Լրահոս

25.02.2011 00:01


«...ստիպված կլինենք անցնել մեր պլանավորված ծայրահեղ գործողություններին»

«...ստիպված կլինենք անցնել մեր պլանավորված ծայրահեղ գործողություններին»

Մենք` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներս, ստանալով ՀՀ Կառավարության փետրվարի 24-ի նիստի ժամանակ ընդունված` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մի մասի մաքսազերծման համար անտոկոս վարկեր տրամադրելու մասին լուրը, վերլուծելով ՀՀ վարչապետի եւ այլ պաշտոնյաների խոսքերն այդ խնդրի շուրջ, ինչպես նաեւ անցած 18 օրերի մեր պայքարի ընթացքը, հայտարարում ենք հետեւյալը.

1. Ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը, այնուհանդերձ, որոշեց աննշան փոխզիջման գնալ եւ մեր մեքենաների մի մասի (մինչեւ 2005 թիվն արտադրված, մինչեւ 5 մլն դրամ մաքսային արժեքով եւ մինչեւ 2011 թվի փետրվարի 5-ի գնված ավտոմեքենաների) մաքսազերծման համար անտոկոս վարկ տրամադրել: Սակայն, կարծում ենք, որ այդ հնարավորությունից կօգտվեն մաքսազերծման խնդրի առաջ կանգնած ավտոմեքենաների տերերի փոքրաթիվ մասը, մեր կարծիքով` հազիվ 5-10 տոկոսը: (Այստեղ չեն հաշվված այն փոքրաթիվ վարորդները (ըստ կառավարության այսօրվա հաղորդման, մոտ 4000 (իսկ մի քանի օր առաջ, ՊԵԿ-ի պաշտոնյաները հրապարակել այդ մեքենաների 46.000 թիվը) ավտոմեքենաներից 438-ը), ովքեր ֆինանսական այսօրինակ խնդիրներ չունեն եւ առանց այդ վարկերի էլ մաքսազերծում են ու մաքսազերծելու են իրենց մեքենաները): Կառավարությունը հաճույքով նշում է օրենսդրական այս փոփոխության հետեւանքով մաքսազերծված մեքենաների թիվը, բոլորովին չհետաքրքրվելով այս ընթացքում Վրաստան տարված եւ հապճեպ, խիստ էժան գներով վաճառված ավտոմեքենաներով, դրանից տուժված իր քաղաքացիներով եւ այդ միտման հետագա շարունակությամբ: 2. Կառավարությունը այդպես էլ խորամուխ չեղավ բուն խնդրի մեջ, որ հարուցել էր ինքը` հազարավոր վարորդներին հարկային թակարդի մեջ գցելով: Անտոկոս վարկի տրամադրումը նույն է, թե կառավարությունը իր գրպանից մյուս գրպանը դրամ է տեղափոխում եւ մեզ ստիպում լցնել իր առաջին գրպանը, պարտադրելով, այնուամենայնիվ, մեքենաներն անմիջապես մաքսազերծել, վարկ ստանալ եւ մեքենաները` վարկի դիմաց գրավ առնելով` դառնալ վարկային պատանդ, չունենալ այդ մեքենան օտարելու, գուցեեւ` արտասահման ուղեւորվելու հնարավորություն ամբողջ այն ընթացքում, քանի դեռ վարկը չենք փակել: (Հայտնի է, որ գրավադրված ավտոմեքենաների մեծ մասի դեպքում նրանց տեղաշարժը ՀՀ սահմաններից դուրս սահմանափակվում է): Կառավարությունը թող ինքնախաբեությամբ չզբաղվի` անտոկոս վարկը հարցի լուծում չէ: 3. Կառավարության ու ՀՀ Ազգային Ժողովի վերաբերմունքը եւ ուշադրությունը մեր շարունակական զանգվածային բողոքներին եւ խնդրին գնահատում ենք անբավարար: Նրանք այդպես էլ չկամեցան հասկանալ մեր խնդիրներն ու պահանջները, ըստ էության բացառեցին որեւէ երկխոսություն, հրաժարվեցին այս հարցի շուրջ հանրային լսում կամ քննարկում կազմակերպելու գաղափարից, չկատարեցին որեւէ ընդառաջ քայլ մեր ներկայացրած չորս պահանջերի ուղղությամբ: Մասնավորաբար. ԱԺ փոխխոսնակ Ս.Բալասանյանը կտրուկ հրաժարվեց իր օրենսդրական նախաձեռնությունից, որով նախատեսվում էր մինչեւ 2013 թվի վերջը վարորդներին մեքենաները մաքսազերծելու ժամանակ տալ: ՀՀ ԱԺ պատգամավոր Մ.Գրիգորյանը քննարկում էր նախաձեռնել փետրվարի 25-ին` ԲՀԿ պատգամավորների, ՊԵԿ ներկայացուցիչների եւ վարորդների մասնակցությամբ, այնինչ այսօր տեղեկացրեց, որ քննարկումը տեղի չի ունենա: ԱԺ պատգամավորները ըստ էության չարձագանքեցին «Ժառանգություն» պատգամավորների` այս հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկին: Արդյունքում, Հայաստանում Վրաստանից ներկրվող ավտոմեքենաների համար փաստացի պահպանվեց մաքսազերծման այն ռեժիմը, ինչ մտցրել են 2011 թվի փետրվարի 5-ից, եւ` մաքսազերծման այն անհասկանալի գնային համակարգը, ինչ գործում է արդեն մի քանի տարի: 4. ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի այսօրվա այն միտքը, թե «Մենք ունենք հանրապետության նախագահի հստակ հանձնարարությունը` մշակելու սոցիալական փաթեթ, որն օգնելու է մեր քաղաքացիներին` լուծելու սոցիալական հարցերը», ուղղակի խոսում է այն մասին, որ իշխանությունը նախ ընդունում է իր քաղաքացիներին ծանր սոցիալական կացության մեջ դնելու որոշումներ, ապա միայն` գլխի ընկնում, որ հարկավոր է առաջացած սոցիալական հարցերը լուծել, կարծես, հնարավոր չէր ժամանակին խորությամբ ուսումնասիրել բոլոր այն բարդացումները, որոնք առաջանալու էին «բյուջե լցնելու» համար մեր դեմ կազմակերպված այս գրոհի հետեւանքով: 5. Մենք վերահաստատում ենք մեր` փետրվարի 18-ի հայտարարության մեջ նշված միտքը, որ ՀՀ Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի ՀՀ ԱԺ կատարած, խնդրո առարկա փոփոխությունների բերումով չենք կարող սպասել մեր խնդիրների լուծման ուղղությամբ պատշաճ արձագանքի, ավելի, քան մինչեւ փետրվարի 28-ը` ներառյալ: Այսպիսով, եթե մինչ այդ ՀՀ կառավարությունը չթողնի իր կոսմետիկ միջոցառումներն ու չանցնի խնդրի իրական լուծումների, ստիպված կլինենք անցնել մեր պլանավորված ծայրահեղ գործողություններին, այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով հանրությանը եւ իշխանություններին:

Շիրակի մարզում գտնվող վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդ ՀՀ քաղաքացիներ Հայտարարությունը ընդունվել է Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերի վարորդների փետրվարի 24-ի ընդհանուր ժողովում:

Այս խորագրի վերջին նյութերը