Մեկնաբանություն

23.02.2011 19:26


Գնաճի պատասխանատուները և մեր անելիքը

Գնաճի պատասխանատուները և մեր անելիքը

Նախորդ տարին, ըստ պաշտոնական վիճակագրության, ամփոփեցինք շուրջ 10% գնաճով։ Այժմ էլ գներն օր–օրի աճում են։ Փաստորեն, Կենտրոնական բանկը չի կատարում սահմանադրությամբ նախատեսված պարտականությունը և չի ապահովում գների կայունությունը։ Բայց նկատենք, որ այս հարցում ԿԲ–ի մեղքն ամենամեծը չէ։ Ճիշտ է, նա թանկացումների ուղղակի պատասխանատուն է, սակայն ակնհայտ է, որ Հայաստանում գներն աճում են գործադի՛ր իշխանության նախաձեռնած քայլերի հետևանքով։ Իսկ քայլերն այդ ուղղված են բյուջեն լցնելու անվան տակ սեփականության վերաբաշխում իրականացնելուն և մեկ մարդու օգտին տնտեսություն կառուցելուն։

Սերժ Սարգսյանի և նրա գործիք վարչապետի վարած տնտեսական քաղաքականության հետևանքով գործարարության բոլոր շերտերն այժմ հայտնվել են չափազանց վատ վիճակում. և՛ սպառում չկա, և՛ տնտեսվարող սուբյեկտներին  ստիպում են բավարարել Սերժ Սարգսյանի ու իր երիտշրջապատի ֆինանսատնտեսական ախորժակը։ Գործարարներն այս ամենին այլ կերպ չեն կարող արձագանքել, քան գին բարձրացնելը։ Բա ուրիշ ի՞նչ անեն։

Բնականաբար, բոլորս դժգոհ ենք մեզանում ձևավորված տնտեսական հարաբերությունների փիլիսոփայությունից և շատ վատ է, որ, մասնավորապես, գները բարձրանում են, բայց նախ պետք է հասկանալ, թե ինչու է այդպես։ Տնտեսական վիճակի ու թանկացումների հիմնական պատճառներն են.

  1. ՀՀ–ում ձևավորված կլանաօլիգարխիկ համակարգը, որի շրջանակներում տնտեսության հիմնական մասը գտնվում է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ապրանքային մի շարք շուկաներում կան մենաշնորհներ կամ օլիգոպոլիաներ,
  2. Սերժ Սարգսյանի ցանկությունը՝ ի դեմս իրեն ձևավորել «մեկ օլիգարխի տնտեսություն»։

Դատելով ընթացիկ զարգացումներից՝ ստացվում է, որ փոխարենը իշխանությունը բարեփոխումներ անելու՝ գնում են է՛լ ավելի կենտրոնացված տնտեսական համակարգ ձևավորելու ճանապարհով՝ մի քանի տասնյակ ընտանիքների տնտեսությունը ձգտելով դարձնել մեկ ընտանիքի, ինչն ավելի անընդունելի է, քան այսօրվանը, իսկ վարչապետի դեմագոգիկ ճառերն ընդամենն արվում են սերժսարգսյանական քայլերը քողածածկելու նպատակով։

Այս ամենի հետևանքով  ձևավորվել է շատ կեղտոտ մթնոլորտ։ Մի կողմից իշխանությունները ճնշում են բիզնեսին և դրանով իսկ նպաստում գործարար միջավայրի վատթարացմանն ու գների աճին, իսկ երբ մյուս կողմից բիզնեսն այդ ամենին  արձագանքում է գների բարձրացմամբ կամ սեփական կապիտալի արտահանմամբ, Բաղրամյան 26–ում հավաքված ջահելությունն իր վերահսկողության տակ գտնվող խիստ «ընդդիմադիր», բայց «պատասխանատու» լրատվամիջոցներին քսի է տալիս «էդ գործ անողների» վրա և փորձում  ձևավորել հասարակական կարծիք, ըստ որի՝ գները բարձրանում են, քանի որ «սրանք» վատն են, ու որպեսզի դա չլինի, պետք է փոխել բիզնեսի սեփականատերերին։ Արձանագրենք, որ սա տիպիկ բոլշևիկյան քաղաքականություն է, որի քարոզչական «կտերը» միգուցե ոմանք «ուտեն», բայց դա երկար չի կարող տևել. մի օր մարդկանց մեծ մասը կհասկանա, թե ինչն ինչոց է, իսկ մենք էլ մեր կողմից կնպաստենք նրան, որ ավելի շուտ հասկանան։

Իրականությունն այն է, որ Հայաստանում տնտեսական վիճակի վատացումը ո՛չ թե միջազգային ճգնաժամի, ո՛չ թե հայ գործարարների վատ աշխատանքի, այլ, պարզ ասած, Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի գլխավորած թիմի մտածողության ու անսահման  ագահության հետևանք է։ Այս պարզ ճշմարտությունը հասարակությունը պետք է ընկալի, որպեսզի կարողանա ճշգրտել դժգոհության թիրախը և պայքարել տնտեսական հիվանդությունները ծնող պատճառների, այլ ոչ թե հետևանքների դեմ։

Իշխանությունը երազում է կառուցել «Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգ։ Դա նրանց գործն է, իսկ հանրության գործն էլ պետք է լինի թուրքմենբաշիզմ թույլ չտալն ու բաց համակարգ ստեղծելը։ Այսինքն՝ պետք է գնա տեսակների պայքար՝ «Հայաստանակենտրոն մտածողություն ունեցողներն ընդդեմ պետությունը կանխիկ փողից ցածր գնահատող անհայրենիք նեոբոլշևիկների» հակադրությամբ։ Եթե այս պայքարում հաղթեն մեր տնաբույծ նեոբոլշևիկները, ապա կպարտվի Հայաստանը, և հակառակը։ Ուստի պետք է հանրության բոլոր շերտերի ներգրավմամբ թույլ չտալ ՀՀ–ն դեպի պարտության տանող քաղաքականության կյանքի կոչումը, ինչ է թե մի հոգի որոշել է սեփականաշնորհնել իր «յուրայինների» սեփականությունը և երկիրը տանել փորձությունների։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը