Կարծիք

31.12.2019 22:51


Ճանապարհելով «խոզին» և դիմավորելով «առնետին»

Ճանապարհելով «խոզին» և դիմավորելով «առնետին»

Խոզի տարում շատ խոզություններ ու կեղտոտություններ տեսանք։

Թեև հայտարարվեց, որ լափաման այլևս չկա, բայց 2019–ին խոզի պես լափողների պակաս չկար։

2020–ին խոզից էստաֆետն ընդունում է առնետի տարին։ Պետք է այնպես անել, որ այդ կրծող կենդանու անունը կրող տարվա ընթացքում ամեն մեկը գտնի իր իրական տեղն այս կյանքում ու հայտնվի բնական կեցավայրում։

Առնետի տարում այլոց հաշվին պարազիտի պես սնվողների քաղաքական վախճանի տարի պետք է հայտարարել ու հասնել կոնկրետ արդյունքի։

Ի դեպ, «առնետն» այնքան սարսափելի չէ, որքան իրեն ներկայացնում է։

Միշտ հիշեք, որ «առնետը» պետական բյուջե մսխող սովորական «մուկ» է, պարզապես իրեն հրամցնում է որպես ավելի հզոր մի դեմք։ «Առնետը» լավ գովազդված ու ահագին փիառ արված «մուկն» է։ «Մուկն» «առնետ» է դառնում մկնամբոխի շնորհիվ։ «Առնետը» պոպուլիստ, շատակեր ու խափլան «մուկն» է։

Մի խոսքով, գալիք տարվա ընթացքում պետք է անել այնպես, որ «առնետը» վերադառնա իր ակունքներին ու հիշի, թե ով է եղել միշտ և ինչով է զբաղվել։

Մաղթանքս հետևյալն է. մեր երկրին՝ խաղաղություն, սահմանապահներին՝ բարի ծառայություն, բանակին՝ արժանավոր գերագույն գլխավոր հրամանատար, պետությանը՝ գաղափարական ու կոմպետենտ իշխանություն, հասարակությանը՝ ամբոխի չվերածվելու կարողություն, քաղաքական մարդկանց՝ ողջամտություն, սեփական «ես»–ից այն կողմ տեսնելու ցանկություն և համարժեքություն, մամուլին՝ ֆինանսական անկախություն, տնտեսությանը՝ ապաբոլշևիկացում, քաղաքական մեծամասնությանը՝ ապաշարիկովացում և ապաշվոնդերացում, բյուջեին՝ մսխումազերծ տարի, դատավորներին՝ արժանապատվություն, արցախահայությանը՝ ճիշտ ընտրություն կատարելու հասունություն, ոմանց՝ չտես–գյոռմամիշությունից ազատագրում (թերևս, չիրականացվող մաղթանք), ԱԱԾ–ին՝ համբերություն, ոստիկանությանը՝ վերևից եկող սադրանքներին չտրվելու խելամտություն, քաղբանտարկյալներին՝ ազատություն, կառավարությանը՝ փոփոխություն, պողոսներին՝ պողոսություն, թիմակիցներիս ու գաղափարական ընկերներիս՝ նպատակասլացություն, վճռականություն, կամք և հաղթանակ։

Շնորհավոր Նոր տարի։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը