Քաղաքական

17.01.2020 15:17


Խափանման միջոցն ինքնանպատակ չէ. պաշտպանն Արա Բաբլոյանի խափանման միջոցի հարցը բողոքարկել է դատախազություն

Խափանման միջոցն ինքնանպատակ չէ. պաշտպանն Արա Բաբլոյանի խափանման միջոցի հարցը բողոքարկել է դատախազություն

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել հսկող դատախազին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Արամ Վարդևանյանից։

ԱԺ նախկին նախագահի պաշտպանի խոսքով՝ ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ ցանկացած միջնորդություն, եթե մերժվում է, պետք է պատճառաբանված լինի, սակայն Արամ Վարդևանյանը նկատեց՝ երկու նախադասությունը և մեկ թերթից բաղկացած որոշումը չի կարող պատճառաբանություն համարվել ո՛չ Հայաստանում, ո՛չ աշխարհի ցանկացած երկրում։

«Որոշման մեջ նշված է. Արա Բաբլոյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ։ Հնարավոր է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորվի։ Երբ նման նախադասություն է հիշատակվում, համաձայն ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի և քրեական դատավարության օրենսգրքի՝ պետք է հիմնավորվի փաստական տվյալներով և կամ ապացույցներով, սակայն նման փաստական տվյալ կամ ապացույց չի ներկայացվել»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Խափանման միջցը պատշաճ վարքագիծ ապահովելու գործիք է։ Պաշտպանի վստահեցմամբ Արա Բաբլոյանն այս ողջ ընթացքում մշտապես դրսևորել է պատշաճ վարքագիծ։ Բացի այդ, Արամ Վարդևանյանը նշում է՝ Արա Բաբլոյանի դեմ չկա ոչ մի ցուցմունք կամ օբյեկտ, որի նկատմամբ խոչընդոտելու ռիսկ տեսականորեն հնարավոր լինի։

«Ըստ էության 300-րդ հոդվածի մասով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, իսկ 314-րդ հոդվածը, որը մեղսագրվում է, սակայն իրականության հետ որևէ աղերս չունի, համաներման տակ է։ Այսինքն դրանով պատիժ ամեն դեպքում չի կարող լինել։ Հետևաբար ի՞նչ հնարավոր ոչ պատշաճ վարքագծի մասին է խոսքը։ Հետևաբար բողոքարկել եմ և հետևողական եմ լինելու, որովհետև խափանման միջոցն ինքնանպատակ չէ»,-հավելեց Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Վերջինս հայտարարել է՝ պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար։ Դեկտեմբերի 13-ին հայտարարվեց նախաքննության ավարտի մասին, սակայն դեկտեմբերի 24-ին հայտնին դարձավ, որ դատախազություն չի հաստատել մեղադրական եզրակացությունը ու գործը վերադարձրել նախաքննության։

Ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ դատախազը համամիտ չի եղել Արա Բաբլոյանի գործողություններին ՀՔԾ քննիչի տված իրավական գնահատականի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը