Լրահոս

28.02.2011 14:09


Բողոքի գործողություն նախարարության շենքի առջև՝ 300 մարդ գործազուրկ է դարձել

Բողոքի գործողություն նախարարության շենքի առջև՝ 300 մարդ գործազուրկ է դարձել

2010թ. նոյեմբերին կառավարությունը որոշում կայացրեց կենսաթոշակների վճարման նոր կարգի մասին։ Նախ մտցվեց անկանխիկ վճարումների համակարգը, ապա կենսաթոշակների վճարման իրավունքը հանձնվեց «Հայփոստ» ընկերությանը, որի հետևանքով սոցիալական ապահովության համապատասխան բաժնի լուծարումից հետո մոտ 300 աշխատակիցներ գործազուրկ դարձան, և այս կապակցությամբ սկսվեցին բողոքի գործողություններ  իրականացնել կառավարության մոտ՝ պահանջելով աշխատանք ու իրենց վերջնահաշվարկը:

Կառավարությունը կարծես թե արձագանքեց այս բողոքին, և «Հայփոստը», որին վստահվել էր թոշակների բաշխման գործը, խոստացավ այս աշխատակիցներին ընդունել աշխատանքի, սակայն հետո պարզ դարձավ, որ 300 հոգուց միայն 30 հոգի է աշխատելու:

Բացի դա, կառավարությունը որոշում է կայացրել, որ թոշակների բաժանումը տրվելու է ոչ միայն բանկերին և «Հայփոստին», այլ նաև  վճարահաշվարկային 4 կազմակերպությունների, որոնք էլ պայմանագրեր էին կնքել շուրջ 130 մարդու հետ, որ մարտի 1–ից անցնեն աշխատանքի և կրկին թոշակներն իրենք բաժանեն, սակայն ինչ–ինչ պատճառներով նշվում է, թե վճարահաշվարկային այդ կազմակերպությունները թոշակների բաշխմամբ զբաղվել չեն կարող։

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև այս կապակցությամբ կրկին ցույց էր։

–Վճարահաշվարկային կազմակերպությունները բավական գումարներ ծախսեցին, տարածքներ վերձեցին, բայց պարզվեց, որ գործընթացը դադարեցվել է։ Ասում են՝ դեռ հայտնի չէ, ու գուցե ապրիլի 1–ից սկսենք աշխատել։ Մենք դեկտեմբերից գործազուրկ ենք, ու կառավարության հերթական որաշմամբ մարդիկ էլի չեն շախատելու։ Ու սա բարեփոխումների ծրագի՞ր է կոչվում։ Դեկտեմբերի վերջից առայսօր գործազուրկ ենք։ Ես չեմ հասկանում՝ 3–4 ամիս առանց աշխատանքի այս ձմռան շեմին կարելի՞ է թողնել։ Նեուժելի այս կառավարության մտքով չի անցնում, որ այս ժողովրդին աշխատանք տա, ոչ թե գործազուրկ դարձնի։ Մենք չենք ուզում մուրալ, մենք ուզում ենք  աշխատել։ Չի կարելի այսքան արհամարհել ժողովրդին։ Չեն ուզում՝ այս մարդիկ ապրեն, հաց ուտեն, իրենց օրվա հացի փողն աշխատեն։ Վարչապետն այսօր ասում է, թե վարկեր է տալիս։ Բա որ վարկը տալիս է՝ ինչո՞վ վճարեմ,  եթե աշխատանք չի տալիս, դեռ ունեցածս աշխատանքն էլ խլում է։ Չի կարելի այսքան արհամարհել մարդկանց, արդեն հասել է գագաթնակետին,–բողոքում էին նախարարության շենքի մոտ հավաքված ցուցարարները։

Այս ընթացքում բողոքողների 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը բարձրացել էր նախարարություն։ Նրանց ընդունել էր անձամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, որը նշել էր, թե անճշտություններ ու տեխնիկական թերություններ կան, և իրենք 3 օրվա ընթացում կպատասխանեն՝ մարդիկ կկարողանա՞ն աշխատանքի անցնել, թե՞ ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը