստանի ներկա իշխանական համակարգը կառուցված է մոնոլիտ բուրգի սկզբունքով և հստակ սահմանված նվիրապետական-հիերարխիկ աստիճանակարգով: Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Երկրորդ տեղը զբաղեցնում է վարչապետ` ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Այնուհետև գալիս են նախարարների, փոխնախարարների, մարզպետների մեծագույն մասը, ինչպես նաև՝ որոշ տխրահռչակ քաղաքապետեր ու թաղապետեր...»:

Այնուհետև Տեր-Պետրոսյանն այդ ելույթում տալիս է կառավարության, դատախազության, հարկային մարմինների, Կենտրոնական բանկի, քաղաքների ու մարզերի ղեկավարների տասնյակ անուններ և մանրամասն ներկայացնում է տարբեր ոլորտներում տեղի ունեցող «կոռուպցիայի» կառուցվածքը և «գրպանված» գումարների մոտավոր քանակը: Փաստորեն, ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանի խոշոր սեփականության հիմնական մասն անօրինական է, որը պետք է վերադարձվի ժողովրդին: Իսկ այդ սեփականության կրողներն են քաղաքական, տեղական իշխանությունների ներկայացուցիչները, դատախազներ, դատավորներ, իրավապահ մարմինների վերնախավը, բարձրաստիճան զինվորականներ և այլն։ Այսինքն ՝ հազարավոր մարդիկ։ Դա վտանգավոր մարտահրավեր էր այդ մարդկանց համար, որոնք պետք է պաշտպանեին իրենց սեփականությունը:

Ըստ Սամվել Նիկոյանի՝ հենց այդ կոչերն էին «Մարտի 1»-ի ողբերգության «ամենակարևոր» պատճառը: Ուշագրավ է, որ Նիկոյանն իր ելույթում հավասարեցնում է այն ժամանակ առճակատման գնացած երկու կողմերի քայլերի դրդապատճառը. «Ընտրությունների միջոցով սեփականությունը պահելու կամ սեփականություն ձեռք բերելու, վերաբաշխելու այդ մոլուցքը»: Փաստորեն, ըստ Նիկոյանի, երկու կողմերի նպատակը մեկն էր` պահպանել կամ վերաբաշխել սեփականությունը:

Տեր-Պետրոսյանի ասած «ավազակապետությունը» ձևավորվել է անցած դարի 90-ականների ժամանակ, երբ Հայաստանի նախագահը հենց ինքը՝ Տեր-Պետրոսյանն էր։ Դրան մենք ավելի ուշ կանդրադառնանք։

Պատահական չէր, որ 2018-ի վերը նշված «Մարտի 1»-ին նվիրված խորհրդարանական լսումներն ԱԺ-ում անցկացվում էին չորրորդ նախագահի՝ Արմեն Սարգսյանի ընտրության նախաշեմին: Դա խորհրդանշական քայլ էր հիշեցնելու համար «հայտնի սեփականատերերին», թե ընթացող կառավարման ռեֆորմներն ում շահերն են պաշտպանում: Փաստորեն, ձևավորվել էր մի համակարգ, որը պետք է ապահովեր սեփականության ստատուս քվոն։ Այսինքն՝ ձևավորել մի համակարգ, որտեղ խոշոր սեփականության վերաբաշխումը լինի անհնարին: Դա էր ձևավորվող համակարգի հիմնական իմաստը, իսկ «Մարտի 1»-ի դեպքերն ընկած են հենց այդ տրամաբանության մեջ։ Դա նախադեպ էր, որի կրկնությունը չթույլատրելու համար փոփոխվում է կառավարման համակարգը:

Ընտրությունները՝ որպես սեփականության ձեռքբերման և պահպանման երաշխիք

Ցանկացած պետության յուրաքանչյուր պատմական փուլում իշխանության ձևավորման կենտրոնական հարցն այն է, թե ո՞վ է տիրապետում խոշոր սեփականությունը, ո՞վ է այն վերաբաշխում և թելադրում տնտեսությանը:

Արևելյան և արևմտյան երկրներում սեփականության ինստիտուտի տարբեր ավանդույթներ գոյություն ունեն: Արևմուտքում սեփականության իրավունքը պաշտպանված է օրենքով և անկախ դատական համակարգով: Արևելքում սեփականությունը ենթակա է իշխանությանը: Արևելքում (այդ թվում հետխորհրդային երկրներում) իշխանութունը թելադրող է, և իշխանություն-սեփականություն մոդելն ուղղահայաց կերպով է գործում, իսկ Արևմուտքում հորիզոնական-գործընկերային հարաբերություններն են տիրապետող:

Նման հարաբերությունների վրա էլ կառուցվում են քաղաքական հարաբերությունները: Հայաստանի նման երկրներում խոշոր սեփականությունը, ըստ էության, տրվում է ժամանակավոր տիրապետման, իսկ քաղաքական դիրքորոշում ունենալու դեպքում այն «վերադարձվում է»: Բազմաթիվ են օրինակները, երբ որևէ խոշոր պաշտոնյա, լքելով կամ հեռացվելով իշխանությունից, վաճառում է իր խոշոր ունեցվածքը:

2008-ից հետո որոշ «ընդդիմադիր օլիգարխներ» պատժվեցին և կորցրեցին իրենց սեփականությունը իշխանությանը ոչ լոյալ լինելու համար։ Եթե այս կոնտեքստում դիտարկենք «հետհեղափոխական» վիճակը, ապա կորող է պարզվել, որ գործող իշխանության խնդիրը ոչ թե «լափածը» ժողովրդին վերադարձնելն է, այլ իրեն լոյալ խոշոր սեփականատերերի դաս ձևավորելը։

Խորհրդային Միության փլուզումից հետո հայտարարված ռեֆորմների նպատակն էր՝ անցում կատարել շուկայական հարաբերություններին, ինչի համար պետք էր «ժողովրդական» սեփականությունը դարձնել մասնավոր, այսինքն` պետք է առաջանար սեփականատերերի դաս, և նրանց միջև սկսվեր մրցակցություն, որի արդյունքում «աշխատասեր» և «հնարամիտ» հայերը պետք է ծաղկող և բարգավաճող երկիր կառուցեին:

90-ականների սեփականաշնորհման ազդեցությունը քաղաքական համակարգի ձևավորման վրա

Տեսությունները մեկ բան են, իսկ իրական կյանքն` այլ: 90-ականների սկզբներին Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ-ի) առաջին իսկ համագումարներում սկսվեց մի բանավեճ, որը ընտրությունների կեղծման գաղափարական հիմքը դարձավ: ՀՀՇ համագումարներում հետևյալ մետքն էր քննարկվում՝ «մենք» (շարժման ակտիվիստները) պայքարել ենք Ղարաբաղի համար, անցել ենք պատերազմով, անշնորհակալ և ծանր տնտեսական ռեֆորմներ ենք իրականացնում, և բառացիորեն սովի ու պատերազմի զրկանքներով անցած ժողովուրդը, «մեզանից» դժգոհ լինելով, իր ձայնը կտա այն ժամանակվա ընդդիմությանը, իսկ սեփականաշնորհման արդյունքներից կօգտվեն նախկին «պահեստապետերը» և կոմունիստական նոմենկլատուրան, որոնք գումարներ են կուտակել և, սեփականաշնորհումից օգտվելով, իրենց կուտակած փողը կվերածեն քաղաքական կապիտալի և կնվաճեն իշխանությունը։ Բնականաբար, դա չպետք էր թույլ տալ։

1995-ին խորհրդարանական ընտրությունների կեղծման առաջին արգասաբեր փորձն էր, որը հիմքում ուներ սեփականության անօրինական ձեռքբերումն ու պահպանումը ու նոր «սեփականատերերի» դասի հիման վրա (շարժման տղաներից բաղկացած) քաղաքական իշխանության կառուցումը։ Այդ նպատակին հասնելու համար պետք էր հասարակությանը զրկել արդար ընտրություններ իրականացնելու հնարավորությունից:

Առաջին երեք` երկու նախագահական ու 1995-ի ԱԺ ընտրությունների գլխավոր դերակատարներից մեկը` ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, վերհիշում է ընտրությունների անցկացման եղանակները. «Երկրապահի քաղաքականանալը Երկրապահի նախաձեռնությունը չէր: 94 թվականին, երբ որ Դաշինքը (Վազգեն Մանուկյանի գլխավորած ընդդիմադիր կուսակցությունների միությունը) հզոր էր, Լևոնը (Տեր-Պետրոսյան) խուճապի մեջ ընկավ և առաջարկեց Սարգսյանին քաղաքականացնել Երկրապահը, և Երկրապահը սկսեց քաղաքականանալ»: Բնականաբար, 94-ին պատրաստվում էին 95-ի ԱԺ ընտրություններին, որտեղ արդեն սկսվեց ուժային բաղադրիչի և ընտրակեղծիքների մեքենայի կառուցումը:

1996-ի դրամատիկ նախագահական ընտրությունների ընթացքի մասին նույն հարցազրույցում Վանո Սիրադեղյանը հետաքրքիր բացահայտումներ է անում. «Երբ որ ընտրությունների գիշերը այդ արդյունքները հաղորդում են, բոլորս նստած էինք ՀՀՇ վարչության շենքում… և ստանում էինք այդ անմխիթար տվյալները… Ես Վազգեն Սարգսյանի հետ գնացի մյուս սենյակ, 3-4 րոպե, հիմնական հարցն էր, թե Լևոնը պատրա՞ստ է երկրորդ փուլ գնալ: Վազգենը ասեց, որ չէ, պատրաստ չի… և, փաստորեն, երկրորդ փուլ չեղավ»:

Ակնհայտ է, որ ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր որոշում` ընտրությունների երկրորդ փուլ լինելու է, թե ոչ, այլ թեկնածուներից մեկը: Վանո Սիրադեղյանը շարունակում է` ասելով, որ 1996-ից հետո իշխանության է գալիս «ռազմական թևը»՝ «ոչ իր կամքով» քաղաքականացված Երկրապահի հետ միասին: 1996-1997 թվականներին մամուլը լի էր սեփականության վերաբաշխման գործընթացների մասին մանրամասներով: «Օպերացիային» մասնակցում էին ոստիկանությունը, դատախազությունը և, բնականաբար, «ռազմականացված թևը»:

Հատված Վազգեն Մանուկյանի` 1996-ին Ազատության հրապարակում ունեցած ելույթից. «Այստեղ՝ այս պահին չի որոշվում անձի հարցը: Մեկը մյուսից կարող է մի քիչ ավելի լավ նախագահ լինել, մեկը` ավելի վատը... Այսօր Հայաստանում դրվում է ավանդույթ, թե արդյոք Հայաստանում հնարավո՞ր է ընտրությունների միջոցով փոփոխել իշխանությունը, ժողովրդի կամքը, ցանկությունը որևէ դեր կատարելո՞ւ են ապագայում, թե՞ ոչ: Այդ հարցն է լուծվում»:

Ըստ այն ժամանակ տարածված խոսակցությունների` Տեր-Պետրոսյանը պատրաստ էր ընդունել իր պարտությունը, սակայն «թիմի» ճնշման հետևանքով հակառակ ճամբարի անդամների նկատմամբ սկսվեցին զանգվածային ռեպրեսիաները: Փաստորեն, երկրի ղեկավարը պետք է լինի իր թիմի անվտանգության երաշխավորը: Պատահական չէ, որ 2018-ին Սերժ Սարգսյանի վարչապետության խնդիրը քննարկելիս նրա քաղաքական հենարանի անդամները հաճախակի էին օգտագործում «անվտանգություն» բառը: Հարցն այն է, թե ում անվտանգության մասին էր խոսքը։

Հայաստանի բոլոր ընտրությունների ժամանակ լուծվում են սեփականության ձեռքբերման և վերաբաշխման խնդիրները, սակայն յուրաքանչյուր ընտրությունից հետո ստեղծվում են նոր հարաբերություններ և նոր քաղաքական խճանկար:

Տարածված տեսակետ կա` քանի որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, կուսակցությունները չեն կարող կայանալ: Սակայն ո՞րն է հիմնական պատճառը, որ հազարավոր մարդիկ ներգրավվում էին հանրային վստահություն չվայելող նման ընտրությունների գործընթացում, և ի՞նչ պետք է փոխվի, որ լիարժեք և վստահելի ընտրությունների անցկացումը հնարավոր դառնա:

Սկսած 1990 թվականից, երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, մինչ մեր օրերը քաղաքական պայքարն ընթացել է նույն տրամաբանությամբ. դրա բովանդակային իմաստն եղել է կառավարման լծակներին տիրանալը և որպես հետևանք` հանրային ու պետական ունեցվածքին տիրապետելը, ինչի համար առաջանում էին ընդդիմադիր դաշինքներ` հիմնականում բաղկացած հանրային ունեցվածքի վերաբաշխման, տնտեսական մոնոպոլիաների ստեղծման գործընթաներից դուրս մնացած, նախկինում իշխանությունների անդամներից ու դրան մասնակցելու հայտ ներկայացրած նոր հավակնորդներից:

Հաջողության դեպքում ենթադրվում էր, որ «նախկինների» ունեցվածքը պետք է վերաբաշխվի «նորերի» միջև: Որպես կանոն` «իշխանություններին» պարտված կազմակերպությունները որոշ ժամանակ անց, որպես կրտսեր գործընկերներ, իշխող խմբի կողմից ներգրավվում են հանրային ունեցվածքի վերաբաշխման գործընթացում:

Հանրությունն իր հերթին շարունակում է նույն մտավոր տեղապտույտի մեջ մնալ` պահանջելով իշխանությունն անձնավորող անձին զրկել իշխանությունից, որից հետո պետք է «ինչ-որ» բան փոխվի: Վերաբաշխված սեփականության երաշխավոր հանդիսացող «նոր» անձը կարճ ժամանակ անց արժանանում է նույն վերաբերմունքին։ Քաղաքական սթափ գիտակցություն և կազմակերպչական ձևեր չունեցող զանգվածը հերթական անգամ մնում է ձեռնունայն, և հանրային դիսկուրսի հիմնական նպատակը նորից դառնում է հերթական «հրեշից» ազատվելը: Ժողովրդին «նոր» պայքարի համար մոբիլիզացնում են նախկին «հրեշները», որոնց իրական նպատակը սեփականության նոր վերաբաշխումն է: Այս պարզունակ սխեման յուրաքանչյուր ընտրական փուլում կրկնվում է, սակայն` որակական նոր դրսևորումներով:

Հետաքրքրական է, որ հանրության մեջ մեծ հեղինակություն ուներ և նախագահի հիմնական թեկնածուն էր Կարեն Դեմիրճյանը, որին տարիներ առաջ համարում էին Խորհրդային Հայաստանի կոռուպցիայի մարմնավորողը, իսկ մի քանի տարի անց նա արդեն արդարության մարմնացումն էր։

Սեփականության լեգիտիմության խնդիրը

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի հիմնական խնդիրը հանրության կողմից ոչ լեգիտիմ ճանաչվող սեփականությունն է, և ցանկացած նոր իշխանափոխություն հղի է սեփականության վերաբաշխմամբ, իսկ ընդդիմադիր կոալիցիաների հիմնական նպատակը, որոշ բացառություններով, եղել է սեփականության նոր վերաբաշխմանը մասնակցելը։ Իր հերթին իշխող շերտը ցանկացած եղանակով պաշտպանել է տնտեսության ոլորտում իր ունեցած ստատուս քվոն։

Ընդդիմադիր համարվող ուժերը երբեք չեն առաջադրել սեփականության լեգիտիմության, նախկին տնտեսական չարաշահումների համար հանրությանը փոխհատուցելու ու դրանից բխող տնտեսական ռեֆորմների խնդիրը։ Հանրությունը, անկախ ընտրությունների արդյունքներից, ցանկացած պարագայում հուսալքության մեջ է հայտնվում։

Հայաստանի ընտրական գործընթացներում ներգրավվում են հազարավոր մարդիկ` գործարարներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, դատավորներ, դատախազներ, իրավապահ մարմինների վերին օղակների ներկայացուցիչներ: Նրանք բոլորը պաշտպանում են իրենց սեփականությունը, որը հանրությունը համարում է անօրինական:

Առանց սեփականության լեգիտիմության խնդիրը լուծելու, նաև հանրությանը փոխհատուցելու հիմնահարցի առաջադրման՝ հնարավոր չեն որևէ արդյունավետ քաղաքական, այդ թվում` նաև ընտրական գործընթացներ, որոնք կվայելեն հանրության վստահությունը։

Անձերը ու երևույթները

Հայաստանում պետական համակարգն ու առհասարակ կուսակցությունները, քաղաքական պրոցեսները անձնավորված են։ «Հեղափոխական» իշխանությունը, չտալով նախկին համակարգի քաղաքական գնահատականը, փորձում է ողջ մեղքը բարդել անձերի վրա։ 90-ից սկսած ձևավորված համակարգի խնդիրների համար մեղավորներ նշանակելով՝ խույս է տալիս իրական գնահատականներից, ինչն իր հերթին թույլ չի տալիս գտնել ու լուծել հիմնական խնդիրը։

Ինչպե՞ս էին կեղծվում ընտրությունները և ում շուրջ էին կոնսոլիդացվում քաղաքական ու տնտեսական վերնախավը, արդեն այնքան էլ էական չէ․ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք հայտ կներկայացնեն լինել այդ խավի լիդերը։ Հատկապես հետաքրքրական է, որ մի ժամանակահատվածում հանրությունը միավորվում էր այդ համակարգի խորհրդանիշ դարձած որևէ լիդերի դեմ, իսկ որոշ ժամանակ անց հանրությունը կոնսոլիդացվում էր նույն մարդու շուրջ, որը կորցրել էր իշխանությունը ու արդեն ընկալվում է որպես փրկիչ, ու հանրությունը կոնսոլիդացվում է արդեն ընդդեմ նոր «չարիքի»։

Որևէ անձ չի կարող լինել բացարձակ չարիք՝ կեղծել ընտրությունները, ունեզրկել բոլորին, մարդ սպանել և այլն։ Միմիայն համապատասխան համակարգի առկայության դեպքում է դա հնարավոր անել, որտեղ անձի դերն արդեն էական չէ։ Սա է անցած համակարգի չափազանց հակիրճ քաղաքական գնահատակը։ Նույնը կարելի է ասել համակարգված կոռուպցիայի ու մյուս արատավոր երևույթների մասին։ Անցած համակարգի խնդիրների անձնավորումը ազնիվ նպատակներ չի հետապնդում։ Դա նշանակում է՝ գտնել քավության նոխազներ, դրա դիմաց պահպանելով համակարգը։

Ինչո՞ւ է անհրաժեշտ տալ այդ երևույթների քաղաքական գնահատականը։ Որովհետև, առանց բացահայտելու դրանց խորքային, համակարգային պաճառները, սոցիալ-քաղաքական հարաբերությունների էությունը, հնարավոր չի լինի փոխել իրավիճակը։ Ցանկացած քաղաքական գնահատականից արդեն բխում է գործողությունների ճանապարհային քարտեզն ու նոր աշխարհայացքի արժեքային համակարգը։ Հակառակ դեպքում կարելի է ամեն ինչի մեջ մեղադրել երեք նախագահներին, սակայն չտեսնել բուն պատճառները։ Անձերի դեմ պայքարը հանգեցնում է անցած երեսուն տարվա համակարգային անօրինականությունները մոռացության տալուն և դրանց նոր դրսևորումների հավանականության մեծացմանը։

2018-ին տեղի ունեցածը հնարավոր կլիներ անվանել հեղափոխություն, եթե լուծվեին երկու հիմնարար խնդիրները․

  • հանրության կողմից ճանաչել տալ սեփականության լեգիտիմությունը՝ դրան ուղղված քաղաքականություն վարելով (պարզ է, որ չեն կարող կայանալ տնտեսությունն ու քաղաքական համակարգը՝ առանց սեփականության անձեռնմխելիության համակարգի),
  • հաշտեցնել հասարակությանը։

Մնացած խնդիրները կարող են լուծվել միմայն դրանցից հետո։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը