Լրահոս

28.02.2011 17:37


Տ. Խզմալյան. «Իրենք միլիոնատերերի ակումբ են դարձրել մեր խորհրդարանը»

-Իրենք փորձում են չլսեն մեզ։ Իրենք միլիոնատերերի ակումբ են դարձրել մեր խորհրդարանը, որտեղ մեր կամքը, մեր խոսքը պետք է հնչեր,-այսօր Մատենադարանի դիմաց «Ժողովրդական» կուսակցության նախագահ, ԱԼՄ հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանի հրավիրած հանրահավաքին ելույթ ունենալով՝ ասել է «Սարդարապատ»–ի նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը՝ նշելով, թե ժողովուրդը հիմա փողոց է դուրս եկել, որպեսզի ստիպի, որ իրեն լսեն։

Նա նաև հավելել է, թե ժողովուրդը իրեն լսել կստիպի միայն ուղիղ ժողովրդավարությամբ, այլ ոչ թե ընտրություններով.

-Որովհետև ընտրությունները մեր երկրում վաղուց արդեն դարձել են մի խաղասրահ, կազինո, իսկ դուք գիտեք, որ կազինոյում հաղթել հնարավոր չէ։ Եվ մարդիկ, ովքեր հիմա ասում են, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, կա՛մ միամիտ են, կա՛մ մեղսակից։

Տիգրան Խզմալյանը նաև նշել է, թե ընդդիմությունը կամ կուսակցությունները միայնակ ոչինչ չեն կարղանա անել, միայն ժողովուրդը, նրա համախմբվածությունը կարող է ինչ-որ արդյունք տալ արդարության համար մղվող այդ դժվարին պայքարում։

-Երեք խնդիր ունի հայ ժողովուրդը հիմա, երեքն էլ Ա-ից են սկսվում. ազատություն, արդարություն, արժանապատվություն։ Միասին մենք կհաղթենք,-եզրափակել է իր խոսքը «Սարդարապատ» նախաձեռնության անդամը։

Այս խորագրի վերջին նյութերը