Քաղաքական

23.02.2011 17:07


Վահան Հովհաննիսյան. « Հայաստանում կարող է լինել բոլորովին այլ բան, բայց՝ նույն բովանդակության»

Վահան Հովհաննիսյան. « Հայաստանում կարող է լինել բոլորովին այլ բան, բայց՝ նույն բովանդակության»

Հայաստանում արաբական աշխարհի բողոքի ալիքի կրկնվելը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անհավանական չի համարում։

Բոլոր նրանք, ովքեր իրենք իրենց քնեցնելու և հանգստացնելու փորձեր են անում՝ ասելով, թե Հայաստանում սոցիալական ապստամբություն հնարավոր չէ, Հայաստանում ժողովուրդն այնքան բարձր մակարդակի վրա է, որ միայն քաղաքական ուղղությունների է հետևում և այլն, սա խաբկանք է, այդպես չէ,–ասել է Վահան Հովհաննիսյանը և հավելել, որ եթե մեր հասարակութունն այդքան բարձր մակարդակի վրա լիներ, բոլոր քաղաքական ուժերը ստիպված չէին լինի քննարկել, օրինակ, ընտրակաշառք երևույթը։–Այդպես չէ, և ցավոք՝ այն, ինչ ռուսական տերմինաբանությամբ կոչվում է «голодный бунт», հնարավոր է ցանկացած երկրում։

Նա նշել է, թե խնդիրը այն է, որ իշխանությունը պետք է կարողանա համարժեք միջոցներով վերացնել նման ցնցումների վտանգը, ինչը, սակայն, Հայաստանում տեղի չի ունենում։ Նրա խոսքերով՝ Հայաստանում ցնցումները կարող են ձեռնտու լինել միայն ծայրահեղականներին, ովքեր թքած ունեն, թե ինչ կլինի երկրի հետ, միայն թե իրենք իշխանության գան։

Ոչ մի նորմալ, առողջ քաղաքական ուժ Հայաստանում ցնցումներ չի ուզում։ Միայն կառավարությունը կարող է այդ սպառնալիքը վերացնել, ինչը չի անում։ Ուրեմն՝ այո՛, ցավոք սրտի՝ հնարավոր է,–ընդգծել է նա։

Նա ընդգծել է նաև, որ ուշադրություն պետք է դարձնել, թե ինչպես են արևմուտքից դեպի արևելք փոխվել արաբական աշխարհի ապստամբությունների թեմաները, և եթե Թունիսում հակակոռուպցիոն պայքար էր, Եգիպտոսում արդեն ժողովրդավարության խնդիր բարձրացավ, Բահրեյնում կրոնական խնդիր առաջ եկավ, իսկ այն, ինչ տեղափոխվում է Իրան, կարող է արդեն ազգային բնույթ կրել և այլն.

Այսինքն՝ բոլոր տեղերում չի կարելի տեսնել բոլորովին նույն սցենարը։ Միգուցե դրդապատճառն ու մեթոդաբանությունը նույնն են, բայց ֆոնն անպայման տարբեր է լինում։ Պրիմիտիվ է մտածել, թե Հայաստանում կարող է կրկնվել այն, ինչ Թունիսում կամ Եգիպտոսում։ Հայաստանում կարող է լինել բոլորովին այլ բան, բայց՝ նույն բովանդակության, որովհետև եթե ժողովուրդը տեսնում է, որ այլևս ապագան բոլորովին մշուշոտ է, և նա իր երեխաների ամենօրյա ապրուստն ապահովել չի կարող, նրան այլ բան չի մնում։ Իսկ այս վերջին թանկացումները և երկրի բիրտ ղեկավարումը շոկային թերապիայի մեթոդներով, որը Հայաստանի համար ուշացած է, այդ վտանգը պարունակում են։

Վ. Հովհաննիսյանը նշել է, թե հենց այդ պատճառով է, որ իրենք փորձում են ժողովրդին բացատրել, որ այս վիճակը ստեղծվել է մի պարզ պատճառով՝ հայ հասարակությունն ընդհանրապես դադարել է իրար հետ կապել ընտրություններ և իշխանություն երևույթները։

Մեր ժողովուրդը կարծում է, թե իշխանությունը ինչ–որ մի բան է, որ անկախ ամեն ինչից՝ շարունակվելու է, իսկ ընտրությունները՝ մի միջոցառում, որին ինքը ժամանակ առ ժամանակ մասնակցում է, որ 5–20 հազար դրամ ստանա։ Ինքը չի կապում դրանք իրար հետ. սպանել են իր մեջ այդ թելը, պոկել են այդ կապը։ Մենք փորձում ենք բացատրել, որ այդ կապը կա, վերցրո՛ւ այդ կապը քո ձեռքը։ Այդ դեպքում դու կկարողանաս պահանջել իշխանությունից այն, ինչ համարում ես ճիշտ։ Սա, այո՛, ընդդիմության դերն է։ Բայց ընդդիմությունը չպետք է թույլ տա նաև, որ ցնցումներն ընդհանրապես խորտակեն այս երկիրը, որովհետև Լիբիայի կողքին Ադրբեջան չկա,–ասել է Վահան Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը